Ներկայում համաձայնեցվում է տարածաշրջանային 3+3 ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպման ժամկետը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով օգտակար է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։ Ներկայում համաձայնեցվում է այս ձևաչափով հաջորդ նիստի օրը՝ արտգործնախարարների մակարդակով»,- հայտարարել է նա։
Ռուսաստանի դեսպանը քննադատել է նաև Հայաստանի կապերն Արևմուտքի հետ․ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է այդ երկրի ապագայի համար։ Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում»։
2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) համագործակցության հարթակ ստեղծելու առաջարկներ հնչեցին։ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացել է 3+3 ձևաչափով նախանիստ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում արդեն հանդիպել էին վեց երկրների արտգործնախարարները։ Հարթակի երկու հանդիպումներին էլ Վրաստանը չի մասնակցել։