Պուտինի այցը Բաքու․ գազի և զինամթերքի շուրջ հավանական բանակցություններ

Էդուարդ Առաքելյան

Օգոստոսի 18-ին Պուտինը ժամանեց Բաքու։ Բաքվի Հեյդար Ալիևի անունը կրող օդանավակայանում նրան դիմավորեց առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։

Էյուբովը, եթե կարելի է այդպես ասել, Մոսկվայի և Բաքվի կապն է, և որոշ հարցեր լուծվում են հենց նրա միջոցով։ Նրա հետ մակերեսային ծանոթությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նա լայն կապեր ունի ռուսական վերնախավի հետ ոչ միայն ի պաշտոնե՝ որպես Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք համատեղ միջկառավարական կառույցների ղեկավար, այլև Մոսկվայում իր մարդու՝ Էլման Բայրամովի միջոցով։ Վերջինս օլիգարխ Գոդ Նիսանովի մերձավոր շրջապատից է։ Բայրամովին է պատկանում Мосазервинзавод-ը։ Նա նաև Էյուբովների ընտանիքի խնամի է. Բայրամովի դուստրն ամուսնացած է Էյուբովի որդու հետ:

Բայրամովը 2000-ականների սկզբից ընտանեկան կապեր ունի Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի հետ․ նրանք հարևաններ են Ռուբլյովկայի իրենց ամառանոցներով: Հենց Բայրամովն է ժամանակին Նարիշկինին ծանոթացրել Նիսանովի հետ։ Բայրամովն այնքան յուրային է Կրեմլի գործիչների համար, որ լինելով ընդամենը գինեգործարանի ղեկավար և Ադրբեջանի փոխվարչապետի խնամի՝ որպես պատվավոր հյուր մասնակցել է Պուտինի երդմնակալությանը և սեղմել նրա ձեռքը։ Այնպես որ, միանգամայն տրամաբանական է, որ ռուսական բաժնի համակարգողին է հանձնարարվել հանդիպել Մոսկվայից եկած պատվավոր հյուրին։

Հազիվ թե Պուտինը Բաքու էր եկել Ալիևի հետ զրուցելու Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովի անցկացման մասին կամ տվյալներ փոխանակելու առևտրաշրջանառության աճի, ժողովուրդների եղբայրության և երկու բռնապետների միջև անձնական բարեկամության մասին՝ Ալիևի «Զագուլբա» նստավայրում երեկոյան մեկ-երկու բաժակ թեյի շուրջ։

Գազի տեղափոխման հարց

Իրականում կան Ռուսաստանին վերաբերող շատ ավելի կարևոր թեմաներ և հարցեր։ Հիմնականն այն է, թե ինչ անել ռուսական գազի հետ ռուսական ածխաջրածինների նկատմամբ եվրոպական պատժամիջոցների խստացման լույսի ներքո։

Անցյալ տարի Ռուսաստանը Բաքվին մատակարարել է մոտ 1 մլրդ խմ գազ՝ փակելու ներքին պակասուրդը, որն առաջացել էր Ալիևի՝ ԵՄ գազի մատակարարումները կրկնապատկելու խոստումների արդյունքում։ Ի դեպ, Թուրքմենստանը Ադրբեջանին ներքին պակասուրդը փակելու համար մատակարարել է կրկնակի ավելի, քան Ռուսաստանը։

Այժմ կա Ուկրաինայի՝ իր տարածքով ռուսական գազ տեղափոխելուց հրաժարվելու հարցը, սակայն Ուկրաինան դեմ չի լինի, եթե ռուսական խողովակներում ադրբեջանական գազ լինի։ Սա շատ բարդ և խճճված սխեմա է, որտեղ ռուսներն իրենց գազը մղելու են Բաքու, իսկ այնտեղից Հարավային գազային միջանցքով (TANAP-TAP, Անդրանատոլիական գազատար – Անդրադրիատիկ գազատար) այն տեղափոխվելու է Թուրքիա: Իսկ Ադրբեջանը նույն ծավալով գազ է մղելու Ռուսաստան, որտեղից գազը Ուկրաինայի տարածքով կուղղվի ԵՄ (Սլովակիա, Ավստրիա և այլն):

Առայժմ դժվար է ասել, թե ինչպես կտեղափոխվեն գազի նման ծավալները, և արդյոք առկա հզորությունները բավարար են, թե պետք է թողունակությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանք տարվի։

2023-ին ադրբեջանական գազի ընդհանուր արտահանումը կազմել է 24 մլրդ խմ-ից մի փոքր պակաս (2024-ին հնարավոր է 3-4 տոկոս աճ), որի գրեթե կեսն ուղղվել է եվրոպական երկրներ, մնացածը՝ Թուրքիա (9,5 մլրդ խմ) և Վրաստան (2,5 մլրդ խմ): Հնարավոր է, որ խոսք լինի ադրբեջանական գազը ռուսական գազով փոխարինելու մասին, թեկուզ Թուրքիային մատակարարվող մասնաբաժնի չափով։

Ներկայում գործարքով հետաքրքրված բոլոր կողմերը կարծես համաձայն են այս սխեմայի հետ։ Մյուս կողմից, ինչպե՞ս կանդրադառնա ուկրաինական ճակատներում տիրող իրավիճակը ապագայում Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումների վրա, հատկապես Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի հակագրոհների լույսի ներքո՝ անմիջապես գազատարի գոտում։

Շարունակելով ռուսական գազի թեման՝ նշենք, որ այս տարի Ռուսաստանը ստորագրել է հսկայական ծավալներով Իրանին գազ մատակարարելու մասին հուշագիր՝ տարեկան գրեթե 110 մլրդ խմ-ի չափով, և դա համեմատելի է մինչև 2022-ը Գազպրոմի Եվրոպա արտահանած ծավալների հետ։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին մի փոքր բացահայտել է համաձայնագրի մանրամասները, ըստ որի՝ ռուսները մտադիր են Կասպից ծովի հատակով գազատար կառուցել։ Կասպից ծովի հատակով խողովակաշարեր անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ այն երկրի համաձայնությունը, որի վերահսկողության հատվածով կանցնի գազատարը: Կարող է առաջարկ արվել Ադրբեջանին, ինչն ինքնաբերաբար նրան կդարձնի նախագծի մասնակից և նույնիսկ թույլ կտա, որ այն ևս մասնաբաժին ստանա՝ որոշ իրավունքներով:

2018-ի օգոստոսի Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիայում ասվում է. «Կողմերը կարող են ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր անցկացնել Կասպից ծովի հատակով: […] Ստորջրյա մալուխների և խողովակաշարերի անցկացման երթուղու որոշումն իրականացվում է այն կողմի հետ համաձայնեցված, որի հատակով պետք է անցկացվի ստորջրյա մալուխը կամ խողովակաշարը»:

Ով գիտի, միգուցե դիտարկվում է գազատարի ցամաքային տարբերակը, որտեղ Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես տարանցիկ երկիր։

Համենայնդեպս, ռուս-իրանական պայմանագիրն այս պահին կարծես թե պարզապես մտադրություն է և հեռու իրական նախագիծ լինելուց, բայց հնարավոր է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումն այժմ շատ կարևոր է Ռուսաստանի համար։

Ադրբեջանական արկեր՝ ռուսական բանակի համա՞ր

Քննարկման մեկ այլ թեմա կարող է լինել ռազմատեխնիկական համագործակցությունը և Ադրբեջանի տարածքով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար արևմտյան տեխնիկապես կարևոր բաղադրիչների մատակարարումը։

Բացառված չէ, որ Ռուսաստանը, ունենալով զինամթերքի հրատապ անհրաժեշտություն, կարող է պատվիրել հրետանու և փոքր զինատեսակների արկեր և կառավարվող ավիառումբեր, որոնք արտադրում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը։

Ռուսաստանը կարող է պատվերներով ծանրաբեռնել ադրբեջանական ձեռնարկություններին, իսկ Ադրբեջանը բոլոր տեսանկյուններից, այդ թվում՝ նյութատեխնիկական, իդեալական հարթակ է զինամթերք ձեռք բերելու և Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ Հնարավոր է, որ քննարկվի նաև ռուսական ռազմական արդյունաբերությունում ադրբեջանական ներդրումների հնարավորությունը։

Եթե հետևենք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցության և փոխօգնության հռչակագրի ոգուն, ապա այս առումով որևէ խնդիր չպետք է լինի։

Անցած չորս տարիների ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է ավելին, քան սպասվում էր, և ավելին, քան իրենք՝ ադրբեջանցիներն էին ակնկալում։ Միգուցե ժամանակն է, որ Ալիևը ոչ միայն խոսքով, այլև գործով հաստատի իր հավատարմությունը Պուտինին և դաշնակցային հռչակագրի ոգուն։

Բնականաբար, Պուտինի այցի օրակարգում որոշակի տեղ կարող է լինել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը կորցնում է իր կշիռը բանակցային գործընթացում, հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակը ռուսական զինված ուժերի զորախմբի ներկայությամբ, լիակատար համաձայնությամբ և ինչ-որ տեղ նաև մեղսակցությամբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացրեց: Իսկ Հայաստանում Ռուսաստանի դերն այդ գործընթացում միանգամայն օբյեկտիվորեն բացասաբար է դիտվում։

Ով գիտե Պուտինի՝ Բաքվից հեռանալուց հետո ինչպես կզարգանա իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

Էդուարդ Առաքելյանը Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ է։

Մեկնաբանել