Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։
«ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024-ի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։ Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: