Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 19-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է, որ նախատեսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել բանակցությունների արդյունքների մասին։
«Մենք ուրախ կլինենք, եթե կարողանանք ինչ-որ բան անել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման և ապաշրջափակման համար։ Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ նաև վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին։ Գիտեմ, որ Ադրբեջանը միտված է ավարտին հասցնել ամբողջական կարգավորման բոլոր ընթացակարգերը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը ստիպում է մասնակցել նաև վերը նշված իրադարձություններին «այնքանով, որքանով դա պահանջված կլինի» Հայաստանի և Ադրբեջանի կողմից։
Ռուսաստանի նախագահը օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում է։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ այցի ընթացքում քննարկվելու են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր: Նախատեսվում է, որ կընդունվի համատեղ հայտարարություն, կստորագրվեն այլ փաստաթղթեր։