Աբխազական տելեգրամյան ընդդիմադիր ալիքի հրապարակած փաստաթուղթը, որ դեռ չի ստուգվել, պնդում է, թե Ռուսաստանը Աբխազիայի կառավարությանը տեղեկացրել է, որ կդադարեցնի բյուջետային աջակցությունը, քանի դեռ Աբխազիային չի իրականացվել ռուսամետ մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ Աբխազիայում անշարժ գույքի գնման սահմանափակումների վերացումը Ռուսաստանի քաղաքացիների համար։
Ընդդիմադիր Abkhaz Portal տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթուղթը, ենթադրաբար օգոստոսի 19-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հանդիպման արձանագրությունն է։
Ի հավելումն Աբխազիային բյուջետային աջակցության կասեցման (քանի դեռ նա չի կատարել Ռուսաստանի պահանջները)՝ փաստաթղթում ասվում է, որ նախագահ Բժանիան համաձայնել է մանրամասներ տրամադրել աբխազ այն պատգամավորների և ընդդիմադիր գործիչների մասին, որոնք «գործում են ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի և ռուս-աբխազական հարաբերությունների զարգացման»։
Տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կհանձնարարի ռուս պաշտոնյաներին խզել կապը նրանց [«Ռուսաստանի շահերի դեմ գործող աբխազների»] հետ՝ «ռուսական կողմի հանդեպ իրենց պարտավորությունների կատարման ոչ կառուցողական դիրքորոշման» պատճառով, և որ կքննարկվի նրանց Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը։
Փաստաթղթում նաև ասվում է, որ 2024-ի աշուն-ձմռանը Աբխազիայինռուսական էլեկտրաէներգիան կմատակարարվի առևտրային դրույքաչափով՝ նախկինում սուբսիդավորվածի փոխարեն։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի կառավարությունը, որպեսզի շարունակի Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, պահանջում է նաև առևտրային անշարժ գույքի շուկայում ռուս ներդրողների համար սահմանափակումների վերացում:
Աբխազիայի բյուջեի զգալի մասը ձևավորվում է այդ երկրի համար Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից:
Անշարժ գույքի վաճառքի հարցը Ռուսաստանի և Աբխազիայի միջև վաղուցվա խնդիր է:
Այս տարվա սկզբին Աբխազիայի կառավարությունը ստիպված էր հրաժարվել օտարերկրացիներին բնակարանների վաճառքը թույլ տալու օրինագծից, երբ պարզվեց, որ կառավարությունը խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չունի օրինագիծն ընդունելու համար:
Այս խնդիրը, ինչպես նաև այլ հարցեր, այդ թվում Պիցունդայի պետական ամառանոցը Ռուսաստանին հանձնելը, Աբխազիայի և Ռուսաստանի հարաբերություններում խորացող ճեղքվածք են առաջացրել և բողոքի մեծ ցույցեր հարուցել Աբխազիայում:
Տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթղթի մյուս պահանջներից Աբխազիայի կողմից Ռուսաստանի հետ տնտեսական հարցերով դատական և արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին համաձայնագրի վավերացումը:
Ուրբաթ Աբխազիայի նախագահի աշխատակազմը լրագրողներին հերքել է, որ նախագահ Բժանիան պարտավորություն է ստանձնել տեղեկություններ տրամադրել պատգամավորների և ընդդիմության առաջնորդների մասին, որպեսզի նրանց զրկեն Ռուսաստանի քաղաքացիությունից։
Այնուամենայնիվ, նախագահի գրասենյակը չի վիճարկել փաստաթղթի և դրանում ակռա այլ կետերի իսկությունը:
Աբխազ լրագրող Ինալ Խաշիգը պնդում է, որ տեղի իրավապահ մարմինները պարտավոր են հետաքննել փաստաթուղթը և բացահայտել դրա ծագումը:
«Եթե սա կեղծ է, ապա գտե՛ք սկզբնաղբյուրը։ Եվ եթե սա վավերական փաստաթուղթ է, ապա նախագահը պետք է անմիջապես հրաժարական տա, և պետք է տեղի ունենան անհրաժեշտ քրեա-դատավարական գործողությունները»,- գրել է նա Տելեգրամում։
«Եթե իշխանությունները հերքեն [փաստաթուղթը] առանց որևէ արձագանքի, դա կհաստատի փաստաթղթի բացարձակ իսկությունը՝ անկախ նրանից, թե ինչպես նայեք դրան»,- հավելել է նա։
Աբխազիայի նախկին պատգամավոր Ասլան Կոբախիան ասում է, որ փաստաթուղթը, եթե իրական է, Ռուսաստանի կողմից շանտաժ է:
«Ես արդեն քանիցս ասել եմ, որ ինձ զրկեն Ռուսաստանի քաղաքացիությունից, և գուցե ավելին»,- գրել է նա։ «Ես պատրաստ եմ, պատիվ ունեմ՝ Աբխազիայի հերոս, գեներալ Ասլան Կոբախիա»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում, որը ավելի ուշ տարածել է ընդդիմադիր Aiashara տելեգրամյան ալիքը։
Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ նախագահ Բժանիային և վարչապետ Ալեքսանդր Անկվաբին մեղադրում են Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները փչացնելուց խուսափելու համար անհնարին պարտավորություններ ստանձնելու մեջ՝ դրանով «[հուսահատեցնելով] ամբողջ աբխազ ժողովրդին»։
Թեև փաստաթուղթը դեռ պետք է ստուգվի, այն ուղեկցվում է Կրեմլի և Բժանյայի վարչակազմի միջև հարաբերությունների վատթարացման մասին ավելի ու ավելի մեծ ապացույցներով:
Օգոստոսի 26-ին Աբխազիայի «Միջազգային ճանաչման օրվա» կապակցությամբ նախագահ Պուտինի չշնորհավորվելը մեծ աղմուկ է բարձրացրել Աբխազիայում:
Կրեմլամետ տելեգրամյան մի քանի անանուն օգտահաշիվներ վերջին շաբաթներին Բժանիայի հասցեին սկսել են քննադատական գրառումներ հրապարակել:
Ռուսաստանը նաև անսպասելիորեն չեղարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 26-ին։ Ռուս լրագրողներից մեկը, որը գիտեր այդ հարցի մասին, անանունության պայմանով խոսել է OC Media-ի հետ՝ ասելով, որ ռուս պատվիրակներն արդեն ավիատոմսեր էին գնել և հյուրանոցային համարներ պատվիրել հանդիպման համար: