Բաքուն կալանավորել է կառավարության քննադատ, լրագրող Բահրուզ Սամադովին

Բաքվում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող և հետազոտող, ՍիվիլՆեթի գործընկեր OC Media-ի թղթակից Բահրուզ Սամադովը՝ դավաճանության մեղադրանքով: Սամադովը կառավարության բացահայտ քննադատն է և հաճախ է գրում ադրբեջանական քաղաքականության մասին: Սամադովի հրապարակումները և հարցազրույցները տեղ են գտել նաև ՍիվիլՆեթում։ Սամադովի ձերբակալության մասին OC Media-ի անդրադարձը՝ ստորև։

Սամադովի անհետացման մասին լուրերը հայտնվել են չորեքշաբթի երեկոյան, երբ ընկերներն ու գործընկերները ահազանգել են, որ նա չի եկել պայմանավորված հանդիպումներին և չի արձագանքում հաղորդագրություններին:

Հինգշաբթի առավոտյան Սամադովի ընտանիքը ընկերներին և լրատվամիջոցներին հաստատել է, որ նա ձերբակալվել է չորեքշաբթի գիշերը, իսկ ընտանիքի բնակարանը խուզարկվել է:

Ադրբեջանցի լրագրող Նուրլան Լիբրեն OC Media-ին ասել է, որ Սամադովի տատիկը, որի մոտ է եղել նա, հաստատել է, որ իրենց տունը խուզարկվել է, իսկ Սամադովը կալանավորվել է դավաճանության մեղադրանքով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սամադովը կալանավորվել է թմրանյութեր պահելու մեղադրանքով։ Լիբրեն նշում է, որ Ադրբեջանում թմրանյութերի մեղադրանքով քաղաքական ակտիվիստներին կալանավորելը «հանրահայտ գործելաոճ է»:

Նա մտահոգություն է հայտնել, որ Սամադովը կարող է խոշտանգումների ենթարկվել՝ հաշվի առնելով չորեքշաբթի ժամը 16:30-ի սահմաններում նրա կալանավորումից հետո տիրող լռությունը։

Գործընկերներն ու ծանոթները ևս նշել են, որ Սամադովը նախկինում ևս խոսել է իր նկատմամբ ճնշումների մասին։

Սամադովի ընկեր Այխան Զայեդզադեն OC Media-ին ասել է, որ նա ծրագրում էր հանդիպել ընկերոջ հետ ժամը 17:00-ին, և վերջին անգամ Telegram-ի նրա օգտահաշիվը ակտիվ է եղել 19:27-ին:

«Մենք նրա մասին ավելի քան 13 ժամ չէինք կարողանում որևէ տեղեկություն գտնել»,- ասել է Զայեդզադեն։ Նա հավելել է, որ Սամադովն իր ձերբակալության մասին կատակել է կեսօրին ուղարկված հաղորդագրությամբ։

«Նա միշտ կատակում էր հնարավոր ձերբակալության մասին, բայց այս անգամ մանրամասն գրել է,- ասել է Զայեդզադեն։- Ասաց, որ հավանաբար կհայտնվի բանտում «դավաճանության» համար»։

Թեև ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ ՆԳՆ-ն դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել Սամադովի գտնվելու վայրը, մի անկախ լրագրողի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրենք չեն ձերբակալել Սամադովին: Զայեդզադեն հայտարարել է՝ դա ենթադրում է, որ Սամադովը ձերբակալվել է Անվտանգության ծառայության կողմից։

Լրագրող Ուլվիյա Ալին այսօր ավելի ուշ գրել է, որ Սամադովի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, լրագրողներին ասել է, որ գաղտնի ծառայությունների վեց աշխատակից չորեքշաբթի կեսօրին խուզարկել է տունը՝ թմրանյութեր գտնելու համար՝ առգրավելով երկու հեռախոս, երկու համակարգիչ, համալսարանի դիպլոմ, Սամադովի նույնականացման քարտն ու անձնագիրը։

Սամեդովը Պրահայի Կառլի համալսարանի ասպիրանտ է: Նա հաճախ է գրել OC Media-ի և այլ լրատվամիջոցների համար և Caucasus Digest փոդքասթի մշտական ​​հյուրերից էր: Սամադովը նաև Հայաստանի հետ խաղաղության բացահայտ ջատագով էր։

Սամադովի կալանավորումը տեղի է ունենում մեկ ամիս չանցած այն բանից, երբ Ադրբեջանը դավաճանության մեղադրանքով ձերբակալեց թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովին:

Նշանավոր մի շարք ակադեմիականներ, խաղաղարարներ, լրագրողներ և ակտիվիստներ արձագանքել են այս լուրերին։ Chatham House-ից Լոուրենս Բրոերսը կարևորել է Սամադովի «կենսական ձայնը խաղաղության բանավեճերում և լրատվամիջոցների մեկնաբանություններում» և հույս հայտնել, որ նա շուտափույթ ազատ արձակվի:

«Ադրբեջանական պետությունը լռեցնում է իր ամենապայծառ մարդկանց»,- գրել է հայ հետազոտող և լրագրող Վիգէն Չըթըրեանը։ «Ադրբեջանում չի մնա ոչ ոք, որն իր անցյալի մասին կասի ճշմարտությունը և կխոսի ներկայի մասին. միայն պետական ​​սուտը կրկնող մարդիկ»,- ասել է Չըթըրեանը։

Freedom House-ի հայաստանյան գրասենյակից Անդրանիկ Շիրինյանը սա որակել է «սարսափելի լուր»։ «Հուսով եմ, որ բոլորը, այդ թվում՝ Արևմուտքը, որը շարունակում է հնարավորություն տալ Ալիևի ռեժիմին, կանի ամեն ինչ Սամադովին ազատ արձակելու համար և ի գիտություն կընդունի։ Սա այն երկիրն է, որը հյուրընկալելու է COP29-ը»,- նշել է Շիրինյանը։

BBC-ի լրագրող Գրիգոր Աթանեսյանը Բահրուզին անվանել է «շատ խիզախ և իսկական հասարակական մտավորական»՝ հավելելով, որ նա «տարածաշրջանում շատ քիչ ձայներից մեկն է, որը մտածում է բոլորի իրավունքների մասին՝ ոչ միայն իր ժողովրդի իրավունքների մասին»։

Տե՛ս նաև՝

Բահրուզ Սամադով․ Հայերի հետ տևական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ չենք վերացրել մեր ազգային ինքնության հիմքում ընկած միֆերը

Մեկնաբանել