Կեղծ գովազդներ՝ IDBank-ի անունից. նպատակը բանկային տվյալներ կորզելն է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում IDBank-ի անունից տարածվում են կեղծ գովազդային գրառումներ, որոնցում բանկի հաճախորդներին առաջարկվում է մասնակցել հարցման և ստանալ 20 000 դրամ։ Գովազդային գրառումների իրական նպատակը, սակայն, հաճախորդների բանկային հաշիվներին հասանելիություն ստանալն է։

Վերջերս նույնաբովանդակ կեղծ գովազդներ էին տարածվում նաև «Ինեկոբանկի» անունից, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Գրառումը տարածվում է օգոստոսի 30-ին ստեղծված «Promo id» ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջը ստեղծվելուց օրեր անց՝ սեպտեմբերի 2-ին, տեղադրվել է IDBank-ի անունից կեղծ գրառումը, որն էջի միակ ակտիվությունն է։

Հարցման հղումը տանում է IDBank-ի պաշտոնական կայքէջը նմանակող կեղծ էջ։ Զեղծարարները օգտագործել են IDBank-ի պաշտոնական՝ idbank.am դոմեյնին մոտ՝ idiiapp.xyz դոմեյնը։

Էկրանապատկերը՝ կեղծ idiiapp.xyz և պաշտոնական idbank.am էջերից

Վատ թարգմանված հայերենով հարցերին պատասխանելուց հետո հայտնվում է պատուհան, որտեղ պետք է հեռախոսահամարը և գաղտնաբառը գրել։ Սա ֆիշինգային հարձակում է, որի նպատակը հաճախորդի մուտքանունն ու գաղտնաբառը ստանալն է, որից հետո զեղծարարները կարող են բանկային հաշիվները տնօրինել։

Նման դեպքերում հնարավոր է նաև, որ զանգահարեն և ներկայանան որպես բանկի աշխատող՝ խնդրելով հայտնել SMS-ով ստացված կոդը։

Էկրանապատկերը՝ կեղծ idiiapp.xyz կայքից

#CivilNetCheck-ի հետ զրույցում IDBank-ից ևս հերքել են իրենց կապը կեղծ հարցումների հետ։

Նման դեպքերում պետք է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնին, ինչպես նաև հիշել, որ բանկի աշխատակիցները երբեք չեն խնդրի հայտնել SMS-ով ստացված կոդը: Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր տվյալները կամ կասկածներ ունեք, պետք է դիմեք ձեր բանկին պաշտոնական հեռախոսահամարով։

Այսպիսով, IDBank-ի և այլ բանկերի անունից կեղծ գովազդային գրառումներ են տարածվում, որոնց նպատակը հաճախորդների բանկային հաշիվներին հասանելիություն ստանալն է։

Մեկնաբանել