Չինաստանի հետ Վրաստանի միակողմանի հարաբերությունները էական ռիսկեր են պարունակում

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի (2015-16) հոդվածը OC Media-ում։

Վրաստանի կառավարությունն ավելի ու ավելի շատ քայլեր է ձեռնարկում Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ ողջունելով գործընկերության տնտեսական ներուժը, ներառյալ ենթակառուցվածքային մեծամասշտաբ նախագծերը: Սակայն չնայած լավատեսությանը՝ Չինաստանի հետ հարաբերությունները մինչ այժմ գրեթե ամբողջությամբ մնացել են միակողմանի, և իրականում երկիրը խոցելի է դռնում նոր էական ռիսկերի առաջ:

Վրաստանի արտաքին ռազմավարական կողմնորոշման վրա խորապես ազդել են նրա աշխարհաքաղաքական դիրքը, պատմական համատեքստը և արևմտյան կառույցների հետ ավելի սերտ ինտեգրման ձգտումները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին Չինաստանը ի հայտ է եկել որպես Վրաստանի արտաքին քաղաքականության լանդշաֆտի կարևոր դերակատար: Երկու երկրներն ակտիվորեն ձգտել են ամրապնդել իրենց քաղաքական հարաբերությունները մի շարք բարձր մակարդակի այցերի և համաձայնագրերի միջոցով, իսկ Վրաստանում չինական նախաձեռնությունները զարգանում են ուշագրավ տեմպերով, որոնք ընդլայնվում են գրեթե ամսական կտրվածքով։

Չին-վրացական հարաբերություններում առանցքային պահը 2023-ի հուլիսի 31-ին Ռազմավարական համագործակցության մասին հայտարարության հրապարակումն էր, որն ազդարարեց երկկողմ համագործակցության նոր դարաշրջան: 2023-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Չինաստան ավարտվեց ռազմավարական գործընկերության մասին այս հայտարարությամբ, որն ուղղված էր տարածաշրջանային և միջազգային հարցերում քաղաքականության համակարգման և համագործակցության ամրապնդմանը:

Չինաստանն այս գործընկերությունն ընկալել է որպես ռազմավարական մանևր՝ ընդլայնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում, տարածաշրջան, որը Մոսկվան ավանդաբար համարում է իր ազդեցության գոտի: Այսպիսով, Չինաստան-Վրաստան գործընկերությունը կարող է դիտարկվել որպես տարածաշրջանում ավելի մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժի մաս:

Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը և դրանից բխող աշխարհաքաղաքական վերադասավորումները բարձրացրել են Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը։ Չինաստանի ներգրավվածությունը Վրաստանում կարող է վերափոխել տարածաշրջանում առկա դինամիկան, մասնավորապես, քանի որ այն ձգտում է զարգացնել այլընտրանքային առևտրային ուղիներ, որոնք շրջանցում են Ռուսաստանը, օրինակ՝ այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսին է Միջին միջանցքը, որը Չինաստանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով կապում է Եվրոպային:

Բայց չնայած 2016-ից ի վեր չին-վրացական հարաբերությունների խորացմանը՝ չկա որևէ էական տնտեսական ակտիվություն, որի վրա կարելի է հենվել առկա դինամիկան վերափոխելու համար: Մինչ այժմ առաջընթացը և զարգացումները հիմնականում միակողմանի են եղել, և Միջին միջանցքի՝ Անակլիայի խորջրյա ծովային նավահանգստի վրացական առաջատար նախագծի հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն:

Եվ չնայած փոքր ձեռքբերումներին՝ կան մի քանի մտահոգություններ՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսական համագործակցություն, ընդորում՝ այդ համագործակցությունը, կարծես, տարբեր ձևերով մեծապես կենտրոնացած է Չինաստանի վրա:

Չինական ներդրումների պատրանքը

Տնտեսական հարաբերություններում իրական հաջողությունը կարելի է գնահատել ուղղակի ներդրումների աճով և երկիր մուտք գործող ընկերությունների հետաքրքրության աճով, ինչը հանգեցնում է աշխատատեղերի ստեղծմանը և արտաքին կապիտալի հաշվին եկամուտների ավելացմանը:

Պաշտոնական վիճակագրությունն առաջարկում է այս իրականության առավել ճշգրիտ և հուսալի պատկերը, և օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ հրապարակայնորեն հասանելի տվյալները միանշանակ ընդգծում են չինական զգալի ներդրումներ ներգրավելու կառավարության ձախողումը, չնայած զգալի հետաքրքրության մասին բարձրագոչ հայտարարություններին և «անչափելիորեն խորացված» հարաբերություններին:

Վրաստանի վրա չինական ներդրումների իրական տնտեսական ազդեցությունը մնում է նվազագույն: Այս պակասը բացահայտորեն ակնառու է ոչ միայն այն դեպքում, երբ համեմատենք ԱՄՆ-ից և ԵՄ-ից ներդրումների հոսքի հետ, այլ նաև ԵՄ անդամ առանձին երկրների մեծ մասի հետ, ներառյալ փոքր երկրները, ինչպիսիք են Մալթան, Չեխիան և Լյուքսեմբուրգը:

Այլ երկրների հետ համեմատությունն ավելի շատ լույս է սփռում թերությունների վրա։ Այս թվերն ընդգծում են, թե ինչպիսի անհամապատասխանություն կա կառավարության հավակնոտ հռետորաբանության և Չինաստանի հետ ռազմավարական տնտեսական ներգրավվածության շոշափելի արդյունքների միջև։ Թվերն ակնհայտորեն խարխլում են կառավարության հաջողության մասին պնդումները և կասկածի տակ դնում Չինաստանի վրա հենվելու մոտեցման կայունությունն ու հուսալիությունը՝ որպես Վրաստանի արտաքին տնտեսական քաղաքականության հիմնաքար:

Այս իրավիճակին գումարվում է Վրաստանի կառավարության հակվածությունը՝ չինացի ներդրողների հետ շփվելիս անտեսելու այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են թափանցիկությունը, պատշաճ ջանասիրությունը և նախագծերի կառավարումը:

Հիմնական օրինակը ենթակառուցվածքային նախագծերն են, ինչպիսիք են ճանապարհները, կամուրջները և թունելները, որոնք Վրաստանում կառուցում են չինական ընկերությունները: Այսպիսի նախագծերը զգալիորեն ֆինանսավորվում են վրացի հարկատուների կողմից և դրանց համար գումար է հատկացվում պետական ​​բյուջեում։ Չինական ընկերությունները նախագծեր են իրականացնում Վրաստանի կառավարության պատվերով՝ ֆինանսավորվելով և ղեկավարվելով նրա կողմից։ Հետևաբար, նրանց ներգրավվածությունը չի վերաբերում «աճող» տնտեսական համագործակցության կամ երկրի «ուժեղացված տնտեսական գրավչության» հետ։

Ավելին, չինական ընկերությունների հետ առևտրի և ենթակառուցվածքային նախագծերում կառավարության ներգրավվածության աճին խանգարել է թափանցիկության և պատշաճ ջանասիրության ակնհայտ բացակայությունը: Այս սխալ կառավարումը հաճախ հանգեցրել է չինական ընկերություններին ուղղված մեղադրանքների՝ նախագծերը ժամանակացույցի և բյուջեի սահմաններում չկատարելու համար, ինչը հարցեր է առաջացնում այսպիսի համագործակցության արդյունավետության և հուսալիության վերաբերյալ:

Չինական ներդրումներ ներգրավելու և դրանք պատշաճ կերպով կառավարելու անկարությունը ոչ միայն նվազեցնում է պոտենցիալ տնտեսական օգուտը, այլև վտանգում է խթանել կախվածության և տնտեսական պարտադրանքի միջավայրը: Ըստ էության, առանց չինական ներդրումների էական և լավ կառավարվող հոսքի, ռազմավարական գործընկերությունը մնում է ավելի շատ քաղաքական հայտարարություն, քան տնտեսական իրականություն:

Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները՝ վտանգի տակ

Չինաստանի հետ Վրաստանի կառավարության անվերապահ գործընկերությունը տնտեսական և քաղաքական զգալի ռիսկեր է պարունակում։

Ամենակարևոր մտահոգություններից մեկը Չինաստանից տնտեսական կախվածության պոտենցիալն է, որը կարող է օգտագործվել քաղաքական ազդեցության համար։ Տնտեսական հարկադրանքի էական ռիսկ կա այնպիսի գործընկերությունում, որը զուրկ է փոխադարձությունից և անհամաչափորեն ծառայում է Չինաստանի շահերին: Նման պայմաններում Վրաստանը կարող է ստիպված լինել իր քաղաքականությունը համապատասխանեցնել Չինաստանի ռազմավարական նպատակներին, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում:

Սա սպառնում է խաթարել երկրի եվրաատլանտյան ինտեգրացիան՝ պոտենցիալ խափանելով ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու Վրաստանի հավակնությունները:

Գործընկերությունը կարող է ստիպել Վրաստանին՝ աջակցելու Չինաստանին միջազգային հարթակներում, նույնիսկ ի հաշիվ իր և իր արևմտյան դաշնակիցների ազգային շահերի: Այս հարցը հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ Չինաստանի հետ 2023-ի հուլիսին ստորագրած Ռազմավարական հայտարարությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հենց այսպիսի առաջնահերթությունների հետևելու հանձնառություն է ստանձնել։

Եվ ինչպես իր տնտեսական հարաբերություններում, Չինաստանի հետ Վրաստանի քաղաքական գործընկերությունը նույնպես միակողմանի է եղել:

Չինաստանը, որպես ենթադրյալ «ռազմավարական գործընկեր», երբեք չի քվեարկել ՄԱԿ-ում Վրաստանի այն բանաձևերի օգտին, որոնք կոչ են անում ներքին տեղահանված անձանց անվերապահորեն վերադարձնել Վրաստանի օկուպացված տարածքներ: Ավելին, ջանքեր չեն գործադրվել՝ բարձրացնելու Վրաստանի տարածքային ամբողջականության կամ վրացական տարածքից ռուսական զինված ուժերի դուրսբերման հետ կապված հարցեր։

Համագործակցություն հանուն հարմարության

Թեև Վրաստանի համագործակցությունը Չինաստանի հետ չի բխում երկրի շահերից, այն համահունչ է ինչպես Չինաստանի, այնպես էլ Վրաստանի ներկայիս կառավարության ավելի լայն ռազմավարական նպատակներին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեսանկյունից նպատակը Վրաստանը ռազմավարական տեսանկյունից վերադիրքավորելն է, հեռու պահելը իր ավանդական արևմտյան դաշինքներից և ավելի սերտորեն ինտեգրելը Չինաստանի ռազմավարականորեն ընդարձակվող գլոբալ նախաձեռնություններին, ինչպիսիք են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը և «Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը»: Այս ինտեգրումը ձգտում է ամրապնդել Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ առևտրի և դիվանագիտության համար, որոնք շրջանցում են արևմտյան ավանդական ուղիները:

Վրաստանի կառավարության համար այս գործընկերությունն առաջարկում է պրագմատիկ այլընտրանք ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը՝ ապահովելով ենթակառուցվածքների զարգացման կարևոր ֆինանսական ռեսուրսների հասանելիություն՝ առանց արևմտյան կառույցների կողմից սովորաբար պարտադրվող խիստ ժողովրդավարական պայմանների:

Այս այլընտրանքային ֆինանսավորումը հատկապես գրավիչ է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման համար, որոնք էական նշանակություն ունեն Վրաստանի տնտեսական արդիականացման և փոխկապվածության համար, բայց որոնց հակառակ դեպքում կարող են խոչընդոտել արևմտյան օգնության և ներդրումների հետ կապված պայմանները:

Վրաստանի համար չափազանց կարևոր է վարել արտաքին քաղաքականություն, որը պաշտպանում է իր ինքնիշխանությունը և ժողովրդավարական արժեքները, ինչպես նաև իր իսկական տնտեսական շահերը, մի բան, որ հակասում է Չինաստանի կառավարության հետ նրա գործարքին:

Թինաթին Խիդաշելին 2012-2015 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, 2015–2016-ը զբաղեցրել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այժմ նախագահում է վրացական Civic IDEA վերլուծական կենտրոնը, որը մշտադիտարկում է Չինաստանի ազդեցությունը Վրաստանում և ավելի լայն՝ սևծովյան տարածաշրջանում:

Մեկնաբանել