Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված չէ Սահմանադրության մեջ․ Փաշինյան

Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված չէ Սահմանադրության մեջ, այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական չեն: Այս մասին ասված է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։

«1990-ի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995-ին, տեղ գտավ և մինչև օրս առկա է ՀՀ Սահմանադրության նախաբանում: Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»,- նշված է ուղերձում։

Փաշինյանը նկատում է, որ ըստ Հռչակագրի 5-րդ հոդվածի՝ զինված ուժերը, ներքին զորքերը պետք է Գերագույն խորհրդին ենթակա մարմիններ լինեին, սակայն դրանք ենթակա են եղել նախագահին, հետագայում՝ կառավարությանը։

«Չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի նախագահին, իսկ 2018-ի ապրիլից հետո՝ կառավարությանը: Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ»,- նշված է վարչապետի ուղերձում։շ

***

Հռչակագրում հիշատակում կա նաև Լեռնային Ղարաբաղի մասին։ Մասնավորապես, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը նաև՝ «հիմնվելով 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի կնքման համար առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Բաքվի պնդմամբ՝ ՀՀ մայր օրենքում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են․ «Սահմանադրության շուրջ քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

Մեկնաբանել