Փաշինյանը «կիսում է» ANIF-ի ձախողումների հետ կապված մտահոգությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է ANIF-ի ձախողումների հետ կապված մտահոգությունները։

«Այո, այդտեղ կան ձախողումներ, դրանց առիթով կան ուսումնասիրություններ։ Ես կիսում եմ այդ մտահոգությունները և հույս ունեմ, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում մենք կստանանք պատասխաններ»,- օգոստոսի 31-ին կայացած ասուլիսին հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ցանկացած երկրում էլ կան ձախողված գործընթացներ․ «Եթե մենք ուզում ենք, որ որևէ պրոցես չձախողվի, մենք պետք է որևէ պրոցես չնախաձեռնենք։ Դա իր հերթին նշանակում է ճահճացում»։

***

Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ընդունված որոշմամբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը լուծարվեց։

Մինչ լուծարումը ընկերության կառավարումը հանձնվել էր պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ հունիսին կառավարությունը 1,7 միլիարդ դրամ ուղղեց ANIF-ի պարտավորությունների մարմանը։

2019-ի ապրիլին ANIF-ի ստեղծմամբ կառավարությունը խոստանում էր խթանել ներդրումները։ Ընկերությունը հանրային միջոցներով ներդրումներ էր կատարել Fly Arna ավիաընկերությունում, որը դադարեցրեց թռիչքներն ու լուծարվեց։ Fly Arna-ի մյուս բաժնետերը՝ «Էյր Արաբիա»-ն էլ ներդրումային արբիտրաժային հայց է մտադիր սկսել Հայաստանի դեմ։

ANIF-ի մյուս խոշոր նախագիծը արաբական «Մասդար» ընկերության հետ արևային էլեկտրակայանների հիմնումն էր։ «Այգ-1» անունը կրող արևային էլեկտրակայանի կառուցումը 5 տարի անց չի մեկնարկել։ Վերջերս էկոնոմիկայի նախարարը, թեպետ, դրական տեղաշարժի մասին էր ակնարկել։

ANIF-ը հանրային միջոցները նաև ներդրել էր ռեստորանային բիզնեսում՝ հանձին Երևանի կենտրոնում գործող Hard Rock ռեստորանի։

Մեկնաբանել