Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում են հրապարակումներ, որոնք պնդում են, թե Հայաստանի Կենտրոնական բանկը դատի է տվել գործարար և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Տեղեկությունը տարածվում է Meta-ի հարթակներում՝ Facebook-ում և Instagram-ում՝ մի շարք կեղծ էջերի տեղադրած գովազդային գրառումների միջոցով։
#CivilNetCheck-ը պարզել է, որ լուրը կեղծ է, ավելին՝ այն ֆինանսական խարդախության փորձ է, որը նպատակ ունի մարդկանց ներգրավել կեղծ ներդրումային հարթակում:
Ինչպե՞ս է գործում խարդախության սխեման
Գովազդային հրապարակումներում առկա հղումները տանում են կեղծ կայք, որը նմանակում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կայքը: Դրանում առկա է հոդված, որը պատմում է Գագիկ Ծառուկյանի և «հաղորդավար Արմինե Օհանյանի» միջև իբր տեղի ունեցած «սկանդալային հարցազրույցի» մասին։ Մինչդեռ, իրականում նման հարցազրույց երբեք տեղի չի ունեցել։
Կեղծ հոդվածում նշվում է, թե Ծառուկյանը պատմել է, որ Immediate Fortune ներդրումային հարթակի միջոցով մի քանի ամսում վաստակում է 400 հազար դոլար և առաջարկում Հայաստանի քաղաքացիներին նույնպես այնտեղ աշխատել: Գովազդվող հարթակը նույնպես կեղծ է և իրականում հանդիսանում է խարդախության գործիք:
#CivilNetCheck-ը նախկինում արդեն մանրամասն նկարագրել է այս հարթակի միջոցով զեղծարարների խարդախության սխեման։
Տես՝ «Զգուշացե՛ք, խարդախություն. հայտնի մարդկանց անունից գովազդվում է կեղծ ներդրումային հարթակ»
Ուշագրավ է, որ վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ խարդախները ֆինանսական խաբեություն են տարածում՝ օգտագործելով Գագիկ Ծառուկյանի նկարը: Վերջին ամիսներին ֆինանսական խարդախները զանգվածաբար թիրախավորում են հայաստանյան օգտատերերին:
#CivilNetCheck-ը Meta ընկերության հետ համագործակցությամբ պայքարում է նմանատիպ ֆինանսական կեղծիքների դեմ: Սակայն խարդախները շարունակում են նոր գովազդներ տարածել՝ ստեղծելով տասնյակ կեղծ էջեր:
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի անունից տարածվող ներդրումային հարթակի գովազդները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ նրանցից գումար կորզելու համար: