«Կոկա Կոլան» մեքենա չի խաղարկում․ տարածվող գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Կոկա Կոլայի» (Coca-Cola) անունից, իբրև ընկերությունը մրցույթ է իրականացնում, որին մասնակցելով հնարավոր է մեքենա շահել։

#CivilNetCheck-ը փորձել է պարզել՝ արդյոք մրցույթն իրակա՞ն է։

Ի՞նչ է հայտնի հայտարարությունը տարածող էջի մասին

Ֆեյսբուքյան «Coca Cola Fans.» անունով էջն առաջարկում է ընդամենը լուսանկարի վրա գտնել տարբերվող թիվը և մեքենա շահել։

Գրառման տակ ավելի քան հազար մեկնաբանություններ են առկա։

Մեկնաբանություն թողնելուց հետո էջից պահանջում են տարածել գրառումը։ Ներկայում ընդհանուր գրառումն ունի մի քանի հարյուր տարածում։

«Coca Cola Fans» էջը ստեղծվել է 2024-ի օգոստոսի 26-ին. հենց նույն օրն էլ էջում տեղադրվել է մրցույթի վերաբերյալ գրառումը, որը էջի միակ ակտիվությունն է։ Սակայն այս էջը որևէ կապ չունի Coca Cola ընկերության պաշտոնական էջի հետ։

Էկրանապատկերը՝ «Coca Cola Fans.» էջից

Մրցույթն իրակա՞ն է

Ընկերության պաշտոնական էջը, որն ունի 108 միլիոն հետևորդ, կոչվում պարզապես Coca-Cola։

«Կոկա Կոլա» ընկերությունը հաճախ է մրցույթներ կազմակերպում, բայց սոցցանցերում նման գրառում տեսնելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն հրապարակված լինի պաշտոնական էջում։

#CivilNetCheck-ի հետ զրույցում ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունից նշեցին, որ որևէ կապ չունեն այդ էջի հետ, մրցույթի վերաբերյալ գրառումը կեղծ է։ Նշեցին նաև, որ նման գրառումներ հաճախ են տարածվում «Կոկա-կոլայի» անունից։

Առհասարակ, նման հեշտ պայմաններով մրցույթներ չեն կարող լինել։ Կեղծ մրցույթի վերաբերյալ գրառումը տեղադրվել է էջը բացվելու նույն օրը, ինչը ևս ցույց է տալիս, որ այն բացվել է կեղծ մրցույթի վերաբերյալ գրառումը տարածելու նպատակով։

Ենթադրաբար, էջի նպատակը գրառումը տարածելու միջոցով լսարան հավաքելն է, բայց նմանատիպ կեղծ մրցույթները կարող են տարբեր նպատակներ ունենալ՝ սկսած լսարան հավաքելուց մինչև անձնական կամ բանկային տվյալներ հավաքելը։

  • Եթե Դուք տեղյակ եք, որ դա խաբեություն է, ինչու չեք նախորոք տեղեկացնում բոլորին այդ մասին. Սպասում եք մարդիկ իրենք փորձեն ճշտել դրա իսկուղյունը՝ ինչպես ես, նոր հանդես եք գալիս քննադատությամբ ուշացումով, որովհետեվ ես արդեն իս համոզվել էի, որ դա խաբեություն է եվ այդ մասին գրել էի իրենց.

Մեկնաբանել