Միրզոյանը Իրանի նորանշանակ արտգործնախարարի հետ քննարկել է առաջիկա ծրագրերը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը։

Միրզոյանը շնորհավորել է Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանը զոհվել էին ավիավթարի հետևանքով։ Դրանից հետո Իրանում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ է ընտրվել բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Վերջինս ԱԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրել է Սեյեդ Աբբաս Արաղչիի թեկնածությունը, որը օգոստոսի 20-ին հաստատվել է խորհրդարանի կողմից։

Մեկնաբանել