ԱԳ փոխնախարարը մանրամասնել է Սյունիքի ճանապարհին մասնավոր ընկերություն ներգրավելու հարցը

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերության փոխանցելու առաջարկի շուրջ պայմանավորվածության դեպքում Ադրբեջանում ևս նման ընկերություն պետք է լինի։ Նրա խոսքով՝ վերահսկողությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու պարագայում Հայաստանի մաքսավորներն ու սահմանապահները շարունակելու են կանգնել ճանապարհին։

Հարցին՝ հայկական, թե արտասահմանյան ընկերություն է իրականացնելու հաղորդակցության վերահսկղությունը, Սաֆարյանը պատասխանել է․ «Խոսվել է միայն դրա հնարավորության մասին։ Եթե հավելյալ տեղեկություն լինի, կհայտնենք»։

Փոխարտգործնախարարը հայտնել է, որ հարցի շուրջ ադրբեջանական կողմի հետ նախնական պայմանավորվածություն չկա։

«Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է։ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, պարզապես խոսվել է դրա (մասնավոր ընկերության – խմբ․) հնարավորության մասին»,- ասել է Մնացական Սաֆարյանը։

***

Օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու:

«Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները։ Հիմա շատ բանկերում և կազմակերպություններում, որ նախկինում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն էր իրականացնում, մենք կամաց-կամաց այդ ֆունկցիան պետականից արտապատվիրակում ենք, ասում ենք՝ մասնավոր ընկերությունները կարող են այդտեղ ներգրավվել։ Մենք այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք։ Իմ կարծիքով՝ ընկալումը դրական է և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել