Ռեալի երկրպագուները ներողություն են խնդրել Լիոնել Մեսսիից

Մադրիդի «Ռեալի» երկրպագուների defensacentral.com կայքը պաշտոնապես ներողություն է խնդրել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիից՝ արգենտինացի ֆուտբոլիստի անունն ու արժանապատվությունը վիրավորող հոդված հրապարակելու համար: Հաղորդում է Sport.es-ը։

Defensa Central-ի գլխավոր խմբագիր Դևիդ Հոքերը, մասնավորապես, ասել է հետևյալը. «Հոդվածը հայտնվել է կայքում առանց հերթապահ խմբագրի իմացության։ Այն տեղադրել է ֆորումի մասնակիցներից մեկը, ով կրել է Lambayeke կեղծանունը։ Խմբագիրը զբաղված է եղել աշխատանքով և հայտնաբերել է այդ հոդվածն ու նկարը միայն մեկ և կես ժամ անց՝ անմիջապես ջնջելով այն։ Սակայն տեղեկությունը հասցրել է տարածվել ողջ համացանցով։ Մենք հասկանում ենք, որ դրանով վնասել ենք Լիոնել Մեսսիի հեղինակությանը, ուստի ներողություն ենք խնդրում նրանից և հայտարարում, որ համաձայն չենք Lambayeke-ի դիրքորոշման հետ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին պորտալում հայտնված հոդվածում ներկայացվել է Լենս Արմսթրոնգի հայտնի դոպինգային սկանդալը, սակայն հեղինակը չի բավարարվել միայն ամերիկացի հեծանվորդի կողմից արգելված դեղամիջոցներ օգտագործելը ներկայացնելով, այլ համեմատական է անցկացրել ամերիկացու կարիերայի և Մեսսի կարիերայի միջև` ակնարկելով, որ արգենտինացին ևս հրեշտակ չէ: Բացի այդ, հոդվածի նկարում պատկերված է եղել մի մեծ ներարկիչ համբուրող արգենտինացի ֆուտբոլիստը։

Մեկնաբանել