Ինչը չենք ներում արցախցիներին

Լուսինե Հովհաննիսյան

1988,1989,1990-ին, երբ ղարաբաղցիները դեռ առանձնապես ոչինչ չէին արել, ինչի համար կարելի էր նրանց փառաբանել, հպարտացնել և հպարտանալ իրենցով, Երևանում և Հայաստանի բոլոր կողմերում, երբ մեկի ղարաբաղցի լինելու մասին իմանում էին, անմիջապես ասում էի՝ օ՜, աա՜, հաա՜, յա՜ ․․․

Գիտե՞ք՝ ինչու։

Կարծում եմ՝ չգիտեք, որովհետև մտածում եք, թե արցախցու քաջության, կորովի, ամրության, դիմացկունության, խելքի համար։

Արցախցիները դեռ իրենց այդ հատկանիշները ցույց տալու տեղ չէին ունեցել, գոնե այն դարաշրջանում, որում ապրում էին 1988,1989, 1990-ի այդ բացականչությունների հեղինակները, իսկ նորացված պատմություն Հայաստանի բնակիչների մեծ մասը չգիտեր։

Արցախցիների՝ ֆիզմաթ դպրոցներում ունեցած հաջողությունների մասին էլ առանձնապես բոլորը չէին տեղյակ, գիտության մեջ նրանց տված անուններն էլ այնպես չէ, որ բոլորը գիտեին, նրանց լավ շախմատ խաղալը չէր պատճառը։

Մի՞թե մարզխորհրդի նիստում Հայաստանի հետ միացման ԼՂԻՄ պահանջն էր այդպես ոգևորել հայաստանաբնակ հայերիս, որ ղարաբաղցիներին մի օրում հատուկ ծիսակարգով քաջ, անպարտելի, խելացի, ուժեղ օծեցինք ու դարձրեցինք հատուկ հայ։

Բոլորովին՝ ոչ։

Մարզխորհրդի նիստի պահանջը փափուկ դարձած Սովետական Միության Գորբաչովյան Վերակառուցման շրջանակներում արված քայլ էր, որի համար գիլյոտին չէր նախատեսվում ըստ մեր ունեցած պատկերացումների։

Իրականում, մենք ղարաբաղցիներին պարտական ու շնորհակալ էինք 1988-ի փետրվարին մեր ապրած ուրախության համար։ Օպերայի՝ հետագայում Ազատության հրապարակի մեր երջանկության համար էինք շնորհակալ։

Մեր մասնավոր և համամասնավոր ուրախության համար էինք սիրում նրանց։ Նրանց էինք պարտական զգում, թող ներվի ասել՝ նախադեպը չունեցած համատեղ հոգեկան ցնծության համար։

Երևանը 1965-ից հետո իրեն այդքան միասին, ապահով, ուրախ, իրարից սիրված չէր զգացել։ Երևանը երբեք միասին հանրային հոգսով չէր արթնացել։

Եվ այս պարզ, բայց հազվադեպ պատահող մարդկային անծայրածիր երջանկությունն ապրելու համար էին հայաստանցի հայերը մեծարում արցախցիներին։ Ուրիշ ոչնչի․ դեռ ոչ մի քաջություն, անձնազոհություն, վերմարդկային դիմացկունություն, համբերություն, կազմակերպվածություն արցախցին ցույց չէր տվել։

Ինչի համար էր այս նախաբանը։

Ես մինչ այսօր ղարաբաղցի-հայաստանցի անշնորհք ու բանականությունից հեռու առճակատումը լուծելու մի ձև եմ ճիշտ համարել․ տեղում անլրջացնել ու անցնել առաջ, Հայաստանը զգալ բոլոր հայերի հայրենիք և վերջ։ Որովհետև լրջացնելու, վերլուծելու դեպքում խնդիրը պաշտոնական ենք դարձնում և դրանով՝ ավելի վտանգավոր։

Բայց մեկ շաբաթվա մեջ երեք արցախցի երիտասարդ կին տարբեր միջավայրերում ինձ պատմում է հայաստանաբնակների հրեշավոր պահվածքի մասին, որի դեպքում ես երևի իրենց չափ զուսպ չէի գտնվելու։ Իսկ եթե պետություն լիներ, քրեական գործ կհարուցվեր։

Պատմողներից երկուսը ուսուցչուհի են՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի երիտասարդ ուսուցչուհիներ, որոնցից մեկը չունի ամուսին, մյուսի ամուսինը ունի առողջական խնդիրներ, և ընտանիքի հոգսը կրում են իրենք, փող աշխատողն իրենք են։ Աշխատանքի անցնելու առաջին օրը և հաջորդ տասնհինգ օրը հայաստանաբնակ հայերը ուսուցչանոցում սուրճ խմելիս չեն հրավիրել, չեն ուզել մի սեղանի շուրջ նստել արցախցի երկու կնոջ հետ, և մեկ ամիս այդ երկու կնոջ հետ չեն շփվել։

Երեխա կրթող ուսուցիչներ են։ Հյուրասեր, պատվախնդիր մարզում։ Խնդիրը հարթվել է արցախցի կանանց կազմակերպած հյուրասիրությամբ։ Ես հիացա իրենց իմաստնությամբ։ Դուք էլ հիացեք։

Մյուս երիտասարդ աղջիկը պատմում էր, որ երթուղայինում մորաքույրը զանգել, հայտնել է, որ երեխան գիտակցությունը կորցրել է, հիվանդանոցում է։ Արցախցի աղջիկը «իրեն թույլ է տվել» հարազատ բարբառով խոսել մորաքրոջ հետ։ Ասում է՝ ինչքան էլ չհասկանային բարբառը, խոսքիս բովանդակությունից հասկացվում էր, որ խոսում եմ հիվանդանոցի մասին ու առողջական խնդրից։ Ուղևոր կանանցից մեկը լռեցրել է նրան, թե՝ ձեր շան լեզվով մի խոսի, և մնացածը նույն ոճով։

Ինչո՞ւ հայաստանցիները չեն սիրում ղարաբաղցիներին։ Այս հարցի պատասխանը խորքից գտնելու համար համադրել եմ Արցախն ու Նախիջևանը։

Եթե չսիրելու պատճառը այլ, այն էլ ոչ բարեկամական հանրապետության կազմի մեջ լինելն է, ապա Նախիջևանը նույնպես Ադրբեջանի կազմում էր։ Նախիջևանցիների հանդեպ չկար այդ վերաբերմունքը։

Միգուցե հեռավորությո՞ւնը։

Նախիջևանցին գալիս էր իր մթերքը Երևանի շուկայում վաճառելու ու երեկոյան գնում տուն՝ սարի մյուս կողմը․ մոտ էր։ Արցախցին հինգ հարյուր կիլոմետր հեռավորության վրա էր։ Կապը քիչ էր։

Բայց․․․ այդ դեպքում ավելի հեռու հայաստաններ ունենք ու սիրում ենք։

Միգուցե լեզո՞ւն, գուցե շատ անհասկանալի՞ է բարբառը, բայց այդ դեպքում համշենահայերին չենք ատում։

Նախորդ երկու նախագահնե՞րը։ Այո՛, նրանց դերը էական է։ Նախորդ նախագահների օրոք երկրում եղած ահռելի նեգատիվը նույնականացել է արցախցիների հետ։

Զոհված զինվորնե՞րը։ Անշուշտ։

Իսկ հիմա հարցեր, որ մարդը պետք է ինքն իրեն տա, եթե չի խուսափում մտածելուց և համապատասխան հանձաժողովի կողմից չի ազատվել մտածելու պարտականությունից։

Ի՞նչ առնչություն ունի շարքային ղարաբաղցին այն նախկին նախագահների հետ, որոնց օրոք կուտակված նեգատիվը այսօր նույնականացնում եք հայրենազուրկ, տնանկ, ընկճված, անապահով արցախցի գյուղացու հետ։

Արցախցին չի մասնակցել նախկին նախագահների ընտրությանը։ Նախկին նախագահների օրոք տասը հազար դրամով ընտրության են գնացել Երևան քաղաքի և մարզերի հայաստանաբնակ հայերը՝ հանուն տասը հազար դրամի վերարտադրելով ընտրակեղծիքները և մնացած հանրահայտ երևույթները։ Ուրեմն, ի՞նչ ենք ուզում Արցախի գյուղացուց։ Չի մասնակցել այդ երկու նախագահների ընտությանը։

Հայաստանցիները չեն սիրում ղարաբաղցիներին, որովեհտև Արցախի պատերազմում են զոհվել իրենց զավակները։

Գանք սկզբից։ 1988-ին մեզնից ոչ ոք, ցավալիորեն, նույնիսկ մեր առաջնորդները չգիտեին, թե սա բերելու է պատերազմի։

Մենք համարձակ դուրս էինք եկել Սովետական Միության դեմ, գիտակցության ետնախորշերում ունենալով «Սովետը չի թողնի լուրջ բան լինի» միտքը։

Արցախը Հայաստանի նման 1988-ին չի պատկերացրել, չի հասկացել, որ այսպիսի պահանջը ավարտվում է պատերազմով։ Արցախը Հայաստանի նման, ըստ էության, «բարդացրել է» Սովետական Միության կյանքը, հետին մտքով վստահ լինելով, որ «Սովետը չի թողնի լուրջ բան լինի»։

Այսօր բոլոր պատերազմների համար արցախցուն մեղադրող հայաստանցին կա՛մ ինքը, կա՛մ իր ծնողները 1988-ին երջանկությունից գժված օր ու գիշեր ներկա են եղել Օպերայի հրապարակի ցնծությանը։ Արցախի գյուղացին այստեղ չի եղել։ Նույնիսկ Ստեփանակերտի հրապարակում չի եղել։ Իր գյուղում սպասել է, տեսնի՝ ինչ է լինելու։ Հետո տեսել է՝ ձև չկա, ադրբեջանցիները գալիս են, կռիվ է գնացել՝ բոթասով ու կամուֆլյաժով, որովհետև հաշվարկը սխալ են արած եղել, չեն հաշվարկել պատերազմը, Սովետական Միության դեմ դուրս գալով՝ ապավինել են այդ նույն հրեշին, թե՝ նա պատերազմ թույլ չի տա։

Զավակների զոհվելու մասին չենք մտածել բոլորս, ինչու բոլորս մեզ չենք ատում։ Ինչու պատերազմում զոհված տղաների համար մեղավոր չենք ճանաչում 1988-ին ոգևորված բոլորիս, մեր ծնողներին, մեզ։

Մի պատճառով՝ արցախցին այսօր թույլ օղակ է։

Արցախի գյուղացու մտքով անգամ չէր անցնի, թե մի այնպիսի պատերազմ է սկսվելու, որ Երևանից տղաները վեր են կենալու հասնեն իրենց հեռավոր Արցախ ու կռվեն։ Այս պատասխանատվությունը բոլորինս է։

Արցախում չկա տուն, որտեղ գոնե երկու զոհ չլինի՝ առաջին, երկրորդ, երրորդ ու եզրափակիչ պատերազմներում։

Արցախցուն ներկայացվող մեղադրանքներից մյուսն այն է, որ իրենց պատճառով Հայաստանում վատ են ապրել։

Այդ դեպքում այսօր պիտի որ արդեն չորս տարի Հայաստանում լավ ապրեինք․ զենք չենք ուղարկում Արցախ, փող չենք ուղարկում Արցախ։ Կա՞ դրական փոփոխություն ձեր ընտանեկան բյուջեի մեջ։

1988-ից հետո Հայաստանի երկրորդ համանձնական երջանկությունը 2018-ին էր։ Բովանդակությունն այլ էր, իհարկե, բայց նույնատիպ հավաքական երջանկություն էր։

Այդ երջանկությունը արհեստական ընդհատում ունեցավ։ Երևանի մայրաքաղաքում հավաքվածները չեն ներում կիսատ մնացած երջանկությունը։ Մեղավոր նշանակել են արցախցուն։ Տրամաբանությունը սա է՝ չլիներ Արցախը, չէր լինի Արցախի հանձնումը, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չէր գահավիժի, և դեռ երկար կմնայինք երջանիկ՝ Մանվելի «տուշոնկեքը» բացահայտելով։

Մնացածի «տուշոնկեքը» բացահայտվում են ընդհատումներով, ըստ պատեհ առիթի՝ վառեմ-մարեմ սկզբունքով։

Հիասթափեցնող է, բայց ստացվում է, որ մենք մեր ընդհատված երջանկության պատճառով չենք սիրում արցախցուն։ Հայաստանի՝ նրանց ուղղված մեղադրանքի այս տեքստն իրականում սա է՝ չլինեիք էլի։ Ընդամենը։

Մեր եկեղեցիներում տեղ չի լինում Սուրբ Ծննդյան և Հարության տոներին։ Ճրագալույցի գիշերը, ճրագը վառած Լեզվի ինստիտուտից հասցնում եք Իններորդ մասիվ։ Հայրենազրկված, տնանկ, ընկճված, զավակ, ամուսին, հայր, եղբայր կորցրած հայրենակցին, կնոջը կարողանում եք ատել։

Մարդ ես՝ բա որ Հիսուսը տեսնի՞։

Մեկնաբանել