Ակնկալում ենք իտալական կապիտալի ներդրումը Հայաստանում. Սերժ Սարգսյան

Իտալական մի շարք թերթեր այս օրերին հրապարակել են հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հաղորդում է panorama.am-ը: Հարցազրույցը վարել է լրագրող, Իտալիայի խորհրդարանի անդամ Ջանկառլո Մաձուկան (Giancarlo Mazzuca): Ստորև թարգմանաբար ներկայացվում է Սերժ Սարգսյանի հարցազրույցը իտալացի լրագրողին, որը հրապարակվել է Quotidiano Nazionale պարբերականում:

– Պարոն նախագահ, համաշխարհային շախմատի տախտակի վրա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար Եվրոպային հանձնված խաղաղության Նոբելյան մրցանակը:

-Դա մի մեծագույն ճանաչում է բոլորիս համար, քանի որ մենք ինքներս մեզ համարում ենք Եվրոպայի բաղկացուցիչ մաս: Ունենք ընդհանուր պատմություն և միշտ եղել ենք ձեզ հարևան, եթե ոչ սահմանակից: Բավական է դիտել Հռոմի Կոլիզեի աշխարհի քարտեզները: Ունենք նույն քրիստոնեական արժեքները և այս տարիների ընթացքում կարողացել ենք վերագտնել ժողովրդավարության, հանդուրժողականության և խոսքի ազատության այն իդեալները, որոնք դարերի ընթացքում խավարել էին: Մենք մեզ զգում ենք եվրոպացիներ և ցանկանում ենք լինել եվրոպայի քաղաքացիներ՝ մի Եվրոպա, որը հիմնվում է ընտանիքի գաղափարի և սահմանադրության վրա հիմնվող օրենքի գերակայության վրա: Առանց կուռքեր ստեղծելու, դավանում ենք այն արժեքներին, որոնք նայում են դեպի ապագա` մեր անցյալի կենսունակ ուժով: Պիտի ընդունեք, որ նույնիսկ, եթե այսօր քննադատում են ճգնաժամից խոցված Եվրոպան, Եվրոպան մնում է մարդկության գործունեության լավագույն փորձառությունը: Դեպի Եվրոպա մեր մերձեցման գործընթացն իրականություն է դառնում նաև ԵՄ-ի հետ ընթացող ասոցացման պայմանագրի և Եվրոպական շուկայի հետ ազատ առևտրի գոտու բանակցություններով:

-Բայց պատմության ինչ-որ շրջանում Հայաստանը մոլորվել էր ճիշտ ուղուց…

-Պատմությունը մեզ սովորեցնում է, որ առաջընթացի ճանապարհը միշտ պահանջել է զոհաբերություններ: Այդպես էր նաև իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, որն իրականություն դարձավ միայն հասունացման, ձախողված փորձերի և մթագնության մի երկար ճանապարհի արդյունքում: Մենք ձեզնից ավելի երկար ենք եղել մթագնության մեջ: Այսօր կարիքն ունենք ձեր փորձի, որպեսզի չուշանանք պատմության գնացքից:

-Ի՞նչ կարող է անել հատկապես Իտալիան:

-Մեր ընդհանուր պատմությունը դյուրացնում է երկխոսությունը: Պարզ զուգադիպություն չէ, որ Իտալիայում մինչ օրս գործում են ակտիվ հայկական համայնքներ Միլանից մինչև Ռավեննա` առանց անդրադառնալու ամենակարևոր հայկական հետքերին, ինչպիսիք են Վենետիկի հայկական միաբանությունը կամ Նապոլիի Սրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Ինչ վերաբերում է ընթացիկ մերձեցմանը, ապա դա կարող է արտահայտվել երկու ձևով. մի կողմից` ձեր բարոյական սատարման կարիքն ունենք մեր կաևորագույն մարտահրավերների առումով, ինչպիսիք են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանական կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մյուս կողմից` ակնկալում ենք իտալական կապիտալի ներդրումը մեր երկրում:

-Պարոն նախագահ, սկսենք առաջին կետից…

-Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն` երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1,5 միլիոն հայեր: Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939թ., երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոքոստն իրագործելուց հետո, նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»: Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար: Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը:

-Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որովհետև այստեղ կա մի տնտեսական հիպոտեկ` Ադրբեջանի նավթը:

-Սա երկակի չափանիշների ևս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Հարավսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն: Ճիշտ է, ինչպես Դուք եք ասում, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ: Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրվում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կարևոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետևաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել: Հետևաբար ես լավատես եմ, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության և այլատյացության իր դիրքորոշումները, ֆանատիզմ, որ ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար: Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ-ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, այն է` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

-Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում իտալական ձեռնարկությունների համար, և հատկապեսի՞նչ բնույթի ձեռնարկություններ կարող են հետաքրքրված լինել:

– Շահագրգռված ենք աշխատել այն բոլոր ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում դեռևս չտարածված նորարարական արտադրությամբ: Հայաստանը տրամադրում է հատուկ հարկային առավելություններ այն բոլոր արտասահմանյան ձեռնարկություններին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկրում առկա 2 ազատ տնտեսական գոտիներում, բայց նաև այլուր: Հատկապես միջուկային էներգիայի ոլորտում ապահովում ենք ներդրված կապիտալի ամբողջական վերադարձը մի քանի տարվա ընթացքում և պետական երաշխիքներ` գնելու ամբողջ արտադրված էլեկտրոէներգիան: Պիտի վստահեք Հայաստանին. նրանք, ովքեր արդեն ներդրումներ են կատարել մեր երկրում ինչպես Պեզարոյի «Ռենկո» ընկերությունը, որը մեր երկրում զբաղվում է շինարարությամբ և հյուրանոցային գործով, անմիջապես ունեցել են նշանակալի շահույթներ:

-Չնայած սովետական սահմանափակումներին` հայ առաքելական եկեղեցին միշտ ունեցել էկարևոր դեր Ձեր երկրում, որը շրջապատված է մուսուլմաններով, և այդ պատճառով միշտ կղզիացման վտանգի տակ է գտնվել: 50 տարի առաջ մի հայ կաթոլիկ կարդինալ` Պիետրո Աղաջանյանը, Հովհաննես XXIII պապի օրոք ծայրահեղ կարևոր դեր է խաղացել Վատիկանի երկրորդ համաժողովի ընթացքում: Իտալիայի հետ երկխոսության առանցքը ներգրավու՞մ է արդյոք Վատիկանը:

-Ցանկանում ենք ամրացնել մեր կամուրջը իտալացիներ հետ նաև այն պատճառով, որ Դուք սերտորեն կապված եք եկեղեցու հետ: Հետևաբար, որդեգրելու ենք զուգահեռ մոտեցում: Կարծում եք սրանք սոսկ խոսքե՞ր են: Չեմ կարծում… շուտով կհրապարակենք նորություններ Հռոմի և Վատիկանի հետ մեր հարաբերությունների մասին: