«ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ: Հայաստանի կայունության այլ երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան»: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության պետ Միքայել Աղասանդյանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, այժմ Երևանում գերիշխում է այդպիսի համագործակցությունից հրաժարվելու գիծը: Այս դիրքորոշումը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը: Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես հանրապետության կայունության երաշխավորներ, այլընտրանք չկա: Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- նշել է Աղասանդյանը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի համար «բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները»։
***
2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։
2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։
Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։
2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը: