Հանդուրժել թուրքական մամուլը

«Հրանտ Դինք» հիմնադրամը բրիտանական Global Dialogue բարեգործական կազմակերպության և գերմանական Friedrich Naumann հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է «Մեդիայում ատելություն սերմանող դրսևորումներ» խորագրով զեկույցը։

Հետազոտությունում ներկայացվում են 2012թ. մայիս-օգոստոս ամիսներին թուրքական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որոնք վիրավորանք, ատելություն, թշնամանք, ռասիզմ և այլատյացություն են սերմանում Թուրքիայում կամ Թուրքիայից դուրս բնակվող էթնիկ, կրոնական կամ էթնոկրոնական այս կամ այն խմբի նկատմամբ:

Անդրադառնալով հասարակական համերաշխության հաստատելու գործում լրատվամիջոցների կարևորությանը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Յասին Հայալը դատավարության ընթացքում ասել է, որ Դինքին անձնապես չի ճանաչել, սակայն թերթերից իմացել է, որ նա թուրքերի թշնամին է:

Հետազոտությունը ատելություն սերմանող հրապարակումներն առանձնացրել է մի քանի խմբում. չափազանցություն և աղավաղում; հայհոյանք, վիրավորանք և նվաստացում; թշնամանք; ինքնության տարրի օգտագործումը որպես վիրավորանք։

Հետազոտության հեղինակները չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում առանձնացրել են 101 հրապարակում, որոնք վիրավորանք են պարունակում այս կամ այն էթնիկ խմբի հասցեին։ Ըստ զեկույցի՝ այլատյացություն քարոզող նյութեր ամենից շատ հրապարակում են Milli, Yeni Akit, Ortadogu, Yenicag, Anayurt պարբերականները։ Այս ցանկում տեղ են գտել նաև Թուրքիայում բավական հայտնի և մեծ տպաքանակ ունեցող այնպիսի օրաթերթեր, ինչպիսիք են Hurriyet-ը և Vatan-ը:

Զեկույցում ներառված 101 հոդվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրքական մամուլում ամենից շատ թշնամական արտահայտություններ են հնչում հրեաների հասցեին (24%): Այնուհետև թուրքական մամուլի թիրախում են հայերը (15%), հույները, քրիստոնյաները՝ ընդհանրապես վրացիները, արաբները, եզդիները, քրդերը, լազերը, աբխազները և ֆրանսիացիները: Մամուլի թիրախում ֆրանսիացիների հայտնվելը պայմանավորված է այդ երկրի Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմամբ:

Զեկույցում հայերի հանդեպ ատելության սերմանող նյութերի թվում նշվում է Habervaktim պարբերականում տպագրված «Ռաքել Դինքի քայքայիչ գործունեությունը» վերնագրով հոդվածը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և հայերի կապերի մասին հոդվածները: Հրապարակումներից շատերը պնդում են, թե մուսուլման քրդերից վտանգ չի սպառնում, իսկ PKK-ն հայկական կազմակերպություն է:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրքական մամուլում շատ է կիրառվում «Դե քո մայրը հայ է» արտահայտությունը: Այս շարքից է նաև «Քո ազգանունը Դավութօղլո՞ւ է, թե՞ Դավության» արտահայտությունը։

Գոռ Երանյան

Մեկնաբանել