Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Երևանում օդի աղտոտվածությունը հաճախ տեսանելի է լինում նույնիսկ անզեն աչքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին երեք ամիսների դիտարկումները փաստում են, որ Երևանի օդում փոշու պարունակությունը մշտապես գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Պարբերաբար նկատվում է նաև ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցում։
Երևանում օդի աղտոտվածությանը նպաստող հիմնական պատճառներից է վերջին տարիներին ընթացող ակտիվ շինարարությունը։
Շինարարական կազմակերպությունները պարտավոր են պահպանել կահավորման համապատասխան նորմերը՝ ունենան փոշեկլանիչ ցանց, օդի որակի մշտադիտարկման սարք, շինհրապարակից դուրս գալուց առաջ պետք է լվացվեն բեռնատարների անվադողերը և այլն, որպեսզի հնարավորինս քիչ փոշի դուրս գա շինհրապարակներից։
#CivilNetCheck-ը շրջել է Երևանի մի շարք շինհրապարկներով՝ փորձելով պարզել, թե որքանով են պահպանվում շինհրապարակների կահավորման նորմերը։
Ի՞նչ է պահանջում օրենքը շինհրապարակների կահավորման վերաբերյալ
Երևանում շինհրապարակների պատշաճ կահավորումը կարգավորվում է Երևանի քաղաքապետի՝ 2012-ին ընդունած որոշմամբ։ 2023-ին Երևանի ավագանին, լրացումներ կատարելով որոշման մեջ, սահմանեց, որ շինարարական օբյեկտները պետք է ծածկված լինեն փոշեկլանիչ ցանցով։ Ավազը, գաջը և այլ նյութերը պետք է պահեստավորված լինեն փակ տարածքներում կամ ծածկվեն անթափանց թաղանթով։
Ի դեպ, փոշեկլանիչ ցանցերը ոչ միայն փոշու նվազեցման, այլև դժբախտ պատահարներից են պաշտպանում՝ ընկնելու դեպքում նվազագույնի հասցնելով վնասվածքները և մահվան ռիսկը։
Միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների (այդ թվում՝ բնակելի շենքերի) շինարարություն իրականացնելիս կառուցապատողը պետք է տեղադրի օդի որակի մշտադիտարկման սարքեր, որոնք պետք է միացված լինեն քաղաքապետարանի առցանց հարթակին։
Առցանց հարթակի տվյալները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի կայքում, որտեղ քաղաքացիները նույնպես կարող են հետևել օդի աղտոտվածությանը։
Օդի որակի մշտադիտարկման սարքերը տրամադրվում են անվճար, բայց կառուցապատողները տարեկան 1 միլիոն դրամ պետք է վճարեն ծրագրի սպասարկման համար։ Այս վճարը նախատեսված է միայն մեկ սարքի սպասարկման համար։
Ինչպե՞ս են կիրառվում կարգավորումները
#CivilNetCheck-ը շրջել է Երևանի շինհրապարակներով և արձանագրել մի շարք խախտումներ դրանց կահավորման հետ կապված։
Ուսումնասիրության ընթացքում արձանագրեցինք, որ շինարարական օբյեկտները փոշեկլանիչ ցանցով ամբողջությամբ ծածկված չեն, հաճախ փոշեկլանիչ ցանցն ունի ձևական բնույթ, քանի որ մի փոքր հատված է միայն ծածկում, դրանք հաճախ պատռված են։
Հանդիպել ենք նաև փողոցի հարակից տարածքում գտնվող շինհրապարակներ, որտեղ կառուցապատողն առանձին անցուղի չի նախատեսել հետիոտնի համար։
Ոչ պատշաճ կահավորումն ու տուգանքները
վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը 2024-ի հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում Երևանում կազմվել է 534 վարչական իրավախախտումների արձանագրություն, սրա մեջ մտնում են նաև նույն խախտման հետ կապված մի քանի անգամ տուգանվածները։

Սահմանված տուգանքը, սակայն, մեծ չէ․ կառուցապատողները այս խախտումների համար տուգանվում են 70-100 հազար դրամ։ Տուգանքի չափը չի փոխվում մեկ անգամից ավելի նույն խախտումը կրկնելու դեպքում։
Ստացվում է, որ օդի որակի մշտադիտարկման սարքի սպասարկման վճարը տարեկան 1 միլիոն դրամ է, բայց սարքի բացակայության դեպքում կառուցապատողը տուգանվում է 70-100 հազար դրամ։
Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ քաղաքապետարանը պատրաստվում է վերանայել տուգանքի չափը։
Քաղաքապետարանից նաև տեղեկացրին, որ կառուցապատողներից ստացել են օդի որակի մշտադիտարկման սարքի տեղադրման 130 դիմում, իսկ ներկայում տարբեր շինհրապարակներում տեղադրված է 60 սարք։ Կառուցապատողը պետք է ունենա երկու սարք՝ մեկը տեղադրված աղտոտման աղբյուրից քամու ուղղությամբ վերև, մյուսը՝ ներքև։ Այսինքն` հուլիսի 1-ի դրությամբ ընդամենը 30 կառուցապատողի մոտ կա օդի որակի մշտադիտարկման տեղադրված սարք։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ շինարարության ընթացքում գտնվող միջինից բարձր ռիսկայնության օբյեկտները 314-ն են Երևանում։ Այսինքն՝ կառուցապատողների մոտավորապես 10%-ի մոտ է միայն սարքը տեղադրված, այն դեպքում, երբ ավագանու որուշումն ուժի մեջ է մտել 2023-ի սեպտեմբերից։
Ի՞նչ են ասում կառուցապատողները
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի փոխնանախագահ Արայիկ Քուրդյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ բազմիցս հանդիպումներ են ունեցել լիազոր մարմնի հետ, առաջարկել հստակ սահմանել դեպքերը և նորմերը փոշեկլանիչ ցանցի մասով։
«Փոշին ամենաշատը շինհրապարակներում լինում է հողային աշխատանքերի փուլում, իսկ հողային աշխատանքների փուլում փոշեկլանիչ ցանց կախելն աբսուրդի ժանրից է։ Ինչ վերաբերում է նրան, որ արդեն շենքը կանգնած է ու իր կմախքի վրա պետք է հավաքվի ու փակվի, մենք ասել ենք, որ նորմատիվ կարգավորում, իրավական ակտ չունենք այս պահին, թե ոնց պետք է մոնտաժվի ցանցը»,- նշում է Արայիկ Քուրդյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ դրանք ընդամենը պատճառաբանություններ են, իսկ փոշին լինում է շինարարության ամբողջ ընթացքում։
«Դա միայն Հայաստանում չեն որոշել, Երևանի ավագանին չի որոշել։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կիրառելու արդյունքում փոշու արտանետումները նվազում են»,- նշում է Ռուբեն Խոջայանը։
Ինչպիսի՞ն է միջազգային փորձը
Հայաստանում գործող կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Շինարարական աշխատանքների ժամանակ փոշու նվազեցման համար գրեթե նույն կարգավորումներն է նախատեսում Միացիալ ազգերի կազմակերպությունը։
#CivilNetCheck-ը Google Maps-ի միջոցով շրջել է եվրոպական քաղաքներում։ Արբանյակային լուսանկարներից երևում է, որ շինարարության ընթացքում շինությունները ամբողջությամբ ցանցապատ են։


Փոշեկլանիչ ցանցերն այստեղ օգտագործվում են ոչ միայն փոշու նվազեցման, շինարարների անվտանգության համար, այլև եկամտի աղբյուր են։ Դրանց վրա գովազդներ են փակցվում։

Այսպիսով, Երևանում ընթացող ակտիվ շինարարության ֆոնին չեն պահպանվում շինհրապարակների կահավորման նորմերը, ինչը նպաստում է քաղաքի աղտոտմանը։ Իսկ խախտումների համար տուգանքի չափը մեծ չէ, մի շարք կառուցապատողներ նույն խախտման համար տուգանվում են մի քանի անգամ, բայց խնդիրը չի լուծվում։