ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է միայն խաղաղության համատեքստում․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց Մինսկի խմբի լուծարման մասին հարցին՝ օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսին։
Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ստեղծված Մինսկի խումբը։
Փաշինյանը, արձագանքելով այս հարցին, ասաց, որ խնդիրը ճիշտ ժամանակ ընտրելն է, և լուծարումը հնարավոր է միայն խաղաղության համատեքստում։
«Ադրբեջանը ասում է, որ եթե Հայաստանը հենց հիմա չլուծարի, (ուրեմն) պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար։ Այն սկզբնապես բաղկացած էր ինը երկրի ներկայացուցիչներից։ 1995-ից խումբն ունի երեք համանախագահ՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։
2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Մինսկի խումբն ըստ էության կորցրել է իր նախկին դերակատարությունը։