Մկրտիչ Կարապետյան
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը ամրագրվել էր 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Իշխանությունն այս նոր դատարանի անհրաժեշտությունը հիմնավորում էր կոռուպցիոն բնույթի դատական գործերի արդյունավետ ու մասնագիտացված քննությամբ, գործերն ավելի արագ քննելու կարևորությամբ։ Ստեղծումից երկու տարի անց դատարանը ինստիտուցիոնալ խնդիրների առաջ է։ Հակակոռուպցիոն դատարանի որոշ դատավորների բարեվարքությունը թեպետ բացասական է գնահատվել, սակայն նրանք նշանակվել ու պաշտոնավարում են։ Տարբեր դատավորների գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրերում կան անհամապատասխանություններ ու վրիպակներ։ Փորձագետ Արաքս Մելքոնյանը ահազանգում է նաև դատավորների՝ նախկինում ունեցած կասկածելի կապերի ու դրանց գերակայության մասին։
Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեց հակակոռուպցիոն դատարանը
Հայաստանում հակակոռուպցիոն դատարանը ստեղծվեց 2019թ․ ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության հիման վրա։ Դատարանը քննում է բացառապես կոռուպցիոն բնույթի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։ Դատական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում ստեղծվեց հակակոռուպցիոն դատարանը, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ու վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023թ․ հրապարակած «Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում անդրադարձել էր հակակոռուպցիոն դատավորների թվակազմին՝ շեշտելով, որ թվակազմերը պատշաճ չեն հիմնավորվել։ «Չի հստակեցվել, թե ինչպիսի գնահատումների հիման վրա է որոշվել, որ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը կունենա 10 դատավորի թվակազմ, կամ վերաքննիչ քրեական դատարանում կլինի 6 դատավորի թվակազմ։ Դատավորների թվակազմերի հաստատումը առավել պարզ և ընդունելի լինելու համար ցանկալի կլիներ փոփոխությունների նախագծի հայեցակարգում ունենալ դատավորների թվակազմերի որոշակի գնահատում»,- նշված էր զեկույցում։
Անդրադառնալով թվակազմերի հիմնավորման հարցին՝ ԲԴԽ-ն տեղեկացրել է, որ այդ հարցը դուրս է իրենց լիազորությունների սահմաններից, բայց թվակազմերը որոշելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ՝ կանխատեսվող գործերի քանակ, ծանրաբեռնվածություն, դատարանի բնականոն գործունեության ապահովում և այլն։
Հակակոռուպցիոն դատավորների հարցում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բարեվարքությանը, բացի այն, որ դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կար նաև միջազգային փորձագետ՝ Վիտալի Կասկոն, նաև ազգային փորձագետ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բարձրագույն դատական խորհրդի կողմից համակարգվող այս գործընթացում խնդիրներ էր արձանագրել. «Հավելյալ տեղեկություն այն մասին, թե արդյոք ա՞նց է կացվել մրցույթ փորձագետներ ներգրավելու համար, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ չափանիշների հիման վրա են փորձագետները ներգրավվել, ովքե՞ր են եղել այլ դիմորդները և այլն, բացակայում է, ինչը Խորհրդի կողմից կազմակերպված գործընթացի հանրային հաշվետվողականության և թափանցիկության տեսանկյունից դարձնում է խոցելի և խնդրահարույց։ Ավելին, պարզ չի եղել նաև, թե ինչ չափանիշների հիման վրա և ինչ ընթացակարգով են փորձագետները թեկնածուների հետ հարցազրույց իրականացրել և եզրակացություն տվել»,- նշված է զեկույցում։ Առհասարակ, բարեվարքությունը կենտրոնական դեր էր կատարում հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության հարցում։
ՍիվիլՆեթն ուսումնասիրել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի տարեկան հայտարարագրեր, անհամապատասխանություններ ու վրիպակներ առանձնացրել դրանցում։
Խաչիկ Ղազարյան. հակակոռուպցիոն դատարանի նախագահ
Խաչիկ Ղազարյանը հակակոռուպցիոն դատարանի նախագահ է դարձել 2023-ի փետրվարին։ Մինչ այդ նա եղել է հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ դրանից առաջ՝ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար։ Ղազարյանի գործունեության վերաբերյալ մամուլը գրել էր, որ հակակոռուպցիոն դատարանի նախագահն ինքն էր կոռուպցիոն գործում որպես վկա ներգրավված եղել՝ դատական դեպարտամենտում կեղծ գործուղումներ ձևակերպելու ու դրանց համար օրապահիկներ ստանալու համար։ Ղազարյանը այս գործով վերականգնել էր 5,8 մլն դրամի պատճառված վնաս, նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր։
Ղազարյանի ընտանիքը «Տուկան» ընկերության սեփականատերն է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության միակ բաժնետերը Խաչիկ Ղազարյանի հայրն է՝ Կարապետ Ղազարյանը։ «Տուկան»-ը զբաղվում է տեքստիլ գործունեությամբ, արտադրում հյուրանոցային պարագաներ, բամբակե գործվածքներ և այլն։ Ընկերությունը խանութ-սրահներ ունի Երևանում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Խաչիկ Ղազարյանը Երևանում ունի երկու անշարժ գույք, երկուսն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում։ Ղազարյանը հայտարարագրել է նաև, որ իր կողմից փաստացի տնօրինվում է մեկ այլ բնակարան Արաբկիրում, որի սեփականատերը այլ անձ է։ 2023թ․ ընթացքում դատավորը 2021թ․ արտադրության մեքենա է ձեռք բերել 15 մլն դրամով, որը 15,5 դրամով նույն տարվա ընթացքում վաճառել է Անդրանիկ Սեդոյանին։
Էականորեն աճել են Խաչիկ Ղազարյանի ավանդի միջոցները՝ 110 հազար դոլարից հասնելով 131 հազար դոլարի (աճը մոտ 20 տոկոս)։ Պատասխանելով մեր գրավոր հարցմանը՝ Ղազարյանը տեղեկացրել է, որ ավանդի աճած 20 հազար դոլարից 10-ը եղել է իր բանկային միջոցների մնացորդի գումարը, որը տեղափոխել ու ձևակերպել է որպես ավանդ։ Դրամական միջոցները կազմել են 63 600 դոլար և 670 000 դրամ։ Չնայած կառավարության՝ կանխիկ գործառնությունները սահմանափակելու և կանխիկից անկանխիկ անցնելու քաղաքականությանը՝ դատարանի նախագահը հայտարարագրել է 23 000 դոլար և 7,5 մլն դրամի կանխիկ միջոցներ։ Խաչիկ Ղազարյանը մեզ պարզաբանել է՝ «դրամական միջոցները կանխիկ տնօրինելն ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ»։
Խաչիկ Ղազարյանի ընդհանուր եկամուտները կազմել են 51,3 մլն դրամ, որի մեծ մասը գոյացել է ավանդի տոկոսներից, աշխատավարձից, ACBA բանկից ստացված փոխառությունից և Անդրանիկ Սեդոյանին վաճառված մեքենայի գումարից։ 2022թ․ Խաչիկ Ղազարյանը մեծ նվիրատվություններ էր ստացել իր ընտանիքից՝ մասնավորապես 40 000 դոլար և 1,8 մլն դրամ ստացել էր հորից, 10 000 դոլար էլ իր հետ հաշվառված Աղավնի Բուդուլյանից։
Անճշտություններ՝ Ռուդոլֆ Ավագյանի հայտարարագրում
Ռուդոլֆ Ավագյանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել 2023-ի մարտին, իսկ մինչ այդ՝ 2015-ից տարբեր դատարաններում աշխատել է որպես դատավորի օգնական։
Ըստ հայտարարագրի՝ Ավագյանը սեփականությամբ իրեն պատկանող անշարժ գույք չունի, փոխարենը կա բնակարան, որ 90 օրից ավել դատավորն է տնօրինել։ Ավագյանը հայտարարագրել է 2007թ․ արտադրության Toyota մեքենա, որ գնել է 2018թ․։ 2023-ի սկզբին դատավորն ունեցել է 85 000 դոլար կանխիկ գումար, տարեվերջին այս թիվը նվազել է՝ հասնելով 70 000-ի։ Դատելով հայտարարագրից՝ մնացած 15 000 դոլարը Ավագյանը միանվագ ծախսի է ուղղել։
Ռուդոլֆ Ավագյանի հետ համատեղ է բնակվում նրա կինը՝ Լիլիթ Սարգսյանը, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։ Միևնույն ժամանակ Սարգսյանն իր հայտարարագրում համատեղ բնակվող անձանց ցանկում, բացի Ռուդոլֆ Ավագյանից, ներառել է չորս չափահաս այլ անձանց։ Այդ անձինք, սակայն, չեն երևում Ռուդոլֆ Ավագյանի հայտարարագրում՝ որպես նրա հետ բնակվող չափահաս անձինք։ Այլ կերպ ասած՝ ամուսինների հայտարարագրերում համատեղ բնակվող անձանց ցանկում կա անհամապատասխանություն։
Լիլիթ Սարգսյանի հետ համատեղ բնակվող անձանց ցանկում է Աննա Շիլաջյանը, որը ևս դատավոր է՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում։ Լիլիթ Սարգսյանը 2023-ի հայտարարագրում նշել է, որ 90 օրից ավել տիրապետել է բնակարանի ու առանձնատան։ Սարգսյանի հայտարարագրում առկա են որոշ թերություններ. օրինակ՝ դատավորը հայտարարագրել է մոտ 34 մլն դրամի փոխառություն՝ հանձնած «Ն և Ս քոնսթրաքշն» կառուցապատող ընկերությանը։ Սարգսյանն ըստ էության ձեռք է բերել բնակարան նորակառույցում։ Խնդիրն այն է, որ փոխառության գումարը նույնն է մնացել և 2023-ի սկզբին, և վերջին, և նույնիսկ 2021-ի տարեկան հայտարարագրում, այնինչ փոխառության գումարը մարումներին զուգահեռ պետք է նվազեր։
Մեկ այլ խնդիր կապված է դատավորի եկամուտների հետ. ըստ 2023-ի հայտարարագրի՝ Սարգսյանը 2,2 մլն դրամ ու 7 000 դոլար է ստացել մերձավոր ազգականներից, հարազատներից, ընկերներից, սակայն համապատասխան տողում նա այս եկամտի տեսակը չի նշել որպես նվիրատվություն, այլ գնահատել է որպես «այլ եկամուտ»։ Լիլիթ Սարգսյանը ստացել է նաև 13,3 մլն դրամի աշխատավարձ ու 1,3 մլն դրամի եկամուտ Պետեկամուտների կոմիտեից, որը ենթադրաբար ձևավորվել է բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձից։
Ռուդոլֆ Ավագյանը ՍիվիլՆեթի գրավոր հարցերին չի պատասխանել։
Անհամապատասխանություններ՝ դատավոր Խաչատրյանի կնոջ հայտարարագրում
Սուրեն Խաչատրյանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել 2022-ից։ Մինչ այդ 11 տարի նա եղել է դատախազության աշխատակից։ Ըստ ԿԿՀ ներկայացված հայտարարագրի՝ Խաչատրյանը 2023-ի տարեսկզբին ունեցել է 10 միավոր գույք, տարեվերջին՝ 8։ Նրա հայտարարագրի՝ տարվա ընթացքում օտարված գույքերի ցանկում բացակայում է որևէ տվյալ օտարված անշարժ գույքերի մասին։ Անդրադառնալով հայտարարագրի այս տվյալին՝ դատավորը բացատրել է, որ նույն գույքը հայտարարագրման համակարգում երկու անգամ է հայտարարագրվել, այնինչ գույքային նոր ձեռքբերումներ չեն եղել։
Խաչատրյանը դիմել է ԿԿՀ՝ վրիպակն ուղղելու համար, սակայն հանձնաժողովից տեղեկացրել են, որ համակարգի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ դեռ հնարավոր չէ շտկումն իրականացնել։
Խաչատրյանին պատկանող անշարժ գույքի մեծ մասը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակում։ Դրանց մի մասը նա ժառանգությամբ է ստացել 2021-ին։ Խաչատրյանը 2023-ին ունեցել է 5 000 դոլար և 12 մլն դրամի կանխիկ միջոցներ։
Որոշ անհամապատասխանություններ են առկա Սուրեն Խաչատրյանի կնոջ՝ Մարգարիտա Հովհաննիսյանի հայտարարագրում։ Մասնավորապես, վերջինս «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում զբաղեցնում է իրավախորհրդատուի պաշտոն։ Հովհաննիսյանի հայտարարագրի եկամուտների բաժնում որևէ տեղեկություն չկա նրա մասին, որ աշխատում է այս ընկերությունում, առավել ևս, հայտարարագրված չէ որևէ եկամուտ այս ՍՊԸ-ից։ Մարգարիտա Հովհաննիսյանը, ըստ հայտարարագրի, չունի բանկային մնացորդներ, կանխիկ գումար, դրամական միջոցներ, չունի մեքենա, վարկեր, եկամուտներ։
Դատավոր Խաչատրյանը մեզ ուղարկած պատասխանում տեղեկացրել է՝ կինը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, 2018-ի օգոստոսին աշխատանքի է անցել «Գևորգյան և Ներսիսյան» ընկերությունում, նույն տարվա նոյեմբերից մինչև 2019-ի ապրիլի 23-ը գտնվել է նախածննդյան արձակուրդում, 2019-ի ապրիլից 2022-ի ապրիլ՝ երեխայի խնամքի արձակուրդում, իսկ մինչև 2022-ի վերջը հարկադիր պարապուրդում էր, դրա համար էլ որևէ վարձատրություն ընկերությունից չի ստացել։
6,6 մլն դրամի շահում՝ խաղերից, չհայտարարագրած ընկերություն
Աշխեն Ղարսլյանը հակակոռուպցիոն դատավոր է 2022-ից։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է վճռաբեկ դատարանի աշխատակազմում։
2023-ի տարեկան հայտարարագրի համաձայն՝ դատավորն ունի 4 միավոր անշարժ գույք, որից 3-ը հողամասեր են Շիրակի մարզի Գտաշեն գյուղում, մյուսը՝ բնակարան Երևանում, որ ձեռք է բերվել 2021-ին՝ վարկով։ Ղարսլյանի դրամական միջոցները 2023-ի վերջի դրությամբ կազմել են 12,2 մլն դրամ, 2 000 դոլար։ Ղարսլյանը ևս 5 000 դոլար և 2 մլն դրամ տնօրինում է կանխիկ։
Դատավորի 2023-ի եկամուտները կազմել են 16 մլն դրամ, որից 13 մլնը եղել է աշխատավարձից, 1,6 մլնը՝ եկամտահարկի վերադարձից։
Ղարսլյանը իր հայտարարագրում նշել է, որ ամուսինը՝ Սերգեյ Բարսեղյանը, 100 տոկոս բաժնեմաս ունի «Աուռաս» ՍՊԸ-ում, որտեղ նաև տնօրեն է։ Մինչդեռ Սերգեյ Բարսեղյանի հայտարարագրում իր՝ ընկերություն ունենալու և այնտեղ տնօրեն լինելու մասին գրառումներ առկա չեն։ Բարսեղյանը հայտարարագրել է մեկ բնակարան Ռուսաստանում, ինչպես նաև 6,8 մլն ռուբլի, 8 մլն դրամ և 12 000 եվրո։ Դատավորի ամուսնու եկամուտները 2023-ին կազմել են 9,3 մլն դրամ, որից 6,6-ը գոյացել է որպես խաղատներում, շահումով խաղերից ստացված եկամուտ «Սոֆթ կոնստրակտ»-ից։ Նույն տարում Բարսեղյանին մոտ 1,7 մլն դրամ է նվիրել կինը՝ Աշխեն Ղարսլյանը։ Աշխատավարձից գոյացած եկամուտ Սերգեյ Բարսեղյանը չի հայտարարագրել։
ՍիվիլՆեթի գրավոր հարցին ի պատասխան Ղարսլյանը նշել է՝ «Աուռաս» ընկերության վերաբերյալ տեղեկություններն ամուսնու հայտարարագրում տեղ չեն գտել վրիպակի հետևանքով, այն շտկելու համար հունիսին 14-ին դիմում են ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ ««Աուռաս» ՍՊԸ-ն որևէ գործունեություն չի ծավալել և ընկերության գործունեությունը դեռևս 2022թ․ օգոոստոսի 16-ից ժամանակավոր դադարեցված է»,- հայտնել է դատավորը։
Տասնյակ գույքեր, հարյուրավոր միլիոնների եկամուտներ
Նարինե Ավագյանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է 2022-ից։ Մինչ այդ՝ երկու տարի, Ավագյանը կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալն էր։ Ավագյանը սեփականությամբ իրեն պատկանող մի ավտոտնակ ունի և Երևանի կենտրոնում բնակարան, որին տիրապետել է 90 օրից ավել։ Թեպետ Ավագյանը 2021-ից ունեցել էր Lexus մակնիշի մեքենա, սակայն տարվա ընթացքում շահագործել է իրեն չպատկանող Mecedes-Benz մակնիշի մեքենա։
Դատավորի դրամական միջոցները ընդհանուր առմամբ կազմել են 1,6 մլն դրամ, 5 500 դոլար և 1 800 եվրո, ևս 9 000 դոլար Ավագյանն ունեցել է կանխիկ։ Տարվա ընթացքում 4 մլն դրամի չափով նա նաև ավանդ է ներդրել բանկում։
Նարինե Ավագյանը տարվա ընթացքում 3 000 դոլարի չափով նվիրատվություն է ստացել քրոջից՝ Գայանե Ավագյանից, 12 մլն դրամի նվիրատվություն էլ ստացել է մորից՝ Հասմիկ Ազատյանից։
Դատավորի մայրը տարեսկզբին հայտարարագրել է 14 միավոր գույք, որից 4-ը, որոնք գտնվում էին Նոր Նորք վարչական շրջանում, տարվա ընթացքում օտարել է։ Ընդհանուր առմամբ, չորս գույքերը միասին վաճառվել են 186 մլն դրամով։ Ազատյանի մյուս 10 գույքերից 2-ը բնակարաններ են Երևանում, մեկը՝ ավտոկայանատեղի Երևանում, 4-ը հողամասեր Բջնիում, մեկը՝ անհատական բնակելի տուն Բջնիում, իսկ երկուսը բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ են Երևանում։
Ազատյանը տարվա ընթացքում նաև 120 մլն դրամի փոխառություն է հանձնել Ժիրայր Ավետիսյանին, ունեցել է 2 000 դոլարի և 47 մլն դրամի ներդրված ավանդ։ Նրա կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 60 000 դոլար՝ տարեսկզբի 45 000 դոլարի համեմատ։ Հասմիկ Ազատյանի եկամուտների մեծ մասը գոյացել է վերը նշված 4 գույքերի օտարումից, ևս 700 000 ռուբլի ստացել է ամուսնուց՝ որպես նվիրատվություն, իսկ 13,4 մլն դրամի եկամուտ էլ Ազատյանը ստացել է չորս գույքեր վարձակալության հանձնելուց։
Հակակոռուպցիոն դատավորների հայտարարագրերն ուսումնասիրելիս մի շարք դատավորների դեպքում ընդգծվում էր փաստը, որ նրանց ընտանիքի անդամները ևս ընդգրկված են դատական համակարգում, պետական կառավարման այլ օղակներում։ Այսպես՝ հակակոռուպցիոն դատավոր Ռուդոլֆ Ավագյանի կինը ևս դատավոր է վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
Հակակոռուպցիոն դատավոր Լիլի Դրմեյանի հայրը՝ Մամիկոն Դրմեյանը, դատավոր է եղել 1999 թվականից և թոշակի է անցել 2023-ի փետրվարին։ Մամիկոն Դրմեյանի մյուս դուստրը՝ Հայափրի Դրմեյանը, Շվեդիայում ՀՀ դեսպանատան երկրորդ քարտուղարն է։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի եղբայրը՝ Հրանտ Դադոյանը, քննիչ է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ավագ քննիչ է։
Դատավոր Տիգրան Դավթյանի կինը՝ Լիդա Միքայելյանը, իրավական ապահովման ավագ մասնագետ է նախագահի աշխատակազմում։
Հակակոռուպցիոն դատավորներ՝ իրավապահ համակարգից եկած
Ինչպես վերը նշեցինք, հակակոռուպցիոն դատարանը նորաստեղծ մարմին է, որ ստեղծվել է հակակոռուպցիոն ռազմավարության նախանշած նպատակների շրջանակում։ Հակակոռուպցիոն դատարանից շատերը նոր համակարգ են տեղափոխվել իրավապահ համակարգից։ Օրինակ՝ հակակոռուպցիոն դատավոր Սուրեն Խաչատրյանը 2011-2022թթ․ աշխատել է դատախազական համակարգում, դատավոր Արամ Գրիգորյանը մինչ հակակոռուպցիոն դատավոր դառնալը 2007-2013թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես քննիչ, իսկ դրանից հետո տեղափոխվել է դատախազություն։
Վարդգես Սարգսյանը ևս 2015-2022թթ․ աշխատել է դատախազական համակարգում, իսկ Սարգիս Դադոյանը 2014-ից եղել է քննիչ նախ՝ Քննչական կոմիտեում, ապա տեղափոխվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ ու այնտեղ աշխատել մինչև 2022-ը։
Դատավոր Վահե Դոլմազյանը 2006-ից 8 տարի աշխատել է ոստիկանական համակարգում, ապա տեղափոխվել դատախազություն՝ ևս 8 տարի աշխատելով այնտեղ։ Իր կարիերան ոստիկանությունից է սկսել նաև հակակոռուպցիոն դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որը հետագայում դուրս է եկել համակարգից ու աշխատել որպես փաստաբան։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի կարծիքով՝ կան հակակոռուպցիոն դատարանի դատավորների հետ կապեր, որոնք առնվազն կասկածներ են հարուցում.
«Եթե մենք մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ենք ցանկանում ստեղծել, այստեղ կարող է խնդիր չառաջանալ, որ նշանակվեն մարդիկ, որ իրենց մասնագիտությամբ երկար տարիներ կոռուպցիոն հանցագործություններ են քննել ու հիմա դատավոր են, քանի որ պրոֆեսիոնալներ են։ Բայց դատավորների պրոֆայլինգը (անհատականացումը) հաստակ ցույց է տալիս, թե ովքեր են դարձել դատավորներ հակակոռուպցիոն դատարանում։ Կան անձինք, որոնք փոխկապակցվածություններ ունեն, կամ ինչ-որ հստակ գործերով ներգրավված դատախազներ են եղել, օրինակ, Մանվել Գրիգորյանի գործով դատախազը, Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին վերահսկող դատախազը դարձել էին հակակոռուպցիոն եռաստիճան դատարանի որևէ օղակի դատավորներ»,- նկատում է Արաքս Մելքոնյանը։
Անբարեվարք դատավորներ, վերապատրաստման բացակայություն, շենքային պայմանների բացակայություն
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը ենթադրում էր, որ կոռուպցիոն գործերը կմակագրվեն հատուկ վերապատրաստում անցած դատավորներին։ Արաքս Մելքոնյանը մինչդեռ շեշտում է՝ ընտրված դատավորները չեն անցել ուսուցում․ «Արդարադատության ակադեմիայի համապատասխան կրթությունը այդ դատավորները չեն անցել»։
Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվել էր, որ մինչև 2023թ․ երկրորդ կիսամյակը հակակոռուպցիոն դատարանի դատավորների առնվազն 30 տոկոսը վերապատրաստված կլինի։
Ներկայում հակակոռուպցիոն դատարանում պաշտոնավարում է 15 դատավոր, հակակոռուպցիոն վերաքննիչում՝ 12-ը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ 9-ը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»-ն մշտադիտարկում է անցկացրել, ըստ որի, հակակոռուպցիոն դատարանի 15 դատավորներից 9-ի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, 5-ի վերաբերյալ՝ վերապահումով դրական կարծիք, մեկի եզրակացությունն էլ բացասական է եղել։ Հակակոռուպցիոն վերաքննիչում բոլոր 12 դատավորների բարեվարքության եզրակացությունը դրական է եղել։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 9 դատավորներից 3-ի բարեվարքության եզրակացությունը դրական է եղել, 3-ի վերաբերյալ վերապահումով դրական, 2-ի վերաբերյալ՝ բացասական։ 1 դատավորի դեպքում վերջնական գնահատական ԿԿՀ-ն չի կարողացել տալ։
Արաքս Մելքոնյանի կարծիքով՝ բացասական բարեվարքությամբ դատավորների առկայությունը հակակոռուպցիոն դատարանի եռաստիճան համակարգում խորապես հակասության մեջ է իշխանության հակակոռուպցիոն քաղաքականության հետ։ Բարեվարքության բացասական գնահատականը չի խանգարում, որ այս դատավորները նշանակվեն և պաշտոնավարեն, քանի որ, ըստ օրենքի, ԿԿՀ եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի։
«Մենք փաստացի ունենք դատավորներ, որ բարեվարքության հետ խնդիրներ ունեն, որոշ դեպքերում վերապահումով դրական եզրակացություն է եղել, որը ևս խնդիր է։ Բարձրագույն դատական խորհուրդը չի հիմնավորում իր որոշումներն ու հանրության համար չի հստակեցնում, թե ինչպես են փարատվում բարեվարքության այդ կասկածները, երբ անձը նշանակվում է դատավոր։ Առավել ևս կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող դատավորի դեպքում այս ամենը անտրամաբանական է ստացվում ու որդեգրած քաղաքականությունից շեղում։ Ինչպե՞ս է ստացվում, որ որոշ անձինք ստանում են բացասական եզրակացություն, բայց նշանակվում են, պաշտոնավարում են»,- հարց է բարձրացնում Մելքոնյանը՝ շեշտելով, որ «օրինակ, հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկը նախկին պաշտոնավարման շրջանակներում հայտարարագրել էր գումար, որը չէր ունեցել ու դա կոռուպցիոն ռիսկ է»։ Ազգային ժողովի կողմից ևս ընտրվում են բացասական բարեվարքություն ունեցող դատավորներ, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում։
Բարձրագույն դատական խորհուրդը, արձագանքելով բարեվարքության բացասական եզրակացությամբ դատավորների նշանակման մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցերին, պատասխանել է՝ «ԲԴԽ ներկայիս կազմի կողմից ընտրված որևէ դատավոր բացասական եզրակացությամբ չի նշանակվել, հետևաբար ԲԴԽ ներկա կազմը նման պարզաբանում տրամադրել չի կարող»։
Ըստ էության, բացասական բարեվարքությամբ դատավորների նշանակման պատասխանատվոթյունը Բարձրագույն դատական խորհուրդը հասցեագրել է նախկին խորհրդին, որի նախագահը Գագիկ Ջհանգիրյանն էր։ ԲԴԽ-ից նաև շեշտել են՝ «նման քննարկումներն իրականացվում են խորհրդակցական սենյակում՝ փակ ռեժիմով, այսինքն որևէ կերպ չեն արձանագրվում»։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահը Արթուր Դավթյանն է՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, որը դադարեցրել է կուսակցական գործունեությունը այս պաշտոնում ընտրվելու համար։ Արաքս Մելքոնյանի խոսքով՝ կուսակցական գործունեության դադարեցումը չի կարող երաշխավորել դատավորի չեզոքությունը։ Իշխող ուժի նախկին անդամի ընտրությունը որպես հակակոռուպցիոն պալատի դատավոր Մելքոնյանը համարում է խնդրահարույց ու նեպոտիզմի դրսևորում, նա հիշեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ևս եղել է իշխող ուժի անդամ։ Նման պրակտիկան ունակ է ազդել դատական իշխանության անկախության և վստահելիության վրա։
Արդյոք գործող օրենսդրական կարգավորումներն արդյունավե՞տ են դատավորների կուսակցական նախկին պատկանելության բերումով վերջիններիս չեզոքությունն ապահովելու համար։ Ըստ ԲԴԽ-ի՝ դատական օրենսգրքով սահմանված է դատավորի ապաքաղաքականացված լինելու պարտավորությունը, իսկ դրա խախտումը կարող է հետևանքներ ունենալ։
«Ընդ որում, դատական օրենսգրքով սահմանված է, որ վերոնշյալ վարքագծի խախտումը կարող է որակվել որպես էական կարգապահական խախտում և հիմք հանդիսանալ էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման»,- նշված է ԲԴԽ-ի պատասխանում։
Հակակոռուցիոն դատավորների բարեվարքությունից զատ, Մելքոնյանը խոսում է նաև հակակոռուպցիոն դատարանի մի շարք այլ խնդիրների մասին, օրինակ, դատարանի ընդդատության հետ կապված։
«Մենք ունենք կոռուպցիոն բնույթի գործեր, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն էր քննում, օրինակ, Սերժ Սարգսյանի առնչությամբ դատական գործը։ Գործը հակակոռուպցիոն դատարան չվերաբաշխվեց, քանի որ արդեն դատաքննության փուլում էր, և օրենսդրական կարգավորումների համաձայն՝ այդ փուլում գտնվող գործերը վերաբաշխման ենթակա չէին՝ իհարկե հաշվի առնելով ողջամիտ ժամկետները, այն բոլոր ռեսուրսները, որոնք ծախսվել էին ընթացիկ վարույթների վրա։ Կամ մեկ այլ խումբ գործեր, որոնք վերաբերում էին բռնությամբ կատարված՝ պաշտոնատար անձի լիազորությունները չարաշահելուն կամ անցնելուն, որոնք ընդդատյա էին հակակոռուպցիոն դատարանին։ Սրանք իրենց բնույթով կոռուպցիոն հանցագործություններ չէին, օրենսդրական փոփոխություն կատարվեց, այդ վարույթները հակակոռուպցիոն դատարանից վերաբաշխվեցին ընդհանուր իրավասության դատարան»,- ներկայացնում է Մելքոնյանը։ Նման համակարգային հարցերն, ըստ նրա, ազդում են գործերի քննության ողջամիտ ժամկետների և առհասարակ ներգրավված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետության վրա։
Մելքոնյանի խոսքով՝ դատարանի արդյունավետության վրա ազդում է դատավորների աճող ծանրաբեռնվածությունը, այդ թվում՝ մանր կոռուպցիոն հանցագործություններով, օրինակ, 10 000, 20 000 դրամի չափով կաշառք տալու կամ ստանալու դրվագներով հանցագործություններ են քննվում դատարանի կողմից, ինչը ահռելի ռեսուրսներ է պահանջում դատարանից։ «Կոռուպցիայի դեմ պայքարը, որը պետք է լիներ համակարգային, այս պահին չենք տեսնում՝ զգալի թիվ են կազմում մանր կոռուպցիոն դրսևորումներով գործերը»,- շեշտում է Մելքոնյանը։
Վերջինս հրամայական է համարում նաև հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների բարելավումը։ Ներկա պայմանները ազդում են վարույթների քննության տևողության և արդյունավետության վրա։ Որպես օրինակ է բերում նիստերի դահլիճների ոչ բավարարությունը բոլոր դատավորների համար, ինչի պատճառով դատական նիստերը ստիպված՝ հետաձգվում են նույն դահլիճում այլ նիստ նշանակված լինելու ու այլ ազատ նիստերի դահլիճ չլինելու բերումով։
Ի վերջո, արդյունավե՞տ էր արդյոք հակակոռուպցիոն դատարան հիմնելու որոշումը։ Մելքոնյանը այս հարցի պատասխանը չունի մինչ համակարգային խնդիրների լուծումը. «Հարց է՝ արդյունավետոթյուն ասելով ինչ նկատի ունենք։ Եթե ուզում ենք գնահատել դատավորներին դատված ու պատիժ կրող անձանց քանակով, սա միայն դատավորների խնդիր չէ։ Կան գործոններ, որոնք ազդում են դատարանի գործունեության վրա՝ դատավորի կամքից անկախ, կան համակարգային խնդիրներ, որոնք ազդելու են դատարանի արդյունավետության վրա նաև ապագայում» , -կարծիք է հայտնում Մելքոնյանն ու հիշեցնում, որ 2018-ին համաներում է հայտարարվել, որի կիրառումը դատական ակտով չի կարելի բարդել դատավորների վրա։
Արաքս Մելքոնյանի խոսքով՝ իշխող ուժի կողմից հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ սահմանվել են բարձր ակնկալիքներ, և այդ հանգամանքն այժմ դատարանի գործունեությունից որոշակի դժգոհություն է առաջ բերել։