ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը

Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

ՊՆ-ն նախօրեին կրկին հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե հայկական կողմը սահմանի հարավարևմտյան հատվածում կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանել