«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Սոկրատ Փամբուխչյանն անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը։ Փամբուխչյանը և՛ ընկերության բաժնետերն է, և՛ տնօրենը։ Սա 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանի միակ ընկերությունն է, նա երբևէ որևէ այլ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի հանդիսացել։
«Սանգարդեն». փոխքաղաքապետի հոր ընկերությունը
Ըստ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ «Սանգարդեն»-ը զբաղվում է «այլ մասնագիտացված շինարարական գործունեությամբ»։ Ընկերությունը գրանցված է նրա բնակության հասցեում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում Փամբուխչյանի բիզնես գործունեության մասին այլ տեղեկություններ չկան։
Շենիկ գյուղում հողամասերը Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել ոչ թե անձամբ, այլ այս ընկերության միջոցով։ Բոլոր հողամասերը նա գնել է Շենիկի ավագանու նախկին անկուսակցական անդամ Հարություն Պետրոսյանից, որն Արմավիրի մարզում ունի խոշոր հողատարածքներ, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Փամբուխչյանի ձեռք բերած 40 հեկտարի ամենամեծ հողակտորը 19,5 հեկտար է։ Նա այն գնել է 19,4 միլիոն դրամով։
Ավելի ուշ Փամբուխչյանը դիմել է Բաղրամյանի համայնքապետարան, համայնքի ավագանին էլ որոշել է Շենիկի 19,5 հեկտար հողամասից 1,1 հեկտարն առանձնացնել, նպատակային նշանակությունը արոտավայից փոխել ջրային հողերի, ապա հողամասին տրամադրվել է նոր հասցե։ Դրանից մի քանի օր անց Փամբուխչյանը համայնքից ստացել է 20 000 խորանարդ մետր մակերեսով ջրավազան, ինչպես նաև պոմպակայան կառուցելու նախագծային թույլտվություն։ Մեր այցելության ժամանակ ջրավազանն արդեն կառուցված էր, բայց դեռևս ջրով լցված չէր։
Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել այս հողամասի հարևանությամբ գտնվող ևս 12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր 12 մլն դրամով։
Նույն տարածքում Սոկրատ Փամբուխչյանը գնել է մեկ այլ հողակտոր՝ 8 հեկտար մակերեսով, որի համար վճարել է 8 միլիոն դրամ։ 3 հողակտորների ընդհանուր մակերեսը մոտ 40 հեկտար է, այս ամենի համար Սոկրատ Փամբուխչյանը վճարել է 39,5 մլն դրամ։
40 հեկտարի մեծ մասը դեռևս ամայի է, միայն դրա մի հատվածում Փամբուխչյանը կառուցել է ջրավազան։ Դատելով տարածքում շինանյութի ու այգեհիմնման համար անհրաժեշտ հենարանների առկայությունից՝ այստեղ շինարարական աշխատանքներ են նախապատրաստվում։
Մեծ վարկ «Ամերիաբանկ»-ից, աջակցություն պետությունից
ՍիվիլՆեթի տվյալներով՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը խոշոր վարկային միջոցներ է ստացել «Ամերիաբանկ»-ից։ Նրա խոսքով՝ իրեն տրամադրվել է 1,5 միլիարդ դրամի վարկ, որպես վարկի ապահովման միջոց էլ գրավադրվել են Շենիկում գտնվող այս հողամասերը, դրա վրա հիմնված և հիմնվելիք ենթակառուցվածքները՝ ոռոգման համակարգեր, կարկտապաշտպան համակարգեր, ենթակայաններ և այլն։ Վարկի մարման ժամկետը 2031-ի սեպտեմբերն է։
Սոկրատ Փամբուխչյանի «Սանգարդեն»-ին աջակցություն է ցուցաբերել նաև պետությունը։ Ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման` էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ «Սանգարդեն»-ը «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-25 թթ» ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է։ Գյուղատնտեսական այս ծրագիրն ուներ երկու բաղադրիչ՝ վարկերի սուբսիդավորման և ծախսերի փոխհատուցման, բայց հետագա փոփոխություններից հետո գործում է միայն վարկերի սուբսիդավորման բաղադրիչը։ Ըստ ընթացակարգի՝ շահառուներն այգեհիմնման վարկ ստանալու համար դիմում են բանկին, որը վարկունակության հաստատումից հետո հաստատում է նրանց վարկը 14 տոկոսով։ Դրանից 12 տոկոսի մարումն իրականացնում է պետությունը, փաստացի շահառուներին վարկը հատկացվում է 2 տոկոսով։ Այգեհիմնման համար վարկի մարման ժամկետը 8 տարի է։ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ մայիսի 31-ի դրությամբ «Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ։
Սոկրատ Փամբուխչյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ իր ընկերությունը մտադիր է մասնակցել նաև գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման 2023-25 թթ․ պետական աջակցության ծրագրին։ Սա ենթադրում է, որ ծրագրի շահառուն եթե ձեռք բերի գյուղատնտեսական հողեր, միավորի դրանք, մշակի, կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով փոխհատուցում կստանա կառավարությունից։
«Սպայկա»-ն՝ «Սանգարդեն»-ի կապալառու
«Սանգարդեն»-ի համար դեղձի այգիների հիմնումն իրականացնելու է «Սպայկա» ընկերությունը, որը այգիներ ունի Շենիկում՝ Փամբուխչյանի հողերից ոչ հեռու։ «Սպայկա»-ն հանդես է գալիս որպես կապալառու «Սանգարդեն»-ի համար։ Սոկրատ Փամբուխչյանը հաստատեց սա, ասաց՝ իր կողմից ներգրաված վարկային միջոցներն ուղղվել են «Սպայկա»-ին՝ այգու աշխատանքներն իրականացնելու համար։
«Սպայկա»-ի սեփականատերը գործարար Դավիթ Ղազարյանն է, գյուղատնտեսությամբ, գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող այս ընկերությունը մշտապես կապվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ 2018-ից սկսած Հայաստանի իրավապահները պնդում են, որ «Սպայկա»-ի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է Մինասյանին։ «Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը»,- 2020-ին հայտնել էր Պետեկամուտների կոմիտեն։ Մինչ այդ՝ 2019-ին «Սպայկա»-ի ղեկավար Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հարկեր թաքցնելու, պետությանը 7 մլրդ դրամի վնաս պատճառելու համար։ Նա կալանավորվել, ապա ազատ էր արձակվել, ընկերությունն էլ վերականգնել էր պատճառված վնասը։
Դրանից հետո վարչապետ Փաշինյանը, տարբեր պաշտոնյաներ այցելում էին «Սպայկա»-ի գործարաններ, այգիներ։ 2021-ին վարչապետի հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո տարածվել էր մի տեսանյութ, որում Փաշինյանին աջակցող երթի շարքերում երևում էր Դավիթ Ղազարյանը։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Արմեն Փամբուխչյանն ունի մտերիմ հարաբերություններ Դավիթ Ղազարյանի հետ։
Պատասխանելով Դավիթ Ղազարյանի հետ մտերմության վերաբերյալ մեր հարցին՝ Երևանի փոխքաղաքապետն ասել է՝ հարցերը կապ չունեն իր աշխատանքային, քաղաքական գործունեության հետ, անձնական բնույթի են, իսկ անձնական տվյալները հանրայնացնելու պարտականություն ինքը չունի։
Ինչպե՞ս է թոշակառու Փամբուխչյանը 40 հա հող գնել, մեծ վարկ ստացել
Երբևէ բիզնեսի սեփականատեր չեղած, թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը ինչպե՞ս կարող էր 40 հեկտար հող գնել, այգի հիմնել, դրա համար նաև 1,5 մլրդի վարկ ներգրավել (դոլարով արտահայտված 3.8 մլն դոլար)։ Փամբուխչյանի խոսքով՝ իր բիզնես ծրագիրն է հաջող եղել։ Նա պատմեց՝ հողերը ձեռք է բերել վարկային միջոցներով, բոլոր ներդրումները կատարում է ստացված վարկով. «Վարկը մոտավորապես 1,5 մլրդ դրամի է։ Մենք բիզնես ծրագիր ենք ներկայացրել իրենց, մեկ անգամ մերժվել ենք էկոնոմիկայի նախարարության կողմից, լրացուցիչ ճշտումներ են կատարել ու հետո ծրագիրը հաստատվել է, բանկը ֆինանսավորել է։ Հողամասերն ամբողջությամբ գրավադրված են բանկում»,- պատմեց Փամբուխչյանը։ Ինչպե՞ս է բանկը ֆինանսավորել ծրագիրը, արդյոք միայն այն, որ բիզնես ծրագիրը հաջող է եղել, բավարա՞ր է, որ բանկը մեծ վարկ տրամադրի թոշակառուին. Փամբուխչյանի պատասխանը դրական է՝ եթե ծրագիրը հաջող է և ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, բանկերը կֆինանսավորեն։
Դիտարկմանը, թե համարժե՞ք է արդյոք գրավադրված հողերի արժեքը ստացած վարկին, նա զարմացավ՝ եթե համարժեք չլիներ, բանկը չէր վարկավորի. «Իմ բիզնես ծրագիրը համոզել է բանկին, եթե ծրագիրս չհամոզեր բանկին, նրանք նույնիսկ 100 000 դրամ չէին տրամադրի»,- պնդեց նա՝ վստահեցնելով, որ փոխքաղաքապետ որդու գործոնն այս ծրագրում չկա, մինչ այգեհիմնումը խորհրդակցել է խոշոր այգետերերի հետ, փորձն ուսումնասիրել ու որոշել է հիմնել դեղձի այգիներ։ Սոկրատ Փամբուխչյանի խոսքով՝ այգու հետ կապված հիմնական աշխատանքն ավարտվել է, առաջիկայում լուծելու են էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, որից հետո ամենայն հավանականությամբ նոյեմբերին կսկսվի ծառատունկը։
ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանն արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ էր 2020-ից 2022-ին, իսկ 2022-ից մինչև 2023-ի հունիսի վերջ այս գերատեսչության ղեկավարն էր և այդ պաշտոնից ազատվեց նախարարության լուծարման հետևանքով։ Երևանի ավագանու 2023-ի ընտրություններում Փամբուխչյանը ՔՊ-ի ավագանու ցուցակում էր, նաև նախընտրական շտաբի պետն էր, իսկ հոկտեմբերի 26-ին նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023-ի գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրի համաձայն՝ Փամբուխչյանն ունի երկու բնակարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում, ունեցել է Lexus մակնիշի մեքենա, որը տարվա ընթացքում օտարել է։ Փամբուխչյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 500 դոլար և 6,5 մլն դրամ։ Բանկային հաշվի մնացորդները կազմել են 16,8 մլն դրամ, 8 800 եվրո։
Մկրտիչ Կարապետյան
Հայաստանում 1 քմ -ն 100 դրամ արժեքով հող կա՞, թեկուզ արոտավայր։