Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Oragir.news լրատվականը օգոստոսի 27-ին հոդված է հրապարակել «Օլիմպիական խաղերին հայտնի դարձած թուրք հրաձիգը, պարզվում է, հայ է» վերտառությամբ։ Խոսքը Փարիզի Օլիմպիական խաղերում Թուրքիան ներկայացնող հրաձիգ Յուսուֆ Դիքեչի մասին է։
Օլիմպիական խաղերում շատերի ուշադրության կենտրոնում հրաձիգի՝ հայ լինելու մասին լուրը կայքը տարածել է՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը։
#CivilNetCheck-ը գնացել է լուրի հետքերով։
Ո՞րն է տեղեկատվության աղբյուրը, արդյոք հեղինակն անո՞ւմ է նման պնդում
Փարիզում 2024-ին կայացած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարում Թուրքիան ներկայացնող Յուսուֆ Դիքեչը հանդես էր եկել պաշպանիչ նվազագույն հանդերձանքով, ինչով էլ հայտնի էր դարձել։
Փնտրելով Oragir.news-ի հրապարակած տեղեկատվության աղբյուրը՝ հանդիպեցինք համշենահայ Էռոլ Ամատունու ֆեյսբուքյան գրառմանը։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Oragir.news-ից հաստատեցին, որ լուրի աղբյուրը Էռոլ Ամատունու գրառումն է եղել։
Էռոլ Ամատունին գրել է, որ Թուրքիան ներկայացնող մարզիկը ծնվել է Մարաշի Գյոքսուն շրջանի Թաշոլուկ գյուղում։
«20-րդ դարասկզբին գյուղը եղել է հայկական բնակավայր։ Այն թալանվել է 1909 թվականին, իսկ 1915 թվականին ամբողջ գյուղն իսլամ է ընդունել։ Ավելի ուշ երկու քուրդ ընտանիք Կարսի Սարիղամիշից տեղափոխվել է այս գյուղ»,- գրել է Ամատունին։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Էռոլ Ամատունին նշեց, որ իր գրառման մեջ տեղեկություններ է հայտնել միայն գյուղի մասին։ Նա տեղյակ չէ, թե երբ է Դիքեչի ընտանիքը հաստատվել այդ գյուղում՝ 1915-ից հետո, թե առաջ։ Ընտանիքի արմատներին էլ ծանոթ չէ։
«Հավանական է, որ նա հայ է կամ ձուլված է քրդերի հետ, բայց ես համոզված եմ, որ նա թուրք չէ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Oragir.news-ին, ապա այնտեղից հայտնեցին, որ «լրագրողը հավանաբար սխալ է հասկացել գրառումը»։
Այսպիսով, Օլիմպիական խաղերին Թուրքիան ներկայացնող Յուսուֆ Դիքեչի՝ ազգությամբ հայ լինելու մասին լուրն անհիմն է։