Մանչեսթերում կկատարեն Բեթհովենի անհայտ պիեսը

Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Բարի Կուպերը Լյուդվիգ վան Բեթհովենի մինչ այժմ անհայտ պիես է հայտնաբերել, հաղորդում է համալսարանի կայքը: Ստեղծագործությունը Pange lingua կաթոլիկական հիմնի համար երգեհոնային երաժշտություն է, որն առաջին անգամ կկատարվի հոկտեմբերի 25-ին:

Կուպերը ենթադրում է, որ պիեսը ստեղծվել է մոտ 1820թ.: Ըստ ամենայնի՝ այն հորինվել է էրցհերցոգ Ռուդոլֆ Ավստրիացու համար և կատարվել նրան Օլոմուցի արքեպիսկոպոս օծելու արարողության ժամանակ:

Պարտիտուրը գտնվել է Բեթհովենի՝ 2010-ին լույս տեսած սևագրերում: Հրատարակությունը պատրաստած պրոֆեսոր Ուիլյամ Դրաբկինի խոսքով՝ նոտաներում ինքնուրույն ստեղծագործություն նա չի նկատել և պիեսն ընդունել է որպես վարժանք կոնտրապունկտում:

Կուպերի խոսքով՝ այս հիմնը Բեթհովենին ոչ այնքան բնորոշ ստեղծագործություն է:

«Եթե չտեսնեի Բեթհովենի ձեռքով գրված այս պարտիտուրը՝ կոմպոզիտորի ուղղումներով, երբեք չէի հավատա, որ նա է հորինել հիմնը», – ասել է պրոֆեսորը:

Բարի Կուպերը Բեթհովենի ստեղծագործությունների ճանաչված մասնագետ է: 1980-ականներին նա Բեթհովենի սևագրերի հիման վրա գրել է «Տասներորդ սիմֆոնիան», որը կոմպոզիտորն իբր ցանկացել, սակայն չի հասցրել հորինել:

Մեկնաբանել