Վրաստանում երեք մարդ կարել է բերանը՝ որպես բողոք հանքի շահագործման դեմ 

Ջումբեր Ցուցկիրիձեն, Գիորգի Բիցաձեն և Ամիրան Շեկիլաձեն կիրակի կարել են բերանները։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Մարիամ Նիկուրաձե, OC Media

Վրաստանի Շուքրութի գյուղի երեք բնակիչներ կարել են բերանները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել իրենց բողոքի վրա՝ ընդդեմ մանգանի արդյունահանման, ինչը վտանգավոր է իրենց տների համար։ Բողոքի այս վերջին ակցիան տեղի է ունենում տեղի բնակիչների ավելի քան հինգ ամիս շարունակվող բողոքի ցույցերից հետո:

Բողոք ակցիայի մասնակիցների վրանում կիրակի առավոտը մռայլ էր։ Մարդիկ հավաքվում էին վաղ առավոտից՝ իմանալով, որ ցուցարարներից ոմանք որոշել են դիմել իրենց շուրթերը կարելու ծայրահեղ միջոցին։

Վրանից դուրս նստած կանայք չէին կարողանում զսպել արցունքները՝ ասելով, որ իրենց չի հաջողվել ցուցարարներին հետ պահել այս քայլից։

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«Նրանք մեր որդիներն են և մեր ամուսինները։ Եթե ​​սա շուտով չավարտվի, մենք պատրաստվում ենք միանալ նրանց։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ նրանք այսպես մահանան»,- ասել է ցուցարարներից մեկը՝ մի կերպ զսպելով արցունքները։

Ցուցարարները որոշել են իրենց շուրթերը կարել օգոստոսի 26-ին այն բանից հետո, երբ Շուքրութիի մի խումբ բնակիչներ երկու օր առաջ չէին կարողացել ավարտին հասցնել բողոքի երթը դեպի Չորվիլա՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ծննդավայրը։ Երբ նրանք հասել էին գյուղ, տեղի բնակիչները փակել էին ճանապարհը մինչ ոստիկանները կանգնած էին նրանց կողքին։

Ջումբեր Ցուցկիրիձեն՝ տղամարդկանցից մեկը, որ որոշել է կարել իր շուրթերը, յոթ տարի աշխատել է Մղվիմեվիի հանքում որպես էքսկավատորի վարորդ նախքան այս տարվա հուլիսին աշխատանքից ազատվելը։ Դրանից հետո նա դիմել է դատարան։


Ջումբեր Ցուցկիրիձեն, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«Գուցե մեր բերանները կարելը կարող է ինչ-որ արդյունքի բերել. գուցե այս անգամ հասնենք մեր նպատակին,- OC Media-ին ասել է Ցուցկիրիձեն՝ հավելելով, որ ավելի քան հինգ ամիս անց կառավարությունը դեռ ուշադրություն չի դարձրել իրենց բողոքի ակցիաներին,- Մենք ուզում ենք, որ կառավարությունից ինչ-որ մեկը ներգրավվի և գործի որպես երաշխավոր, որ եթե մենք համաձայնության հասնենք ընկերության հետ, նրանք ապահովեն, որ այդ համաձայնությունն իրականացվի»։

Ցուցկիրիձեն ասել է, որ Չիաթուրայում հանքերի շահագործման արտոնագիր ունեցող Georgian Manganese ընկերությունը բազմիցս խաբել է իրենց, այդ թվում՝ 2021-ին բողոքի ակցիայից հետո, որի ժամանակ Շուքրութիից ութ մարդ մեկ ամիս շարունակ կարել էին իրենց բերանը։

Այդ անգամ ընկերությունը համաձայնագիր էր կնքել ցուցարարների հետ, սակայն այն այդպես էլ չիրագործվեց։

Ամիրան Շեքիլաձեն այդ ութ ցուցարարներից մեկն է. կիրակի նա կրկին կարել է շուրթերը, այս անգամ արդեն հուսահատությունից դրդված։

Ըստ Շեքիլաձեի, թեև նախորդ անգամ ինքը պատրանքներ չուներ, որ համաձայնագիրը ուժի մեջ կլինի, ցուցարարները պարզապես «այլևս չդիմացան» և այդպես ավարտեցին բողոքի ակցիան։

«Ես ավելի ու ավելի էի թուլանում։ Անտանելի էր։ Նույնիսկ կորցնում էի ձայնս։ Պետք էր վերջ տալ դրան: [Georgian Manganese]-ը չկատարեց իր խոստումը, նրանք չբերեցին Դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն, սակայն ինչ-որ այլ ընկերություն, որը նրանք էին վարձել, պատշաճ կերպով չգնահատեց մեր ունեցվածքը»,- OC Media-ին ասել է նա:

Գիորգի Բիցաձեն՝ երրորդ ցուցարարը, որ ևս կիրակի կարել է իր բերանը, նույնպես այս տարվա սկզբին ազատվել է աշխատանքից: Նրա շուրթերին երկու կար կա։ Վրանից դուրս գալիս նա դիմակ է դնում, որպեսզի չվախեցնի որդուն, որը կնոջ հետ միացել է բողոքի ակցիային։

Գիորգի Բիցաձեն, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«[Georgian Manganese]-ն ինձ հասցրեց այս կետին։ Սա ինչ-որ կատակ չէ, որ արել ենք այստեղ, մեր գյուղի ճակատագիրը, մեր ընտանիքների ճակատագիրն է մեզ ստիպել գնալ այս քայլին, մենք ընդհանրապես ոչ մի տեղ արդարություն չենք կարողացել գտնել։ Այսպիսով, մենք այստեղ ենք»,- ասել է նա:

Ցուցկիրիձեն OC Media-ին ասել է, որ իրենք անձամբ են կարել իրենց շուրթերը։

«Անկեղծ ասած, այդքան էլ ցավոտ չէր»,- ասել է նա:

«Կցավա, երբ ուզես հորանջել, հավատա ինձ»,- նրան ասել է 2021-ի ցուցարարներից մեկը։

Թե՛ վրանում, թե՛ դրսում մթնոլորտը ծանր ու տխուր էր, սակայն ցուցարարներից ոմանք տրամադրությունը բարձրացնելու համար, այնուամենայնիվ, կատակներ էին անում։ Կանայք միմյանց պատմում էին նոր ճաքերի մասին, որոնք ամեն օր գտնում են իրենց տներում: Նրանցից Թամարն ասում էր, որ տանը դեռ մի քիչ ցեմենտ ունի, և բետոն է պատրաստում և լցնում այդ ճաքերում։

«Ես պարզապես վախենում եմ, որ ինչ-որ տհաճ բան թափանցի ներս»,- ասել է նա:

Շուքրութիում բողոքի 173-րդ օրը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Մի քանի շաբաթ առաջ Georgian Manganese ընկերության ենթակապալառու Magharoeli ՍՊԸ-ն դատի է տվել ցուցարարներին՝ բողոքի հետևանքով ընկերության կրած վնասի համար պահանջելով 5 միլիոն լարի (1,9 միլիոն դոլար) փոխհատուցում: Դատարանի որոշմամբ արգելվել է բողոքի ակցիա անցկացնել հանքի մոտ, մինչ դատավարությունը շարունակվում է: Սակայն ցուցարարները շարունակել են իրենց բողոքի ակցիան սկզբնական վայրում՝ փակելով Կորոխնալի հանքավայրի մուտքը։

«Փոխանակ փորձեն բանակցել, մեզ դատի տվեցին և մեզանից հսկայական փոխհատուցում պահանջեցին։ Այդ գումարը կարող է նրանց համար չնչին բան լինել, սակայն մեզ համար՝ մենք երբեք չկարողանանք նման գումար տեսնել մեր կյանքում»,- OC Media-ին ասել է Բիցաձեն:

«Մենք ուզում ենք փորձել ճշմարտությունը ցույց տալ մարդկանց, պետությանը։ Ես պատրաստ եմ մեռնել այս ճշմարտության համար։ Իմ խոսքով, այս ձևով [կարած շուրթերով], եթե պետք է, որ 30 տարեկան տղան մեռնի դրա համար, ուրեմն թող այդպես լինի, տեսնենք»,- հավելել է նա։

Շուքրութիի բնակիչներն ի սկզբանե բողոքի ցույցերն սկսել են 2019-ին: Այդ պահից ի վեր բողոքի ցույցերը շարունակվել են ու դադարեցվել՝ առանց որևէ արդյունքի:

Մեկնաբանել