Ջերմուկն այսօր․ «Այստեղ անվտանգ է նույնքան, որքան Հայաստանի այլ հատվածներում»

2022-ի սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների հետևանքով առավել տուժած համայնքներից մեկը Ջերմուկն էր։ Մարտական գործողությունների հետևանքով համայնքի առողջարանային կյանքը խաթարվել էր, հյուրանոցային բիզնեսը՝ վատթարացել։ Հակառակորդի ագրեսիայից երկու տարի անց համայնքը արդեն ոտքի է կանգնել, ընդունում և ճանապարհում է հազարավոր հյուրերի։

«Մենք բավարար արդյունավետ ծառայություններ ենք առաջարկում, որպեսզի մարդը կարողանա հաղթահարել վախը և գալ։ Չէ՞ որ մարդիկ կան, որ այստեղ ապրում ու աշխատում են»,- ասում է մոր և մանկան «Արարատ» առողջարանի բժիշկ Հովհաննես Հակոբյանը։

Ջերմուկի մոր և մանկան «Արարատ» առողջարանը մի քանի տասնամյակ է, ինչ գործում է։ Դեռ Խորհրդային Միության տարիներից այցելուների պակաս չեն ունեցել։ Մարդիկ գալիս են ամեն տարի, ստանում իրենց բաժին առողջարանային բուժումը, հեռանալուց հետո էլ սկսում մյուս տարվա ֆինանսական հարցերը լուծել։ Հովհաննես Հակոբյանի խոսքով՝ հենց հավատարիմ այցելուների շնորհիվ սեպտեմբերի 13-ից հետո Ջերմուկի առողջարանային կյանքը շարունակվեց։

«Ավելի շատ մտավախություն կար՝ ինչպես կլինի, ինֆորմացիոն դաշտը ոչ մի ձև չէր վերահսկվում։ Ոչ ոք չէր կարող ակնկալել, որ այսպես կլինի։ Չնայած՝ փաստացի Ջերմուկը քարտեզով սահամանամերձ է, բայց չէինք պատկերացնում, որ նման բան կարող է պատահել։ Բայց հիմնական բնակչությունը վերադարձել է»,- ասում է առողջարանի բժիշկը։

Մոր և մանկան «Արարատ» առողջարանը տարեկան 3-4 հազար անձի է սպասարկում, որոնցից 300-500-ը հատուկ կարիքներ ունեցող երեխաներ և նրանց ընտանիքի անդամներն են։ Բժշկի խոսքով՝ սահմանային խնդրից զատ, շատ կարևոր է լուծել լավ մասնագետներ ներգրավելու հարցը։ Պետությանը կամ աջակից կազմակերպություններին առաջարկում է միջոցներ տրամադրել, որպեսզի լավ մասնագետներ ներգրավեն առողջարանային կյանք, ոգևորեն բարձրակարգ կրթություն ունեցողներին, որ Երևանից 170 կիլոմետր այն կողմ գնան և սահմանամերձ բնակավայրում աշխատեն։

Հովհաննես Հակոբյանը

«Վերջին տարիներին դրան խանգարում են անվտանգության հետ կապված հարցերը, բայց այն մեծ թիմին, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում, ոչինչ չի խանգարում։ Նույնիսկ արտասահմանից մեր մենթորները այդ դեպքերից հետո եկան Ջերմուկ, հունվարին Նիդեռլանդներից մեր խորհրդատուն էր եկել և հետը բերել էր նեղ մասնագետի, մեր գործընկերները մեր թիկունքին էին»,- ասում է Հակոբյանը։

Ամուլսարի հարցն ու Կեչուտի մեղրը

Սահմանային խնդրից զատ Ջերմուկում կա նաև Ամուլսարի հարցը։ Ջերմուկցիների համար այս թեման փակ է։ Մեզ հետ զրույցում ջերմուկցիները նույնիսկ չցանկացան խոսել թեմայի շուրջ, նրանց համար հանքի բացումը անթույլատրելի է։

«Դա մեր մակարդակի բանը չէ»,- ասում է Կեչուտի բնակիչ Դավիթ Ստեփանյանը, հետո ավելացնում, որ հանքի բացումը կվնասի իր մեղուներին և գյուղատնտեսական գործունեությանը։ Դավիթ Ստեփանյանին Ջերմուկ համայնքում բոլորը որպես «մեղր Դավիթ» են ճանաչում, հանգստացող հյուրերն էլ ամեն տարի այցելելով համայնք՝ անպայման մեղր են գնում նրանից։

«Շուրջ 25 տարի է՝ մեղվաբուծությամբ եմ զբաղվում, մենք ծնվել ենք ու միշտ մեղվապահության մեջ ենք եղել։ Ես 29 տարեկան ժամանակ մտածեցի, որ պապիկիս թողած գործը կարելի է շարունակել ու ավելի մեծ մասշտաբով, հերս ութ փեթակ մեղվաընտանիք է տվել, ջանք չեմ խնայել»,- ասում է Դավիթը։

Դավիթ Ստեփանյանը

Դավիթ Ստեփանյանն ունի 250-ից ավելի մեղվափեթակ, ձգտում է ավելացման, սա ընտանեկան բիզնես է։ Սակայն գործունեությունը շարունակելու և շրջապատին վարակելու համար նաև պետական աջակցության կարիք է տեսնում։

«Շուկան հիմնականում Ջերմուկում հանգստացող մարդիկ են, զանգում, պատվիրում են, մենք էլ առաքում ենք։ Մի քիչ անհատական ենք անում էս ամենը, լավ կլիներ՝ կառավարությունը մեղվաբուծական գործով մի քիչ խորանա, մեր մեղրը ոչ թե լինի միայն Հայաստանում, այլ նաև արտահանենք։ Հայաստանի մեղրը շատ լավ մեղր է, թող լաբորատորիաներ դնեն, շատ լավ տարածեն Հայաստանի մեղրը։ Շատ լավ եկամուտ բերող գործ է, մարդկանց ուղղակի լավ պետք է սովորեցնենք զբաղվել դրանով»,- ասում է Դավիթ Ստեփանյանը։

Համայնքի սահմանամերձ լինելու փաստը չի վախեցնում գյուղատնտեսին․ «Ամբողջ Հայաստանը սահման է, վտանգներ ունենք, ուղղակի մենք էլ պետք է պատրաստ լինենք, որ այդ վտանգները հաղթահարենք»։

Կարկուտը վնասել է ծիրանը

Այս տարի համայնքը կարկուտից վնասներ է կրել․ Գնդեվազում տեղացած կարկուտից հետո ծիրանի այգիները վնասվել էին։ Կարկուտից վնասված ծիրանը չկարողանալով լայն շուկայում իրացնել՝ գնդեվազցիները ստիպված են եղել կիլոգրամը 50 դրամով վաճառել։ Գնդեվազի բնակիչ Գագիկ Մարգարյանը վնաս կրողներից մեկն է, սակայն սեփական փոխադրամիջոցը ունենալու շնորհիվ կարողացել է փոքր-ինչ փրկված ծիրանի բերքը տանել մարզեր և ավելի մեծ գումարով իրացնել։ Այգին հիմնել է սեփական ուժերով, մշակում է ընտանիքի հետ։

«Էդքան աշխատանքը իմ կնոջ հետ, իմ երեխեքի հետ եմ արել։ Էս տարի բերքը անորակ եղավ։ Ես ոչ մի հատ կողմնակի աշխատող չունեմ, մենք մեր ձեռքով արել ենք, ճիշտ է՝ քիչ, բայց գոհ ենք էլի, եղածով պիտի բավարարվես»,- ասում է Գագիկ Մարգարյանը։

Գագիկ Մարգարյանը

Հետագայում այգին ընդլայնելու ծրագրեր ունի գյուղատնտեսը։ Ծիրանի նոր տեսակներ է պատրաստվում աճեցնել, նաև ուզում է սառնարան ձեռք բերել, որպեսզի բերքը երկար պահպանվի։ Գագիկ Մարգարյանը վստահեցնում է՝ Ջերմուկում անվտանգ է նույնքան, որքան Հայաստանի այլ հատվածներում և հակառակը։

«Կարելի է ասել՝ ոչ մի վտանգ չկա այսօրվա դրությամբ, բայց, օրինակ, կան մարդիկ, որ Ջերմուկի անունը շեշտում են, թե վտանգավոր է այստեղ։ Մենք ապրում ենք մեր երեխեքի հետ այստեղ, ոչ մի բան չենք զգում, բայց Երևանում լսում ենք, որ մարդիկ ասում են՝ ձեր Ջերմուկում չե՞ն կրակում։ Դե՛, չէ՛, չե՛ն կրակում», – ավելացնում է Գագիկ Մարգարյանը

ՍիվիլՆեթը Ջերմուկ համայնք այցելեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Լիա Ավագյան


Մեկնաբանել