2024-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները։ Տաքսի ծառայություն մատուցողները յուրաքանչյուր պատվերից պետք է վճարեն տուրք և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Ըստ նոր կարգավորումների՝ տաքսի ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
«Եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով էլեկտրոնային հարթակներից (GG, Yandex, Utaxi), ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում և վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները՝ իրենց հավելվածների միջոցով»,- կառավարության օգոստոսի 22-ի նիստի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա։ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։
Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն մատուցում են անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է ստանան լիցենզիա, մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և դրա միջոցով պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
– 2 տոկոսի չափով՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից
-3,5 տոկոսի չափով՝ 2025-ի հունվարի 1-ից
-5 տոկոսի չափով՝ 2026-ի հունվարի 1-ից
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
-1,5 տոկոսի չափով՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից
-2,5 տոկոսի չափով՝ 2025-ի հունվարի 1-ից
-4 տոկոսի չափով՝ 2026-ի հունվարի 1-ից
Օրինակ, 1 000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024-ի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ, իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ։
Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։ Այն պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում: Հարկային մարմին հայտարարությունը չներկայացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով: