Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությունում նշվում է, թե խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիքներն են Հայաստանի Սահմանադրությունը և «զանգվածային ռազմականացման քաղաքականությունը»։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերություններին, բազմակողմ համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրել է «տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող վտանգների մասին»։
«Հայաստանի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերում Ադրբեջանի, ինչպես նաև եղբայրական Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող հավակնությունները, Հայաստանի զանգվածային ռազմականացման քաղաքականության հետ մեկտեղ, հիմնական սպառնալիքներն են խաղաղության գործընթացի համար»,- ասված է հաղորդագրությունում։
Բայրամովն ու Ֆիդանը ընդգծել են նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված «քաղաքական և բարոյական աջակցությունը»։ Կողմերը բարձր են գնահատել Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներում Թուրքիայի ակտիվ մասնակցությունը: