Եթե Երևանը ցանկանում է ուղիղ բանակցել Բաքվի հետ, «ի սեր Աստծո». Լավրով

Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին սեպտեմբերի 2-ին МГИМО-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Sputnik-ը։

«Նույնկերպ մենք հիմա մտահոգվում ենք այն բանի համար, որ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի կողմից 2020-2022 թվականներին մի քանի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները ևս օդից կախված են մնացել։ Ահա ես հիշատակեցի տրանսպորտային հաղորդակցման վերականգնումը, հիշատակեցի եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր դրանով, այն այժմ գրեթե չի հավաքվում։ Երևանը կարծում է, որ դա պետք է անել Ադրբեջանի հետ անմիջականորեն, բայց եթե նրանց մոտ դա ստացվի, ի սեր Աստծո»,- ասել է նախարարը։

***

Օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները դրական արդյունք են տալիս, և այժմ անհրաժեշտություն չի տեսնում վերսկսելու եռակողմ ձևաչափը` այդ թվում Ռուսաստանի հետ։

Ադրբեջանի հետ բանակցությունները երկկողմ ձևաչափով շարունակելու մասին Նիկոլ Փաշինյանը նաև ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս կայացած հեռախոսազրույցում։ Վերջինը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել։

Մեկնաբանել