Լոռու և Տավուշի հեղեղի հետևանքով կենդանիների անկման և ծառերի կորստի դիմաց փոխհատուցում կտրվի

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով վնասներ կրած գյուղատնտեսներին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստի օրակարգում։

Հիմնավորումներում նշվում է, որ գյուղատնտեսական գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ առաջացել են ֆինանսական խնդիրներ՝ կապված գյուղատնտեսական կենդանիների անկման կամ կորստի, ինչպես նաև պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների ոչնչացվելու կամ կորստի հետ։

«Նպատակն է՝ աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում զբաղված տնտեսավարողներին, անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման միջոցով մեղմել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների կրած վնասները, ինչը կնպաստի վերջիններիս ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեության վարմանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ըստ նախնական օպերատիվ տվյալների, գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար կպահանջվի շուրջ 150 մլն դրամ։

Աղետի հետևանքով վնասների փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները․

  • Խոզերի արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվել է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (խոզերի համար 60%), որոշվել է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ խոզի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
  • Խոշոր եղջերավոր կենդանիների արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվում է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (տավարի համար՝ 50%), որոշվում է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1կգ տավարի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
  • Մանր եղջերավոր կենդանիների արժեքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 1 գլխի հաշվով ստացվող մսեղիքի իրացման արժեքը։
  • Մեղվափեթակի, ճագարների, թռչունների արժեքը հաշվարկելու համար հիմք է ընդունվել 1 միավորի միջին շուկայական արժեքը։
  • Ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի կորուստը արձանագրվում է ըստ ծառի քանակի, նախագծով փոխհատուցումը դիտարկվել է ըստ տնկանյութի արժեքի, ծառի տնկման և հողախառնուրդի արժեքի և առաջին տարվա խնամքի ծախսերի (տնկանյութի արժեքը` շուրջ 800 դրամ, տնկում և հողախառնուրդ՝ շուրջ 200 դրամ, առաջին տարվա խնամքի ծախսեր՝ շուրջ 1500 դրամ), որը կկազմի շուրջ 2500 ՀՀ դրամ 1 ծառի հաշվով, հատապտուղների դեպքում՝ ըստ տնկանյութի արժեքի և խնամքի 1-ին տարվա ծախսի, որը կկազմի շուրջ 450 դրամ (1 քմ-ի հաշվով 1 հատ տնկանյութ)։
  • Ինչ վերաբերում է միամյա բույսերին, ապա փոխհատուցումը դիտարկվել է ըստ մշակաբույսերի տեսակների 1 հա-ի վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվով։ Այսպես, համաձայն օպերատիվ տեղեկատվության, բանջարային մշակաբույսերի համար 1 հեկտարի հաշվով կատարվող ծախսերը կազմում են շուրջ 1,7 մլն դրամ, կարտոֆիլինը՝ 1,5 մլն դրամ, եգիպտացորենը՝ 500 000 դրամ և հաշվի առնելով, որ վնասված տարածքները հիմնականում փոքր տնամերձ հողատարածքներ են, ապա փոխհատուցվող գումարի հաշվարկը կատարվել է քմ-ի հաշվով։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։

Մեկնաբանել