Օգոստոսի 1-ին արևմտյան բանտերից Ռուսաստան վերադարձավ ութ մարդ, որոնց դիմաց Կրեմլն ազատ արձակեց 16 բանտարկյալի: Մոսկվա վերադարձածների թվում էր հետախույզ Պաբլո Գոնսալեսը՝ նույն ինքը Պավել Ռուբցովը, որը ձերբակալվել էր ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին՝ Լեհաստանում։ Ռուսաստանի և Իսպանիայի քաղաքացի Գոնսալեսը մի քանի տարի աշխատել է որպես լրագրող և ռազմական թղթակից, նա ակտիվ լուսաբանել է նաև 44-օրյա պատերազմը։ Գոնսալես-Ռուբցովը շփվել է ռուս ընդդիմադիրների հետ և նրանց մասին տեղեկություններ փոխանցել Մոսկվային: «Մեդուզան» ուսումնասիրել է պատմական փոխանակմանը մասնակցած ռուս ութ լրտեսներից, թերևս, ամենատաղանդավորի պատմությունը:
Ռուբցովը Մոսկվա վերադարձավ Լեհաստանից, որին ձերբակալել էին 2022-ի փետրվարի 28-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման չորրորդ օրը, ուկրաինական սահմանից յոթ կիլոմետր հեռավորության վրա: Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) համար աշխատելու մեջ մեղադրված ռուսաստանցին ավելի քան երկու տարի է անցկացրել բանտում: Այս ամբողջ ընթացքում նա շարունակում էր պնդել, որ լրտեսություն չի արել, այլ Ուկրաինայից փախստականների մասին ռեպորտաժ է նկարահանել իսպանական լրատվամիջոցների համար:
«Եվ՛ մադրիդյան լրագրողները, և՛ եվրոպական փորձագիտական կազմակերպությունները, և՛ ռուսական ընդդիմությունը նրան ճանաչում էին հենց որպես իսպանացի լրագրող և քաղաքագետ Պաբլո Գոնսալես Յագուե, այլ ոչ թե որպես հետախույզ Պավել Ռուբցով։ Ընդ որում, այս լեգենդը՝ ի տարբերություն այլ բացահայտված լրտեսների, շատ ավելի ամուր էր»,- գրում է լրատվամիջոցը։
Գոնսալես-Ռուբցովը չի ձևացրել, թե իսպանացի է. նա իրականում ծնվել է Իսպանիայից գաղթածների ընտանիքում: Նրա պապը՝ Անդրես Գոնսալես Յագուեին, քաղաքացիական պատերազմից փրկելու համար երեխա հասակում դուրս են բերել երկրից և ուղարկել ԽՍՀՄ: Անդրեսի դուստր Մարիա Ելենա Գոնսալեսն ամուսնացել է խորհրդային գիտնական Ալեքսեյ Ռուբցովի հետ. իրենց որդուն նրանք անվանել են Պավել: «Այդպիսի ընտանիքները միշտ գտնվել են խորհրդային և ռուսական հետախուզության ուշադրության կենտրոնում, նրանց հովանավորում էին, որովհետև նրանք իրենց ծագման շնորհիվ տիրապետում են լեզուների և արտերկրում ազգականներ ունեն, ուստի հարմար են հավաքագրման համար»,- կայքի հետ զրույցում ասել է հատուկ ծառայությունների հետազոտող Իրինա Բորոգանը:
Ամուսնալուծությունից հետո, երբ նա ինը տարեկան էր, մայրը նրան տարել է պատմական հայրենիք՝ Բասկերի երկիր, և անունը փոխել Պաբլո Գոնսալես Յագուե: Գոնսալեսն երկու անուն ուներ մանկուց, բայց դա սկսել է թաքցնել ավելի ուշ: 2003-ին, երբ Պաբլոն 21 տարեկան դարձավ, ստացավ ՌԴ անձնագիր՝ Պավել Ռուբցով անունով:
Գոնսալեսին ճանաչող «Մեդուզայի» զրուցակիցներից ոչ մեկը երբեք նրան ոչնչում չի կասկածել: Պաբլոյի ձերբակալությունից հետո նրա անմեղության համար պայքարում էին և՛ իսպանացի գործընկերները, և՛ նրա երեք երեխաների մայր, իսպանուհի Օիանա Գոիրիենան: Ռուբցովին աջակցել են նույնիսկ Amnesty International և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները. նրանք Վարշավային կոչ են արել ձերբակալվածի նկատմամբ արդար դատաքննություն անցկացնել:
Փոխանակման ընթացքում ՌԴ բանտից ազատ են արձակվել մի քանի ռուս քաղբանտարկյալներ: Նրանցից առնվազն երկու ռուս քաղբանտարկյալների՝ Իլյա Յաշինի և Վլադիմիր Կարա-Մուրզայի հետ Պաբլոն հասցրել էր մտերմանալ՝ օգտագործելով լրագրողի համբավը և իր կապերը ընդդիմության շրջանում: Այժմ երեքն էլ ազատության մեջ են, բայց փոխանակման գործընթացի տարբեր կողմերում:
Գոնսալեսը լրագրողի կարիերա է արել՝ ներկայանալով որպես Արևելյան Եվրոպայի, Բալկանների և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած բոլոր թեժ հակամարտությունների ու չճանաչված տարածքների մասնագետ՝ Դոնեցկից և Մերձդնեստրից մինչև Կոսովո ու Լեռնային Ղարաբաղ:
Եվգենի Բունտմանը, որը «Էխո Մոսկվայի» համար լուսաբանում էր 2020-ի Ղարաբաղյան պատերազմը, «հմայիչ» իսպանացու հետ ծանոթացել է Մարտունի քաղաքում: «Մենք անգլերեն էինք խոսում և Պաբլոն հանկարծ ռուսերենով արձագանքեց՝ «հերն անիծած»,- հիշում է Բունտմանը: – Ես էլ՝ ի՞նչ, դու ռուսերեն ես խոսո՞ւմ: Եվ նա պատմեց, թե ինչպես են նրա տատիկն ու պապիկը փախստական դարձել, եկել ԽՍՀՄ և Մոսկվայում հայտնվել մանկատանը»:
Գոնսալեսը շահել էր «Էխոյի» լրագրողի վստահությունը լրագրողական կանոններին մանրակրկիտ հետևելով. օրինակ՝ կանխում էր Արցախի բանակի սպաների ցանկացած փորձ՝ ազդելու իր հոդվածների բովանդակության վրա: Իսպանացին նաև հակակրանք է ցուցադրել ռուսական քարոզչամեքենայի նկատմամբ: «Հերթական ռմբակոծության ժամանակ մենք հայտնվեցինք մեկ նկուղում RT-ի (ռուսական պետական լրատվամիջոց – խմբ․) երկու խմբի հետ։ Եվ Պաբլոն առաջարկեց հեռու գնալ նրանցից. «Գնանք այն անկյունը։ Եթե մեզ արկակոծեն և ճզմեն, չեմ ուզում, որ իմ ԴՆԹ-ն խառնվի RT-ի ԴՆԹ-ի հետ»,- պատմում է Բունտմանը:
2020-ի հոկտեմբերի 1-ին Մարտունիում զբոսանքի ժամանակ նրանք հայտնվել են ադրբեջանական հրետակոծությունների էպիկենտրոնում: Մի պահ նրանք ռմբակոծված քաղաքի կենտրոնում տեսան հետաքրքիր կադր. հրթիռի պոչամասի կողքին ընկած էր իսպանական «Բարսելոնայի» խորհրդանիշով ծակ, պատռված գնդակ: «Իսպանացի ընթերցողներին պետք է դուր գար,- պատմում է Եվգենին: -Պաբլոն այնտեղ գնաց, և այդ պահին «Գրադով» խփեցին: Մենք ցրվեցինք: Իսկ մի քանի օր անց նա վերադարձավ և վերցրեց այդ գնդակը»:
Բունտմանը հիշում է, որ այդ օրը Le Monde-ի երկու ֆրանսիացիների բախտը չբերեց, որոնք ընկել էին նույն հարվածի տակ. «Մեկը բեկոր ստացավ ազդրի մեջ, իսկ մյուսի որովայնն էր վնասվել, և ոտքը գրեթե պոկվել էր: Պաբլոն և ևս մեկ գործընկեր լուսանկարիչ վազեցին, ամենածանր վիրավորին մեքենա բարձրացրին և տարան հիվանդանոց: Բժիշկները հետո ասացին, որ դա փրկել է նրա կյանքը»:
Այս տարհանման կադրերը նկարահանվել և հայտնվել են System of a Down խմբի Protect the land տեսահոլովակում: «Ընդամենը մի քանի վայրկյան, որոնք մենք վերանայեցինք կադր առ կադր,- պատմում է Բունտմանը: -Ինձնից այնտեղ երևում է աջ ուսը, իսկ Պաբլոն ավելի շատ է երևում: Նա ասում էր, որ իր երեխաներին ցույց է տվել»: