«Խնայբանկ»-ի փոխհատուցման հետ կապված որևէ նոր փոփոխություն չկա

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր պարբերաբար տարածում են գրառումներ՝ «հենց նոր պաշտոնապես որոշվեց․ ուշադրություն բոլոր նրանց, ովքեր ունեցել են ավանդ՝ «Խնայբանկ»-ում․ տեսեք, թե որքան փոխհատուցում է նախատեսված» բովանդակությամբ։

Գրառումներին կցված հոդվածում նշվում է, որ եթե նախկինում փոխհատուցում կարող էին ստանալ մինչև 1936-ը ծնվածները, ապա ներկայում նաև 1938-ին ծնվածները։

Արդյոք ավանդների փոխհատուցման հետ կապված փոփոխությո՞ւն է եղել

Չնայած, որ ֆեյսբուքյան էջերը լուրը տարածում են «հենց նոր պաշտոնապես որոշվեց» ձևակերպմամբ, այնուամենայնիվ, տարածվող լուրը հին է։

1938-ին ծնվածները, որոնք Խորհրդային Հայաստանի «Խնայբանկ»-ում ավանդ են ունեցել, փոխհատուցում ստացողների շարքում ընդգրկվել են ոչ թե վերջերս, այլ 2021-ին։ Ավելին, վերջին փոփոխություններով ավանդների փոխհատուցում կարող են ստանալ մինչև 1941-ին ծնվածները։

Ո՞ր էջերն են տարածում փոփոխության հետ կապված լուրերը

Գրառումները պարբերաբար տարածում են ֆեյսբուքում 128 հազար հետևորդ ունեցող «Info Տեղեկատու» և 59 հազար հետևորդ ունեցող «Live Info» էջերը։

Այս էջերը փոխկապակցված են, դրանք համաժամանակյա ռեժիմով՝ նույն ժամին, նույն լուրերն են տարածում։

Էկրանապատկերը՝ «Info Տեղեկատու» և «Live Info» էջերից

Նույն լուրը, նույն օրը նույն ժամին նախկինում տարածել են իրար հետ փոխկապակցված այլ ֆեյսբուքյան էջեր ևս։

Էկրանապատկերը՝ սոցցանցերից

Կցված կայքը ողողված է գովազդներով։ Ֆեյսբուքյան էջերը նման ձևակերպումներով լուրեր են տարածում կցված կայքի այցելությունները մեծացնելու և դրանից գովազդների հաշվին գումար աշխատելու համար։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան գրառումներին կցված կայքից

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերի տարածած լուրը հին է։ Իսկ վերջին փոփոխություններով «Խնայբանկ»-ի ավանդների փոխհատուցում կարող են ստանալ մինչև 1941-ին ծնվածները։

Մեկնաբանել