Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք. 41 մարդ հոսպիտալացված է

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել։ 41 անձ այս պահին հոսպիտալացված է, որոնցից չորսի վիճակը ծանր է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուներ չկան։ Այս մասին օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Առաջին նմուշը ստացել ենք օգոստոսի 7-ին։ Կրկնակի հետազոտությունից հետո` օգոստոսի 10-ին, արդեն վստահ էինք, որ գործ ունենք այս հիվանդության հետ։ Հատուկ դեղամիջոցներ այս հիվանդության համար չկան, իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված ընդհանուր իրավիճակի լավացմանը։ Ինչպես բոլոր վարակիչ հիվանդությունները, սա էլ ունի հստակ սեզոնայնություն, քանի որ պայմանավորված է փոխանցողով, այսինքն՝ մոծակով։ Հիմնական սեզոնը հունիսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն՝ կախված ջերմաստիճանից և կլիմայից, դիտվում է հուլիսից օգոստոս ընկած ժամանակում»,- ասում է Ստեփան Աթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել, այլ մահվան դեպքեր չկան․ «Արևմտյան Նեղոսի տենդից մահացածը 1938թ–ին ծնված տղամարդ էր, նա ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ»։

Մինչ այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում։ Հարուցիչի հնարավոր փոխանցումներ կարող են լինել նաև Արարատի և Արմավիրի մարզերում։

Վարակը կարող է տարածվել միայն Culex ցեղի մոծակների միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ։ Վարակվածների 1%-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային համակարգի, ուռուցքային, շաքարային դիաբետ, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք։ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են՝ մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:

Ստեփան Աթոյանը անդրադարձավ նաև կորոնավիրուսին․ Հայաստանում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 229 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 դեպքով: Իսկ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 113 դեպք, որը նույնպես նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելի է»,- ասաց Աթոյանը:

Նա ավելացրեց նաև, որ այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներինը։

Հայաստանում կարմրուկի դեպքերը ևս ավելացել են․ 2024-ի մեկնարկից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք։ Հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1,8 տոկոսով նվազել է:

«Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք հիվանդության մի փոքր աճ: Եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, ապա այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար ունենք արդեն 547 դեպք»,- ավելացրեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:

Աթոյանի խոսքով՝ կարմրուկի դեմ ամենաարդյունավետ պայքարը ժամանակին համապատասխան պատվաստումներ իրականացնելն է:

Մեկնաբանել