Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ գովազդներ, որոնցում խարդախները հանդես են գալիս ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի անունից: Գովազդում նշվում է, թե Ինտերպոլը Ֆինանսների նախարարության հետ համատեղ «գումար է հատկացրել խարդախության բոլոր տուժածներին փոխհատուցելու համար»։
Մեկ այլ գովազդում վստահություն ներշնչելու համար օգտագործվում է «Հայաստանի կիբերոստիկանություն» անվանումը և ՀՀ ոստիկանության զինանշանը:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք իրականում նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձեր են, որոնք թիրախավորում են արդեն իսկ գումար կորցրած անձանց:
Ինչպե՞ս է գործում խարդախության սխեման
Իրականում Հայաստանում «կիբերոստիկանություն» անվանումով պաշտոնական կառույց կամ ստորաբաժանում գոյություն չունի։ Ինտերպոլը միջազգային իրավապահ կազմակերպություն է և, ինչպես Ֆինանսների նախարարությունը, չի զբաղվում առանձին քաղաքացիների գումարները վերադարձնելով:
Այս գովազդները նպատակ ունեն նախկինում գումարներ կորցրած քաղաքացիներից ստանալ նրանց անձնական և բանկային տվյալները՝ ներքաշելով ֆինանսական խարդախության մեջ։ Գովազդներում առկա հղումները տանում են կասկածելի կայքեր, որտեղ պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ իբրև թե գումարի վերադարձի գործընթացը սկսելու համար:
Խարդախները զանգահարում են զոհին և ներկայանալով որպես իրավաբաններ՝ խոստանում են «հետաքննություն իրականացնել» և վերադարձնել նրանց կորցրած գումարները։ Ընդ որում՝ խաբեբաները որպես կանոն վստահեցնում են, թե իրենց ծառայությունն անվճար է կամ պետք է վճարել միայն ֆինանսական միջոցների ստացումից հետո։
Որոշ ժամանակ անց խարդախները զոհին հայտնում են, թե գումարը գտնվել է, և բանկային փոխանցման հաստատման համար կամ այլ հորինված պատճառով պետք է որոշակի գումար վճարել։
Այս խարդախության սխեմային #CivilNetCheck-ը մանրամասն անդրադարձել էր ամիսներ առաջ։
Տե՛ս՝ Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները
Ոստիկանությունը նախորդ ամիս ևս անդրադարձել է տարածվող այս կեղծիքին և կոչ արել քաղաքացիներին զգուշանալ ոստիկանության, Ինտերպոլի կամ այլ կառույցների անունից հանդես եկող կեղծ իրավաբաններից։
Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող՝ կորցրած գումարները վերադարձնելու խոստումով գովազդները կեղծ են և կարող են հանգեցնել նոր ֆինանսական կորուստների: