Իսրայելը մերձավորարևելյան հակամարտություններում միայնակ չէ և վայելում է իր դաշնակիցների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների աջակցությունը, որոնք բավականին հավատարիմ են իրենց դաշնակցային պարտավորություններին, նշում է իսրայելագետ, սոցիալ-մշակութային մարդաբան Արման Խաչատրյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։
Նա կիսում է տարածված այն կարծիքը, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փորձում է ընդլայնել հակամարտության օջախները և դրանցում ներքաշել Իրանը։ Իսրայելագետի կարծիքով՝ Իսրայելի վարչապետը դրանով, ի թիվս այլ հարցերի, փորձում է իշխանությունը պահելու խնդիր լուծել, քանի որ Իսրայելի հասարակությունը նրան հարցեր ունի տալու 2023-ի հոկտեմբերի 7-ից պաղեստինյան կողմի դեմ վարվող պատերազմի վերաբերյալ։
Իսրայելի վարչապետը բավականաչափ ամուր դիրքեր չունի երկրի ներսում, հետևաբար ներքին դժգոհություններից խուսափելու համար ցանկանում է հակամարտության մեջ ներգրավել Իրանը, որպեսզի իր արևմտյան դաշնակիցները, մասնավորապես Միացյալ Նահանգները, սկսեն միասնաբար պայքարել Իրանի դեմ, ասում է Խաչատրյանը։
Զրուցակիցը նկատում է, որ Միացյալ Նահանգները, որքան էլ սատարում են Իսրայելը, սակայն այժմ այնքան էլ հետաքրքրված չեն կոնֆլիկտի տարածմամբ։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարությունը ոչ վաղ անցյալում քանիցս փորձել է ազդել Նեթանյահուի որոշումների վրա՝ կանխելով ավելի մեծ սրացումների վտանգը։
Արման Խաչատրյանն անդրադառնում է այն հարցին, թե որոնք են Իսրայելի վարչապետի նպատակները պաղեստինյան կողմի դեմ պատերազմում, քանի որ Նեթանյահուի ոչ բոլոր հայտարարություններն են իրականություն դարձել, մասնավորապես, ՀԱՄԱՍ-ն ամբողջովին չեզոքացված չէ։ Բացի այդ, Պաղեստինի հարցը ստացել է ավելի մեծ հնչողություն։
Նա նկատում է, որ Նեթանյահուի կառավարության գերխնդիրը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, և շատ իսրայելացիների համար այդ ռազմական կառույցի «From the sea to the river, Palestinians will be free» (Ծովից՝ գետ, պաղեստինցիները կլինեն ազատ) կարգախոսը գոյաբանական վտանգ է ներկայացնում Իսրայել պետության համար։
Բայց Իսրայել պետությունը որևէ կերպ չի կարող փակել Պաղեստինի հարցը, քանի որ ՀԱՄԱՍ-ին հաղթելը գրեթե անհնար է, ըստ Արման Խաչատրյանի։
ՀԱՄԱՍ-ը, ըստ նրա, առաջին հերթին գաղափարախոսություն է, հետևաբար այն չի կարող վերանալ, անգամ եթե ռազմական ուժի տեսանկյունից Իսրայելը գերակայություն ունենա նրա նկատմամբ։
Խաչատրյանը նշում է, որ պաղեստինյան հարցի լուծումը բավականին բարդ է և բերում է մի օրինակ։ Եթե մի օր ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդն ու Իսրայելի վարչապետը հասնեն որևէ համաձայնության, կարող են առաջանալ լեգիտիմության հարցեր, քանի որ արևմտյան երկրների համար ՀԱՄԱՍ-ը համարվում է «ահաբեկչական», հետևաբար, պաղեստինյան հարցի թնջուկը խճճված է։
Իսրայելագետն անդրադառնում է նաև պաշտոնական Երևանի՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու որոշմանը՝ դիտարկելով այն ինչպես խորհրդանշական, այնպես էլ քաղաքական հարթությունում։ Նա մեջբերում է ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի խոսքերը, թե «Հայաստանը 120 000 պատճառ ուներ Պաղեստինի անկախությունը ճանաչելու համար»։
Ինչ վերաբերում է այդ որոշման քաղաքական կողմին, ապա Խաչատրյանը հիշեցնում է, որ մինչև այդ հետևել էր եվրոպական մի շարք երկրների ճանաչումը, ուստի Երևանը, որն ընտրել է արևմտյան ուղին, դրանով ցանկացել է ցույց տալ, որ այդ հարցում արևմտյան աշխարհի կողքին է։
Իսրայելագետը իսրայելա-պաղեստինյան հակամարտության համատեքստում անդրադառնում է արաբական աշխարհի նկատմամբ ունեցած իսրայելական տրամադրությունների փոփոխություններին։ Ի տարբերություն 1960-70-ական թվականների՝ իսրայելական հասարակության վերաբերմունքը փոխվել է, ավելի է մեղմացել, ինչը նկատելի է նաև հակառակ կողմից։
«Իսրայելը երկար ժամանակ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պաղեստինյան կողմի հետ ունեցած հիմնախնդիրը ոչ թե արաբական աշխարհի դեմ է, այլ տարածքային վեճ է, որը բացառապես կապված է պաղեստինցիների հետ։ Հետևաբար իսրայելական կողմը հակամարտությունը ներկայացնում է ոչ թե կրոնական համատեքստում, այլ բացառապես պաղեստինա-իսրայելական կամ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության շրջանակներում»,- կարծում է իսրայելագետը։
Նա նկատում է, որ Իսրայելը կրոնական շահարկումներից զերծ մնալու համար օգտագործում է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու գործոնը՝ ցույց տալու, որ Իսրայելը բարձր մակարդակի հարաբերություններ ունի շիական Ադրբեջանի Հանրապետության հետ և դրանով կանխում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը ցանկացած կրոնական երանգավորում տալու հեռանկարը։
Գեորգի Միրզաբեկյան