Վիճակագրական կոմիտեն և կառավարությունը վերանայել են Հայաստանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշները 2023-ի վերջին եռամսյակի և 2024-ի առաջին կեսի համար: Նախորդ գնահատականների համեմատ՝ նոր տվյալները ցույց են տալիս աճի տեմպի նվազում:
2023-ի չորրորդ եռամսյակի համար ՀՆԱ-ի աճը վերանայվել է՝ նախկին 7,8%-ից մինչև 6,4%: Արդյունքում, 2023-ի տարեկան աճը 8,7%-ից իջել է 8,4%-ի: Ճշգրտված տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին կազմել է 9,45 տրլն դրամ (մոտ 24,3 մլրդ դոլար), որը 52 մլրդ դրամով (133 մլն դոլար) պակաս է նախնական գնահատականից:
2024-ի առաջին եռամսյակի աճի ցուցանիշը նույնպես վերանայվել է՝ 9,2%-ից իջնելով 6,6%-ի: Երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի աճը գնահատվել է 6,4%: Առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կազմել է 1,922 տրլն դրամ (ավելի քան 4,9 մլրդ դոլար), որը 48,3 մլրդ դրամով (124 մլն դոլարից ավելի) պակաս է նախկին գնահատականից:
2024-ի առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճի տեմպը թեև ցածր է կառավարության սահմանած 7% թիրախից, սակայն գերազանցում է սկզբնական 5,6% կանխատեսումը:
Տնտեսագետների դիտարկմամբ, Հայաստանի տնտեսական աճի վրա զգալի ազդեցություն են ունեցել թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման ծավալները: Այս երևույթը, որ սկսվել է 2023-ի վերջից, արհեստականորեն բարձրացրել է տնտեսական ցուցանիշները՝ առանց էական որակական փոփոխությունների բերելու տնտեսության կառուցվածքում:
Տնտեսագետ Աղասի Թավադյանը նշում է, որ 2023-ի տնտեսական աճի 4%-ը պայմանավորված է եղել ոսկու վերաարտահանմամբ: «Սա արհեստականորեն ուռճացրել է ՀՆԱ-ի և արտահանման ցուցանիշները։ Այս ոսկու տենդը ապահովել է կարճաժամկետ թանկարժեք էֆեկտ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թավադյանը:
Ըստ նրա հաշվարկների՝ 2024-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանման 75%-ը կազմել է Հայաստանի տարածքով Ռուսաստանից դեպի ԱՄԷ և Չինաստան թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը: Միևնույն ժամանակ, տնտեսության այլ կարևոր ճյուղեր անկում են գրանցել:
Թավադյանը նշում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին կարճաժամկետ գործոններով: 2022թ. աճի հիմնական շարժիչ ուժը եղել է ֆինանսական հատվածը՝ Ռուսաստանից կապիտալի ներհոսքի կտրուկ աճի շնորհիվ: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է. նկատվում է կապիտալի արտահոսք և ներհոսքի նվազում:
Տնտեսագետը մտահոգիչ միտումներ է նկատվում նաև ՏՏ ոլորտում, որը նախկինում համարվում էր ռազմավարական ուղղություն: Եթե 2022թ. Ռուսաստանից ՏՏ մասնագետների ներհոսքը նպաստում էր ՀՆԱ-ի աճին, ապա այժմ այս ոլորտը աճ չի ապահովում, նույնիսկ նկատվում է մասնագետների արտահոսք:
ՏՏ ոլորտի անկման մասին էր վերջերս բարձրաձայնել նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` նշելով, որ բնագավառն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է մոտ 13%-ով։
«Այս միտումները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը կախված է ժամանակավոր և արհեստական գործոններից»,- եզրափակել է Թավադյանը: