Պուտինը Փաշինյանին պատմել է Բաքու կատարած իր այցի մասին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Պուտինը Փաշինյանին «տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին»։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են «առաջիկա պատեհ առիթով» հանդիպել երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։

«Շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը, այդ թվում ՝ հաշվի առնելով Բաքու պետական այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Հայաստանին և Ադրբեջանին հետագայում ևս աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։ Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

***

Վլադիմիր Պուտինը օգոստոսի 19-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել էր, որ նախատեսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել բանակցությունների արդյունքների մասին․ «Մենք ուրախ կլինենք, եթե կարողանանք ինչ-որ բան անել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման և ապաշրջափակման համար։ Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ նաև վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»։

Մեկնաբանել