Օգոստոսի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ։
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ հունիսի 17-ին, Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։