Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2023-ին տված հարցազրույցից հատված, որում նա ասում է, որ Ադրբեջանի հետ 2020-ին պայմանավորվել էին Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ։
Պուտինի հարցազրույցից բացի, այս օրերին մեծ տարածում է ստացել ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի մասնակցությամբ տեսանյութ, որում նա հայտնում է Ռուսաստանի՝ զիջումներ անելու պատրաստակամության մասին, եթե Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Կուրսկի շրջանից։
#CivilNetCheck-ը գնացել է այս երկու տեսանյութերի հետքերով՝ պարզելով, որ դրանցից մեկը կտրված է կոնտեքստից, մյուսն էլ խեղաթյուրված է։
ՌԴ նախագահի մասնակցությամբ տեսանյութն ամբողջական չէ
Տարածվող կարճ տեսանյութում ՌԴ նախագահը, մասնավորապես, ասում է․ «Ի վերջո, մենք, այնուամենայնիվ, պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ, որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն»։
Այս տեսանյութը միայն մեկ օգտատիրոջ էջում ստացել է ավելի քան 1 600 տարածում։ Այն ուղեկցվում է «ամեն ինչ պայմանավորվել են» գրառումով՝ ակնարկելով, որ Պուտինն ինքն է ասում, որ պատերազմն Արցախում պետք է դադարեցվեր Շուշի հասնելուց հետո միայն։
Տարածվող տեսանյութը, սակայն, կտրված է կոնտեքստից։
Պուտինի այս հարցազրույցը տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերի 5-ին «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ։ Հարցազրույցում ՌԴ նախագահն անդրադարձել էր ինչպես ղարաբաղյան բանակցություններին, այնպես էլ մանրամասներ էր պատմել 2020-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։
Եվ Պուտինը հայտնել էր, որ 2020-ի պատերազմի ժամանակ իրեն հաջողվել էր Ադրբեջանի նախագահի հետ համաձայնության գալ, որ ադրբեջանական զորքերը կանգ առնեն, սակայն հայկական կողմը մերժել էր՝ պահանջելով, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ղարաբաղի այն հատվածից, որտեղ հասել էին։ Ըստ Պուտինի՝ հայկական կողմը, չնայած իր նախազգուշացմանը, որ ադրբեջանական զորքերը շուտով կհասնեն Աղդամի շրջան և ամեն ինչ կվերջանա, պնդել է, որ պատրաստ է կռվել։
Դրանից հետո ռազմական գործողությունները շարունակվել են։ Եվ ի վերջո, պայմանավորվել են Ադրբեջանի հետ, որ Շուշիի գիծ հասնելուց և բուն Շուշի մտնելուց հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն։
Պուտինի ամբողջական խոսքը՝ 50:10 րոպեից
Փաստացի համացանցում տարածվում է Պուտինի խոսքի վերջին հատվածը, որը ամբողջական չէ և չի փոխանցում նրա ամբողջ միտքը։
Զախարովան իսկապե՞ս խոսել է զիջումների մասին
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մասնակցությամբ տեսանյութին, որում նա իբր հայտնում է, թե Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել Զապարոժիեի ատոմակայանը Կուրսկի շրջանից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման դեպքում, ապա այն ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է տարածովող տեսանյութին՝ այն անվանելով դիփֆեյք (արհեստական բանականության միջոցով ստեղծված), ինչպես նաև նշել, որ Զախարովան երբեք նման բան չի ասել։
Տեսանյութը վերցված է հուլիսի 18-ին Զախարովայի տված ճեպազրույցից։ Իսկ նրա ձայնի և խոսքի նմանակման համար կիրառվել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ: