«Հրազդան» մարզադաշտը չի մասնավորեցվում՝ կառավարության որոշումը սխալ է ընկալվել

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում հաստատել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը մասնավորեցնելու նախագիծը։

«Հրապարակ» օրաթերթը օգոստոսի 30-ին «Ուզու՞մ են խլել, ի՞նչ հիմքով» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշվում էր, որ «Հրազդան» ստադիոնը դեռ 2000-ականներից վարձակալել, ապա գնել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը («Բուռնաշ»)։ Հոդվածում նշվում է, թե կառավարության վերոնշյալ որոշումը տարածվում է «Հրազդան» ստադիոնի տարածքի վրա։

Հրապարակի լրագրողն անգամ կապ էր հաստատել Աղաբաբյանի հետ և հարցրել՝ արդյոք հանձնելո՞ւ է իր սեփականությունը։

«Դե, հիմի կտամ, թե կգնամ միջազգային` կդատվեմ, չգիտեմ… ո՞նց կլինի ըտենց՝ խլեն մարդու սեփականությունը»,- ըստ հոդվածագրի՝ ասել է Աղաբաբյանը։

Ժամեր անց արդեն «Հրապարակը» հանդես է եկել մեկ այլ հոդվածով՝ «Ոչ թե ստադիոնը, այլ դրան կից հողատարածքն է մասնավորեցվում» վերտառությամբ։

Պետական գույքի կառավարման կոմիտեից «Հրապարակին» հայտնել էին, որ կառավարության որոշումը վերաբերում է ոչ թե Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտին, այլ դրա հարակից տարածքին, որը պետական սեփանակություն է։

Կառավարության որոշումը լրատվամիջոցներում խառնաշփոթ էր առաջացրել

Կառավարության հաստատած նախագծով նախատեսվում է «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները։ Ընկերությունը, համագործակցելով «Յուվենտուս» ակումբի հետ, պետք է այդ տարածքում ֆուտբոլային ակադեմիա հիմնի։

Նույն նախագծով նախատեսվում է նաև «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որոնք 100 տոկոս պետական սեփականություն են։ Դրա կազմի մեջ մտնում է Ծիծեռնակաբերդի 2/3 հասցեում գտնվող գխավոր մարզադաշտի հարակից պահուստային դաշտը։

Կառավարության այս որոշման մասին լուրը շատ լրատվամիջոցներ, սակայն, տարածել էին «Հրազդան» մարզադաշտի նկարներով։

Մասնավորեցվել է հարակից տարածքը, ոչ թե մարզադաշտը

Գլխավոր մարզադաշտն իսկապես պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին։ Մարզադաշտի իրավաբանական անվանումը «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ- է, ինպես նշեցինք՝ կառավարության որոշման մեջ նշվում է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ։

Ենթադրաբար, տարընկալման պատճառ է դարձել ընկերությունների անվանումը։

Էկրանապատկերում կարմիրով նշվածը կառավարության մասնավորեցրած՝ «Հրազդան» գլխավոր մարզադաշտի հարակից տարածքն է

Պետական գույքի կառավարման կոմիտեից ևս հերքում են Աշոտ Աղաբաբյանին պատկանող տարածքը մասնավորեցնելու հետ կապված լուրերը։

«Գլխավոր մարզադաշտը, որը պատկանում է Աշոտ Աղաբաբյանին, այդ 100 տոկոս բաժնետոմսերի մեջ ներառված չէ։ Հարակից տարածքն է, որոշակի շենք-շինություններ կան, դրանք են մտնում բաժնետոմսերի մեջ և այդ բաժնետոմսերի իրավունքն է մասնավորեցվել, բայց կոնկրետ «Հրազդան» մարզադաշտը դրա մեջ ներառված չէ»,- նշում է կոմիտեի մամուլի խոսնակ Արաքս Առաքելյանը։

Որոշումը «Ռուբեն Հայրապետյանի կառուցած ֆուտբոլի ակադեմիային» էլ չի վերաբերում

«Հրապարակի» նյութում նշվում էր, թե Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեում ստեղծվելիք ֆուտբոլային ակադեմիան նույն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հիմնած ֆուտբոլի ակադեմիան է:

Ավանի ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի հասցեն Աճառյան 35/31 է, իսկ կառավարության որոշումը վերաբերում է Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինություններին։

Այս դեպքում էլ լրատվամիջոցը սխալել էր գրել։ Ինչպես երևում է նկարում, կառավարության որոշման մեջ նշված տարածքը կապ չունի ֆուտբոլի ակադեմիայի հետ և գտնվում է Ավան վարչական շրջանի այլ հատվածում։

Էկրանապատկերում կարմիրով նշված է կառավարության մասնավորեցրած՝ Աճառյան 20/4 հասցեի տարածքը

Նշենք նաև, որ Ավանի ֆուտբոլային ակադեմիան իր հերթին կառուցվել է Հայաստանի կառավարության աջակցությամբ հողատարածքի հատկացման և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) «Հեթ-թրիկ» ծրագրի շնորհիվ:

«Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ի մասին

Ինչ վերաբերում է «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին, ապա այն պատկանում է մինչև 2022-ը Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սադոյանի որդուն՝ Ալֆրեդ Սադոյանին։

Էկրանապատկերը՝ e-register.am-ից

Հատկանշական է, որ թեև «Հրապարակը» հերքել էր իր ավելի վաղ տարածած լուրը, սակայն 168.am, panorama.am, lurer.com, asekose.am և մի շարք այլ լրատվամիջոցներում շարունակում է մնալ սզբնապես տարածած հոդվածի տարբերակը։

Այսպիսով, կառավարության ընդունած որոշումները չեն տարածվում ո՛չ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտի, ո՛չ էլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «կառուցած ֆուտբոլի ակադեմիայի» վրա։

Մեկնաբանել