ANIF-ը լուծարվեց

Կառավարությունն ավարտել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի լուծարման գործընթացը և օգոստոսի 29-ի նիստում ներառված որոշմամբ կընդունի համապատասխան որոշումը։

Ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որտեղ էլ որոշվել էր լուծարել ընկերությունը։ Մինչ այս պահը կառավարությունը մանրամասն բացատրություններ չի ներկաացրել, թե ինչու է լուծարվում ANIF-ը։ Մինչ լուծարումը ընկերության կառավարումը հանձնվել էր պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ հունիսին կառավարությունը 1,7 միլիարդ դրամ ուղղեց ANIF-ի պարտավորությունների մարմանը։

2019-ի ապրիլին ANIF-ի ստեղծմամբ կառավարությունը խոստանում էր խթանել ներդրումները։ Ընկերությունը հանրային միջոցներով ներդրումներ էր կատարել Fly Arna ավիաընկերությունում, որը դադարեցրեց թռիչքներն ու լուծարվեց։ Fly Arna-ի մյուս բաժնետերը՝ «Էյր Արաբիա»-ն էլ ներդրումային արբիտրաժային հայց է մտադիր սկսել Հայաստանի դեմ։

ANIF-ի մյուս խոշոր նախագիծը արաբական «Մասդար» ընկերության հետ արևային էլեկտրակայանների հիմնումն էր։ «Այգ-1» անունը կրող արևային էլեկտրակայանի կառուցումը 5 տարի անց չի մեկնարկել։ Վերջերս էկոնոմիկայի նախարարը, թեպետ, դրական տեղաշարժի մասին էր ակնարկել։

ANIF-ը հանրային միջոցները նաև ներդրել էր ռեստորանային բիզնեսում՝ հանձին Երևանի կենտրոնում գործող Hard Rock ռեստորանի։

ANIF-ի լուծարման որոշումից տեղեկանում ենք, որ կառավարության կողմից ընկերությանը հանձնված 1,7 մլրդ դրամից, 1,2 մլրդ-ն ուղղվել է վարկային պարտավորությունների մարմանը, աշխատակիցների աշխատավարձերին, վերջնահաշվարկներին և այլն։ ANIF-ի հաշվեկշռում կան ավելի քան 547 հա մակերեսով հողեր Արագածոտնի մարզում, 21,6 մլն դրամի հիմնական միջոցներ՝ գրասնեյակային գույք, տեխնիկա և այլն։ Ըստ հիմնավորման՝ ANIF-ի կատարած ներդրումները ավելի քան 7,3 մլրդ դրամի են, իսկ դեբիտորական պարտքը՝ 8,7 միլիարդի։

Կառավարությունը մտադիր է ANIF-ի բաժնեմասնակցությամբ ընկերություններից «Մասդար-Հայաստան 1» ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնել էկոնոմիկայի նախարարությանը։ Կառավարության որոշման որոշ փաստաթղթերից սակայն տեղեկանում ենք, որ Տարածքային կառավարման և ենփակառուցվածքների և էկոնոմիկայի նախարարություններն ունեն անհամաձայնություններ, թե ում պետք է հանձնվի «Մասդար-Հայաստան 1»-ի բաժնետոմսերի կառավարումը։

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» ՓԲԸ-երի բաժնեմասերն էլ կկառավարի պետական գույքի կառավարման կոմիտեն։

Այս գործողություններից հետո ANIF-ի լուծարումը կամբողջանա։

Ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ ANIF-ի գործունեության հետ կապված։ Ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս խոսելով ընկերության մասին ասել էր՝ ANIF-ը ամենակարևոր, ամենախոշոր ու հեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է։ Թե որ ծրագրերն են ստացվել ANIF-ի կողմից, Ավինյանը չէր նշել։ Վերջինս նաև հայտարարել էր՝ ANIF-ն իր առջև դրված խնդիրները ճիշտ է կատարել։

2023-ի գարնանը Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ էր արձանագրել ընկերությունում՝ հաշվետվողականության, թափանցիկության ու անսահմանափակ մանդատի հետ կապված։ 2023-ի վերջին Տիգրան Ավինյանն ու նրա մտերիմները հեռացվել էին ANIF-ի խորհրդից։

Մեկնաբանել