Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն դեռևս չունեմ․ Տոնոյան

Օրեր առաջ կալանքից ազատ արձակված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն «դեռևս չունի»։

«Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու։ Դեռևս չունեմ։ Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, ոչ թե քաղաքականության մեջ լինելու։ Ես քաղաքականության մեջ եմ արդեն 30 տարի»,- օգոստոսի 20-ին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության հավաքներին մասնակցելու հարցին, Տոնոյանն արձագանքել է․ «Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորությո՞ւն եմ ստեղծում»։

Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման տեսանկյունից պետությունն այժմ լուրջ խնդիրներ ունի․ «Ես թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ ես կարող եմ դրան (անվտանգային խնդիրների լուծմանը – խմբ․) մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով»։

Դավիթ Տոնոյանը 15 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել օգոստոսի 15-ին՝ շուրջ երեք տարվա կալանքից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Մեկնաբանել