Լուրը, թե դասապրոցեսը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, սխալ է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են տեղեկություն, թե Հայաստանում նոր դասապրոցեսը կմեկնարկի ոչ թե սեպտեմբերի 2-ին, այլ 9-ին։ Այս էջերն ունեն մի քանի հարյուր հազար հետևորդ։

Գրառումներին կցված հոդվածում արդեն նշվում է, թե տեղեկություն կա, որ որոշ ուսումնական հաստատություններում դասերը կարող են սկսվել սեպտեմբերի 9-ին։ «Խոսքը մասնավորապես և հիմնականում վերաբերում է Արարատյան դաշտում գտնվողներին […] Դա կանխարգելիչ միտում ունի՝ Արևմտյան Նեղոս կոչվող վարակի հետ»,- նշված է հոդվածում։

Էկրանապատկերում՝ սխալ տեղեկությունը տարածած ֆեյսբուքյան էջերից մեկի գրառումը

Ու թեև ֆեյսբուքյան գրառումներում հստակ գրված է, որ դասապրոցեսը հաստատապես մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, հոդվածում նշվում է, որ «լուրը պաշտոնական բնույթ չի կրում» և հղում է արվում տելեգրամյան ալիքի։

Մինչդեռ օրեր առաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ 2024-2025 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին։ Հրամանի մեջ որևէ բացառություն չկար։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ-ի հետ, որտեղից ևս հերքեցին տարածվող տեղեկությունը և հաստատեցին, որ դասապրոցեսն ամբողջ հանրապետությունում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին։

Այպիսով, Ֆեյսբուքյան էջերերի տարածած տեղեկությունը, թե 2024-2025 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին, սխալ է։

Մեկնաբանել