Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։
Աուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Այս և մի շարք այլ էական խախտումների համար կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը բացասական եզրակացությամբ էր ստացվել։
ԿԿՀ-ն դիմել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ կուսակցության բոլոր բանկային հաշիվների քաղվածքները ստանալու համար, որոնք տրամադրվել են։ Բացի այդ, հարուցված վարույթի շրջանակում Սուրեն Պապիկյանը հրավիրվել է կուսակցության կողմից դրամական վճարումներն անկանխիկ չկատարելու զանցանքի վարույթի քննարկմանը, որին Պապիկյանը չի մասնակցել։
Ըստ ԿԿՀ-ի՝ «Քաղաքացիական պայմանագրի» 11,4 միլիոն դրամը կանխիկացվել է բանկոմատների միջոցով, իսկ կուսակցության քաղվածքների ուսումնասիրությունը հանձնաժողովին թույլ չի տվել տվյալներ ստանալու, որ կանխիկացված գումարը նորից մուտք է եղել ՔՊ-ի հաշիվներ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը, այդ գումարը ի՞նչ նպատակների է ծառայեցվել և/կամ ինչ ապրանքների ձեռքբերման համար է կանխիկացվել։
ԿԿՀ-ն էական է համարել այն, որ նման իրավախախտումը իրենց վերապահելուց հետո այսպիսի արարք հայտնաբերվել ու վարույթի մասնակցին ծանուցում է ուղարկվել առաջին անգամ։ Հաշվի առնելով, որ 2022-ին ՔՊ-ի վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր, ԿԿՀ-ն նրան տուգանել է 100 000 դրամով։
Բացի ՔՊ-ի ֆինանսավորման մի քանի վարչական վարույթը, որոնք ԿԿՀ-ի տիրույթում են, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև երկու քրեական վարույթ՝ իշխող կուսակցության ֆինանսավորման հետ կապված։ Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել է կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Քրեական երկրորդ վարույթի նախաձեռնման հիմքում բացի վերը նկարագրվածը, դրվել է նաև անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, ինչպես նաև նվիրատուի կողմից կուսակցությանը կատարած նվիրատվության առավելագույն չափը գերազանցելը։
Մինչ քրեական և վարչական վարույթները հրապարակվել էր Սիվիլնեթի հետաքննությունն այն մասին, որ ՔՊ-ին նվիրատվություն կատարած տասնյակ անձինք տեղյակ չէին, որ կուսակցությանը նվիրատվություն են կատարել։