Մարիամ Նիկուրաձե, OC Media
Նարգիզա Կապանաձեն իր խորդանոցի մուտքի մոտ, որը տեսանելի ճաքեր ունի դրսից և ներսից. Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.
Վրաստանի արևմտյան Շուքրութի քաղաքում հանքերի դեմ բողոքող ցուցարարները խոստացել են երթ են կազմակերպել դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ծննդավայր՝ այն բանից հետո, երբ դատարանն արգելել է նրանց արգելափակել հանքերի մուտքը:
Սաչխերեի շրջանային դատարանն արգելել է Չիաթուրայի մերձակայքում գտնվող Շուքրութի բնակավայրի բնակիչներին մանգանի մի շարք հանքերի մոտ բողոքի ցույց անել։ Ցուցարարները վերջին հինգ ամիսների ընթացքում արգելափակել են հանքերի մուտքը՝ փոխհատուցում պահանջելով վնասի, իսկ որոշ դեպքերում՝ հանքերի պատճառով իրենց տների ամբողջական փլուզման համար:
Օգոստոսի 8-ին Georgian Manganese-ի ենթակապալառու «Մաղարոելի» ընկերությունը դատի է տվել ցուցարարներին և պահանջել 1,9 միլիոն դոլարի փոխհատուցում` բողոքի ցույցերի հետևանքով կրած վնասի համար:
Հաջորդ օրը դատարանը վճռել է, որ Շուքրութիի բնակիչները չեն կարող արգելափակել հանքի մուտքերը։ Միջանկյալ միջոցն անմիջապես ուժի մեջ է մտել։ Իսկ պաշտպանյալները վճիռը ստացել են օգոստոսի 11-ին։
Շուքրութիի բնակիչները 2019-ից սկսած բողոքի ցույցեր են անում՝ պնդելով, որ գյուղի ներքևում գտնվող մանգանի արդյունահանման հետևանքով վնասվում և ավերվում են իրենց տները: 2024-ի մարտին նրանք կրկին սկսեցին արգելափակել Կորոխնալի և Շուքրութի հանքավայրերի մուտքերը։ Միաժամանակ, բողոքի այլ ակցիաների հետևանքով ժամանակավորապես դադարել է աշխատանքը մի քանի այլ հանքերում։
«Ապօրինի այս խումբը և նրա հանցավոր գործողությունները խաթարում են «Մաղարոելի» ՍՊԸ-ի աշխատանքը՝ դրանով իսկ զգալի վնաս պատճառելով «Մաղարոելի» ՍՊԸ-ին, Georgian Manganese-ին և պետական բյուջեին»,- ասվում է դատական հայցում։
Ընկերությունը դատարանից պահանջել է «բողոքի ցույցերի մասնակիցներին արգելել միջամտել «Մաղարոելի» ՍՊԸ-ի մանգանի արդյունահանմանը։ Առաջին վճռում դատարանը հայտնել է, որ «միանշանակ վտանգ կա», որ ցուցարարները կշարունակեն միջամտել ընկերության աշխատանքին և, հետևաբար, դատարանն անհապաղ կիրականացնի միջանկյալ այս միջոցը: Ցուցարարները, որոնց պնդմամբ իշխանությունները դեռ պետք է գործնականում կիրառեն որոշումը, հայտարարել են, որ բողոքարկելու են այն։
«Մաղարոելի» ՍՊԸ-ի պահանջած փոխհատուցումը դատարանը կորոշի ավելի ուշ՝ գործի բովանդակային քննարկումից հետո։
Շուքրութիի ցուցարարներից Գիորգի Նեպարիձեն OC Media-ին ասել է, որ իրենց բողոքը, անկախ ամեն ինչից, շարունակվելու է։ Ցուցարարները հայտարարել են, որ ծրագրում են օգոստոսի 24-ին երթ կազմակերպել Շուքրութիից դեպի Չորվիլա՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ծննդավայր, և կառավարությունից պահանջելու են հարցի հետաքննություն։ Շուքրութիի բնակիչները հինգ տարի շարունակ հայցում են կառավարության աջակցությունը, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
Շուքրութիի բնակիչները նաև խնդրել են, որ ազգային դատաբժշկական բյուրոն այցելի գյուղ և գնահատի տեղացիների ունեցվածքը: Ելնելով այս անկախ գնահատականից՝ բնակիչները հույս ունեն փոխհատուցում կամ այլընտրանքային բնակարան ստանալ, եթե հանքարդյունաբերության հետևանքով հետագա վնասներ կամ փլուզումներ լինեն:
Տեղական իրավապաշտպան «Սոցիալական արդարադատության կենտրոնի» սոցիալական քաղաքականության տնօրեն Սալոմե Շուբլաձեն OC Media-ին ասել է, որ դատարանի որոշումը չի քննարկում ցուցարարների որևէ իրավունք, ինչպիսիք են սեփականության իրավունքը, անձնական կյանքի անձեռնմխելիության կամ առողջ միջավայրում ապրելու իրավունքը։
Շուբլաձեի խոսքով, հավաքների ազատության իրավունքը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ, մինչդեռ մարդու իրավունքների միջազգային շրջանակը ենթադրում է, որ կարևոր է ցուցարարներին հնարավորություն տալ բողոքելու «իրենց թիրախային լսարանի մոտ»: Իր հերթին, գործարարները պարտավոր են հարգել իրենց գործունեությունից տուժած անձանց հավաքների ազատությունը։
«Բողոքի այս ձևն արգելված չէ»,- ասել է Շուբլաձեն՝ պնդելով, որ դատարանի որոշումը հստակ սահմանափակում է ցուցարարների հավաքների ազատության իրավունքը և «նույնիսկ չի հիմնավորում, թե ինչու է այդ իրավունքով պաշտպանված տարածքում միջամտությունն օրինական»։
Մինչ այս հայցը ընկերությունը փորձել է ուժով վերաբացել հանքերը, և երեք ցուցարարներից յուրաքանչյուրից 370 դոլարի տուգանք է պահանջել՝ «հասարակական կարգը խախտելու» համար:
Կարդացեք նաև՝ Վրացական գյուղում հանքարդյունահանման պատճառով տներ են փլուզվում․ բնակիչները փոխհատուցում են պահանջում