Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է 2027-ին, հայտարարել է արդարադատության նախարար, սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Գրիգոր Մինասյանը:
«Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն՝ հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մինասյանը:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի հունվարին։ Խորհուրդը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ և ներկայացնի վարչապետի աշխատակազմ։