Էլեկտրոնային ստորագրությունը մինչև նոյեմբերի 30-ը կլինի անվճար

Հայաստանում 2013-ից եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմիններին պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային կարգով: Այդ կապակցությամբ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն` հարկ վճարողների կողմից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկում նշված միջոցների հաշվին՝ սուբսիդիա տրամադրելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հավաստագրման կենտրոնն ապահովելու է նշված էլեկտրոնային ստորագրությունների շահագործումն ու սպասարկումը և հավաստելու էլեկտրոնային գործարքների իրականացման ընթացքում անձանց ինքնությունն ու նրանց էլեկտրոնային ստորագրության նույնականացումը։ Վարչապետը հիշեցրել է, որ պատկան մարմինները պետք է առաջարկություններ ներկայացնեն կառավարություն՝ ՀԴ նոր մեքենաների ներդրման ծախսը փոքր և միջին ձեռնարկությունների ուսերին չբարդելու վերաբերյալ։ «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Մեկ այլ որոշման փոփոխություն նույնպես վերաբերում է թույլտվության (հավաստագրի) էլեկտրոնային տրամադրման կարգին. այդ եղանակով են տրամադրվելու ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիներն ու բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունները։

Նիստում հաստատվել է նաև առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը, համավճարի ներդրման միջոցառումների ժամանակացույցը։

Մեկնաբանել