Խարդախները չեն հանձնվում. ֆինանսական խաբեության նոր ալիք

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում նկատվում է ֆինանսական խարդախության նոր ալիք. տարածվող գովազգային գրառումներով օգտատերերին խոստանում են օգնել վերադարձնել ներդրումներում կորցված գումարները։

Օրեր առաջ #CivilNetCheck-ը անդրադարձել էր սոցցանցերում ակտիվ տարածվող նման գրառումների՝ պարզելով, որ վստահություն ներշնչելու նպատակով դրանցում օգտագործվում են հայկական արտաքինով մարդկանց լուսանկարներ։ Մինչդեռ լուսանկարները գողացված են համացանցում հայազգի անձանց օգտահաշիվներից, իսկ անունները հորինված են։

Մեր հրապարակումից հետո զեղծարարները շարունակում են նոր գովազդներ տարածել, սակայն փոխել են լուսանկարները և այլ անձանց։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս երևույթը և բացահայտել, որ ֆինանսական առցանց խարդախությունների խնդիրը դառնում է ավելի լուրջ և տարածված:

Կեղծ գովազդներ՝ «հաջողության պատմություններով»

Սոցիալական ցանցերում տարածվող գովազդներից մեկում ներկայացված է «Մելինե Ամիրյան» անունով կին: Գովազդում պնդվում է, թե նա իրավաբանների միջոցով վերադարձրել է ներդրումներում կորցրած իր դրամական միջոցները:


Սակայն #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս գովազդը կեղծ է: Դրանում օգտագործված լուսանկարները գողացված են համացանցից, իսկ անունները՝ հորինված: Սա հեշտությամբ կարելի է պարզել՝ կատարելով գովազդում օգտագործված լուսանկարների հակադարձ որոնում:

#CivilNetCheck-ը կապ է հաստատել գովազդում օգտագործված լուսանկարներից մեկում պատկերված հայ փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ, որին վերագրվել էր «Մելինե Ամիրյան» անունը:

Սյուզաննա Սողոմոնյանը պատմեց, որ իր լուսանկարը կեղծ գովազդներում օգտագործվել է առանց իր իմացության և թույլտվության: Դրա մասին նա տեղեկացել է միայն օրեր առաջ, երբ ընկերներից մեկն իրեն ուղարկել է տարածված գրառումներից մեկը:

«Այս պահի դրությամբ տարբեր խորհրդատվություններ եմ վարում մասնագետների հետ՝ խնդրի լուծման ուղղությամբ ամենաօպտիմալ եղանակը գտնելու համար», – նշում է Սողոմոնյանը։

Մեկ այլ նման գովազդում հորինված նույն անունը վերագրվում էր մեկ այլ կնոջ։ Այնինչ լուսանկարում իրականում վրացուհի Էկա Ակոբիան է՝ Վրաստանի Կովկասի համալսարանի դասախոս:

Կասկածելի գովազդներ տարածող էջեր

Կեղծ իրավաբանների սխեմայով խաբեությունների ալիքը որպես կանոն հաջորդում է կեղծ ներդրումների և կրիպտոարժույթների հետ կապված խաբեությունների ալիքներին։

Խաբեբաները կատարելագործում են իրենց մեթոդները՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ և հայտնի մարդկանց կերպարներ։ Խաբեբաները օգտագործում են տասնյակ դատարկ էջեր սոցիալական ցանցերում և արագորեն լրացնում արգելափակված էջերի կորուստը:

Կիբերանվտանգության խնդիրներով զվաղվող Cyberhub.am-ի համահիմնադիր Արթուր Պապյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ամիս խարդախների զոհ դարձած տասնյակ հայաստանցիներ են դիմում իրենց: Սա հայտնի զոհերի թիվն է, զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի լինել։

«Քաղաքացիները պետք է առավել զգոն լինեն և չվստահեն սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի առաջարկներին։ Դեպք ենք ունեցել, որ թոշակառուն իր վերջին գումարներն է ներդրել։ Մեկ այլ դեպքում քաղաքացին նույնիսկ վարկ է վերցրել ներդնելու համար։ Անգամ դեպքեր են եղել, որ տան երեխան ծնողներից գումար է խնդրել և ներդրել նման հարթակներում», – ասաց Արթուր Պապյանը՝ ավելացնելով, որ կորուստը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող՝ կորցրած ներդրումները վերադարձնելու խոստումով գովազդները կեղծ են և ֆինանսական խարդախության փորձեր են: Դրանք թիրախավորում են արդեն իսկ գումար կորցրած քաղաքացիներին՝ նրանցից կրկին գումար կորզելու նպատակով:

#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է նմանատիպ խարդախություններին:

Տես՝ «Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները»



Մեկնաբանել